Պետականության փիլիսոփայությունը
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից
Անկախ պետականակերտման հիմնահարցերի շուրջ նոյեմբերի 8-ին ես ելույթ ունեցա Երևանում կազմակերպված՝ «Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության» ֆորումում, որի տեսանյութը տեղադրել էի իմ Facebook-ի էջում: Ցավոք, տեսանյութի ձայնային հնչողությունը շատ վատ որակի է, ինչը դժվարացնում է տեքստի ընկալումը: Ավելին՝ ելույթիս սկիզբը (մոտավորապես 10 տոկոսը) բացակայում էր տեսանյութից, ինչը թույլ չէր տալիս դիտողներին հստակորեն հասկանալ ներկայացված քաղաքագիտական հասկացության էությունն ու արդիականությունը: Հետևաբար՝ որոշեցի համառոտակի մեկնաբանել ելույթս և ներկայացնել բացակայող մասը։
ՀՀ հազարավոր քաղաքացիներ զոհաբերեցին իրենց կյանքն այս ընտրության համար՝ վստահ լինելով իրենց ընտրության ճշմարտացիության մեջ: Սակայն փորձը ցույց է տվել, որ ազգերը միշտ չէ, որ ի վիճակի են բավարար ջանքեր գործադրել իրենց ընտրությունը լիովին պաշտպանելու համար: Պետության ընտրված մոդելի վերաբերյալ վստահ համաձայնություն չկար: Շատերը մնացին պատմականորեն պայմանավորված կեղծ համոզմունքների գերի: Առաջացավ ինքնորոշման և հաղթանակի վախ: Ավելի վատն այն էր, որ շատ քաղաքացիներ նոր պետականության մեջ տեսնում էին միայն իրենց անձնական կյանքն ուրիշների հաշվին ապահովելու հնարավորություն:
Պետականաշինության փիլիսոփայությունը սկսեց արագորեն փլուզվել, և ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հրաժարվել սեփական պետական ճշմարտությունից՝ նախընտրելով մասնակցել արտաքին ուժերի օրակարգին և փնտրել արտաքին հովանավորներ։ Սկսվեց մեր ժողովրդի ընտրության միտումնավոր արժեզրկումը՝ այն դիտարկելով որպես արտաքին ուժերի խարդավանքների արդյունք։ Այլ կերպ ասած՝ սկսվեց սեփական ընտրության ինքնաոչնչացումը, և հաստատուն կերպով ամրապնդվեց ընտրված ուղու անհուսության գաղափարը։ Ընտրած ուղու պարտությունը երաշխավորված էր, ինչը իրականություն դարձավ 2020-ականների սկզբին։
Հենց այստեղից էլ սկսեցի իմ ելույթը, որի մեջ, ի մասնավորի, արծարծված է այն գաղափարը, որ պետությունը սոցիալ-քաղաքական երեւույթ է և նրա արժեքը գերազանցում է այն կազմավորող քաղաքացիների կյանքի արժեքը: Պետականության փիլիսոփայությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ լիովին պահպանելով պետության կողմից սահմանված օրենքները, պարտավոր է երդվել իր կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին՝ իր պետությունը պաշտպանելու համար: Համաձայնվելով ընդունել այդ պետությունից անձնագիր՝ քաղաքացին չի կարող հրաժարվել զինվորական ծառայությունից և, նույնիսկ, կարող է պատժվել իր պետության բանակում ծառայելուց հրաժարվելու համար։
Ինչպես տեսնում ենք, պետությունը ապաստարան չէ անվճար պաշտպանություն փնտրող թույլերի համար: Այն մի հաստատություն է, որը պահանջում է զոհաբերություն իր քաղաքացիներից: Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի վստահ լինել, որ իր պետությունն արժանի է նման զոհողության: Այսինքն՝ նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց զոհաբերությունը խոր իմաստ ունի: Նման վստահություն է ի հայտ գալիս միայն այն ժամանակ, երբ նրանք զգում են անխզելի կապ պետության և արդարության ու արժանապատվության իրենց սեփական տեսլականի միջև։
ԽՍՀՄ վերջին տարիներին այդ պետության երկու ազգային-տարածքային կազմավորումների հայ ժողովուրդը որոշեց միավորվել մեկ պետության մեջ՝ դրանում տեսնելով իրենց ազգային կյանքի արդարացի կենսակերպը: Խորհրդային Միության սահմանադրության վերացման պայմաններում սա արդարացի կենսակերպ հաստատելու ամենալավագույն ընտրությունն էր:
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ





