Լ՞անք, թե՞ խնդանք՝ նախաճաշն է ծանրացնում աշակերտի պայուսակը
ՎՏԱՆԳՎԱԾ Է ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԻՄՔԸ

Արդեն 25 տարի է, որ Հայաստանի կրթական ոլորտում փորձարարություն-«փորձարկումներ» են կատարում, որոնց պատճառով տուժում է կրթության որակը: Պարզվում է՝ նաև դպոցականների առողջությունն է վտանգվում:
Առողջապահության նախարարությունը վերջերս ԿԳՆ-ին հորդորել էր՝ թեթևացնել դպրոցական պայուսակները: Դեռ ԽՍՀՄ տարիներին այս խնդիրը միշտ պատկան կառույցների ուշադրության կենտրոնում է եղել: Եվ, ի տարբերություն անկախ Հայաստանի՝ դպրոցական պայուսակները գերծանրաբեռնումից զերծ են եղել՝ ընդամենը 4-5 դասագիրք, 1-2 տետր: Իսկ այսօր դասագրքերից բացի՝ ամեն առարկայի համար 5-6 տետր են պահանջում (համենայնդեպս՝ այսպես էին պնդում այն ծնողները, որոնց հետ զրուցել ենք այս թեմայի շուրջ)՝ չհաշված դասագրքերը: Ընդ որում՝ դպրոցն է որոշում, թե որտեղից և ինչ արժեքով տետր գնել: Սա էլ դեռ բավարար չէ, 48 էջանի բառատետրերը, որոնցից ընդամենը 1-2 թերթ է օգտագործվում ամբողջ տարվա ընթացքում՝ նույնպես ամեն տարի պիտի նորացվեն՝ դեն նետելով նախորդ տարվանը:
Բնականաբար՝ հազիվ թե դպրոցն առանց քաղաքապետարանի կամ ԿԳ նախարարության համապատասխան վարչությունների հրահանգի՝ նման պահանջներ ներկայացնի: Հայրենասիրական պաթոսով չենք ուզում ասել, որ տետրերի անհոգի այս դեննետումների պատճառով նորանոր ծառեր են հատվում, անտառներ նոսրանում, բայց հաստատ՝ ինչ-որ մեկի բիզնեսը բարգավաճում է:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն օրեր առաջ իր ասուլիսում անդրադարձավ այս խնդրին: Ու զարմանալի է, որ մեղադրեց նաև ծնողներին: Թող երեխաների նախաճաշը քիչ դնեն, պայուսակը կթեթևանա: Ֆեյսբուք սոցիալական ցանցում պաշտոնյայի նախադասությունը զվարճացրել էր ծնողներին: Ոչ մեկը բազմատեսակ ուտեստեղենով ծանրաբեռն նախաճաշ չի խցկում իր երեխայի պայուսակը. մեծավ մասամբ՝ դրա հնարավորությունն էլ չունեն: Իսկ նախարարն իր այս առաջարկով ակամա ակնարկեց աշակերտներին դպրոցական բուֆետ ուղղորդել, որը նոր ծախս է ծնողի համար, և… ինչ-որ մեկի բիզնեսն աշխուժացնելու միջոց:
Կրթական ոլորտի մյուս խնդիրը Երևանի պետհամալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետում արտասահմանյան գրականության ժամերի կրճատումն է՝ 6 կիսամյակից դարձնել 3 կիսամյակ: Դասախոսներն ու ուսանողները ընդվզել են, քանի որ անհասկանալի է, թե ինչու պետք է կրճատումը լինի հաղորդակցության տեսության առարկան ներառելու հաշվին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հավաստիացրել է՝ եթե անգամ կրճատվի արտասահմանյան գրականության դասաժամերը, ապա 1 կիսամյակով: Կրթական ոլորտի պատասխանատուներին հիշեցնենք, որ ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողները պետք է ոչ միայն ծանոթ լինեն, այլ խորությամբ ուսումնասիրեն արտասահմանյան գրականությունը:
ՀԳ. Երկու օր առաջ մայրենիի օրն էր, որը տոն պիտի լիներ, բայց... Մեր գոյության նախահիմքը վտանգված է: Ու փոխանակ բոլոր նախարարությունները մայրենի լեզվի պահպանման համար և դրա անխնա աղավաղումների դեմ քայլեր ձեռնարկեն՝ պատասխանատվությունն, ասես, թողել են միայն Սփյուռքի նախարարության վրա: Մինչդեռ ամեն օրը մայրենիի օր պետք է լիներ: Զարմանալի չէ՞, որ լուծարման սպառնալիքի տակ դեռևս գործող Լեզվի տեսչության փոխարեն (կամ՝ դրան զուգահեռ) չի ձևավորվում վարչապետին կից Հայերենի բարձրագույն խորհուրդը, որը 1995-2006-ին գործել է լեզվի տեսչությանը կից: Ավելին, այդ կառույցներին նաև ընդարձակ լիազորություններ պետք է տրվեն՝ կանխելու դարերի արհավիրքներն ու բոլոր մարտահրավերը պատվով հաղթահարած մեր լեզվի դեմ բոլոր մեղանչանքները: