Հորդոր սիրո և հանդուրժողականության

 
Երկու օր առաջ հանրությունը խորին ցավով
վերջին հանգրվան Եռաբլուր պանթեոն ուղեկցեց ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող, Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի անդամ
Վարուժան Ավետիսյանը հայտարարություն է 
տարածել, ուր մասնավորապես ասվում է.
 
- Սիրելի հայրենակիցներ
 
Սասնա Ծուռ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահը ծանր հոգեբանական ցնցում էր նրա հարազատների, մտերիմների, ընկերների և, առանց չափազանցության՝ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության համար:
 
Ժողովուրդը պատշաճ հարգանք և վերաբերմունք ցույց տվեց իր սիրելի հերոսին: Բազմահազար մարդիկ մասնակցեցին նրա հոգեհանգստին և հուղարկավորությանը, աշխարհի և Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպեցին նրա հիշատակը խնկարկող սգո միջոցառումներ, համացանցում արտահայտեցին իրենց ցավը, սերը, ինչպես նաև վշտակցությունն ու զորակցությունը Արայիկ Խանդոյանի ընտանիքին ու մերձավորներին:
Շատ շատերը դրամական կամ այլ միջոցներով, ինչպես նաև կազմակերպչական մասնակցությամբ աջակցեցին հուղարկավության հանձնաժողովին սգո միջոցառումների անցկացման գործում, օգնեցին Արայիկ Խանդոյանի ընտանիքին: Պետական մարմիններից իր աջակցությունը բերեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության և Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, բոլոր կամավոր աջակիցներին և ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ ցուցաբերած օժանդակության և մասնակցության համար:
 
Ցավոք սրտի, մթնոլորտի գերհուզականության պատճառով մեր որոշ հայրենակիցներ, այդ թվում՝ մեր Կուսակցության անդամներ և աջակիցներ, հիմնականում առցանց տիրույթում թույլ տվեցին անցանկալի, երբեմն՝ կոռեկտության սահմանն անցնող, զեղումներ, որոնք կամա թե ակամա կարող են վիրավորել տարբերվող տեսակետներ ունեցող մեր հայրենակիցների ու քաղաքացիների արժանապատվությունն ու զգացմունքները:
 
Հորդորում եմ լինել հանդուրժող, ոչ մի պարագայում չանցնել կոռեկտության սահմանը և չվիրավորել դիմացինին:
 
Համոզված եմ, որ Արայիկ Խանդոյանն իր լուսե ժպիտով կմիավորեր բոլորիս և կասեր, որ մենք նույն Հայրենիքի զավակներն ենք և պարտավոր ենք սիրել, հարգել ու հանդուրժել միմյանց:
 
Սեր և խաղաղություն ամենեցուն: