Կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10000 դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ նախատեսվել է կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացում:
 
Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը 2026 թ. կավելանան 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թ. լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի անգամ ավելի շատ միջոցներ։ Միաժամանակ, հետվճարի չափերի ավելացումը կնպաստի անկանխիկ գործառնությունների ծավալների ավելացմանը։ Որոշման նախագծի ընդունման դեպքում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի հաշվառմամբ կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 56000 դրամ, իսկ միջոցառման շահառուների թիվը կանխատեսվում է 412000 անձ:  
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ըստ  էության, խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին: Բայց ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու,  մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետև մենք դրանք պետք է կայացնենք այնպես, որ  լրացուցիչ և հարակից էֆեկտներ ունենան: Այս մտածումները սկսել են այն ժամանակ, երբ 2019-ին 10 տոկոսով բարձրացրեցինք ուսուցիչների աշխատավարձը: Բայց հետագայում  պարզվեց, որ որոշումը բացարձակապես ոչ մի էֆեկտ չունի: Այնպես չէ, որ ուսուցիչները, որոնց աշխատավարձերը բարձրացրել են,  առանձնապես գոհ են,  ընդհակառակը՝ ուսուցիչների շրջանում անարդարության զգացում կար, թե պրոֆեսիոնալ հմտությունները հաշվի չեն առնվում և այլն: Դրա համար մենք ներդրեցինք կամավոր ատեստավորման համակարգը, և կարող ենք ասել, որ այն հաջողված է. այսօր ՀՀ-ում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա: Այն ճանապարհով, որ գնայինք, մենք երբեք այս ցուցանիշին չէինք հասնի»:
 
Անդրադառնալով կենսաթոշակներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակը գեներացվում է մարդկանց աշխատանքից, որը պետք է տեսանելի և ոչ ստվերային լինի և այս ճանապարհով թոշակառուներին  տրվում է նաև ստվերի կրճատման հարցում դերակատարում ունենալու հնարավորություն: 
 
Անդրադառնալով թոշակառուների անկանխիկ գնումների համակարգին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վիճակագրություն, որի համաձայն՝ կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է: «Մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որն էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որը մենք նրանց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում և դնում ենք իրենց առողջապահական համակարգի մեջ: Այսինքն՝ մենք նրանց համար բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք ենք ստեղծում»,- ասել է վարչապետը:
 
Վարչապետի հանձնարարությամբ՝ Երևանում օդի աղտոտվածության
և խցանումների խնդիրների լուծման համար կստեղծվեն աշխատանքային խմբեր
 
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է երկու նոր աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար: 
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ինչպես համացանցում, մամուլում, այնպես էլ անձնական դիտարկումներով արձանագրել է մի շարք խնդիրներ և  հանգել այն եզրակացության, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու աշխատանքային խումբ ստեղծել: «Աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ: Խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության հարցերով: Նախ՝ պետք է այդ խնդիրը արձանագրել մեր օրակարգում, հասկանալ և կոնկրետ լուծումներ տալ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ երկրորդ խումբն էլ կստանձնի երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման ուղղությամբ համակարգված աշխատանքները։
 
Գումար կհատկացվի «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին»
պետական նպատակային ծրագրի իրականացման համար
 
«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Որոշմամբ՝  2025 թ. պետբյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված գումարի ավելացման դեպքում, ըստ  «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի  կողմից ներկայացվող կանխատեսումների, նախորդ տարիներից և նոր սուբսիդավորվող մոտ 7589 ընտանիք (առանց առաջնային շուկայից օգտվող շահառուների) հնարավորություն կունենա շարունակելու օգտվել  ծրագրի շրջանակում պետության կողմից ստացվող սուբսիդավորման հնարավորությունից: Արդյունքում՝ հնարավոր կլինի ապահովել «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառման ոչ ֆինանսական ցուցանիշով սահմանված  թվով 690 նոր սուբսիդավորվող ընտանիքների, ինչպես նաև առաջնային շուկայից և ավելի  շահավետ պայմաններից օգտվող մոտ 72  շահառուների սուբսիդավորումը: 
 
«Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցն
առավել մեծ թվով այցելուների կսպասարկի
 
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Լոռի մարզի, Լոռի Բերդ համայնքի  Լոռի Բերդ Աշոտ Երկաթի փողոցի 46 թանգարան հասցեում գտնվող «Եկեղեցի», «Մեծ բաղնիք», «Փոքր բաղնիք» հուշարձանները, «Կիսաքանդ շինությունը», «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի զբաղեցրած հողամասն ամրացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի պահպանական միջոցառումների արդյունավետ կազմակերպման, օգտագործմանն առնչվող նպատակային ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների զարգացման և դրա հետ կապված պայմանագրային ծառայությունների մատուցման աշխատանքներն ապահովելու անհրաժեշտությամբ:  Արդյունքում՝ կապահովվի առավել մեծ թվով զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման հարցը, հնարավորություն կստեղծվի ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման, հուշարձանի հետագա պահպանության, լիարժեք օգտագործման և գիտական ուսումնասիրությունների կազմակերպման  համար: