Թուրքական ինքնության հարցի շուրջ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

ՀՀ իշխող համակարգի վարած արտաքին քաղաքականության նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավորինս մերձենալն է: Շատերն այն կարծիքին են, որ դա վաղուցվա խնդիր է և ուղղված է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխմանը՝ դեպի Արևմուտք: Իսկ Արևմուտք գնալու համար ճանապարհը, բնականաբար, Թուրքիան է, որի հետ հարաբերությունները նախ պետք է կարգավորել: Առաջին պլանում, ինչպես ենթադրվում է, ամենազգայուն հարցերն են՝ 1915թ. Հայոց ցեղասպանության թեման և այն խորհրդանիշները, որոնց վրա պատկերված է Արարատ լեռը: Թուրքիան հորդորում է ազգային խորհրդանիշներից հեռացնել Արարատի պատկերը եւ փակել Ցեղասպանության հարցը:
 
Դեռևս 90-ական թվականներին կար քաղաքական մի խումբ, որն այդ գաղափարն էր առաջ քաշում՝ համոզմունք հայտնելով, որ 1915-ի ողբերգական իրադարձություններն ունեցել են որոշակի աշխարհաքաղաքական պատճառներ: Այսինքն՝ Ռուսաստանը և Թուրքիան պատերազմական գործողության մեջ էին, որի ժամանակ էլ, ըստ թուրքական տեսակետի, օգտագործում էին հայերին: Եվ պնդում էին, թե հայերն ինչ-որ առումով մեղավոր են, քանի որ թույլ են տվել ռուսներն իրենց օգտագործեն ընդդեմ թուրքերի: Հիմնավորում էին նրանով, որ հայերը Թուրքիայում հարյուրավոր տարիներ խաղաղ ու հանգիստ ապրել են, որևէ խնդիր չեն ունեցել, ավելին՝ տնտեսական և մշակութային զարգացում էին ապրում մինչ ռուսները:
 
Այդպիսով՝ Թուրքիան, փոխանակ առերեսվելու իր պատմության հետ, փաստորեն, Արևմուտք գնալու գին է սահմանել Հայաստանի համար՝ Ցեղասպանության խնդրի վերանայում: Եվ հատկանշականն այն է, որ այսօր ՀՀ իշխանության մեջ գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հակված են վերարժևորելու անցած դարասկզբի մեր պատմության աղետալի էջերը: ԱԺ իշխանական պատգամավորներից մեկն ասում է՝ մեկուկես միլիոն զոհերի թիվը պետք է անուն առ անուն ճշտել՝ պարզելու համար, թե քանի հոգի է զոհվել և ինչ հանգամանքներում: Իշխանամերձ այլ շրջանակներից էլ տեսակետ է հնչում, թե հայերն, իբր, իրենց սխալ են պահել:
 
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ 2025թ. հունվարին տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է վարչապետը։ Վերջինս ոչ միայն կասկածի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը, այլև Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն քննադատության սլաքն ուղղում է հայերի կողմը:
 
1915թ. Հայոց ցեղասպանության վերաքննության գաղափարը Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել նաև խոհափիլիսոփայական իր տրակտատներից մեկում՝ «Պատմական Հայաստան և Իրական Հայաստան» երկում: Թեմայի վերաբերյալ կառավարող քաղաքական ուժի ու նրա արբանյակների պաշտոնական մոտեցումները, ըստ էության, ներհակ են գիտական մեկնաբանություններին, հայտնի հեղինակների, այդ թվում նաև թուրք պատմաբանների եզրահանգումներին: Անհիմն են բոլոր այն պնդումները, թե մեղքը Թուրքիայում բնակվող հայերինն է, հայերն, իբր, իրենց «սխալ են պահել» կամ այլ պետությունների կողմից օգտագործվել են ընդդեմ Թուրքիայի ու թուրք ժողովրդի:
 
Հեռու չգնանք, բերենք մի քանի օրինակ Թուրքիայի 20-րդ դարի պատմությունից, որտեղ չեն եղել ո՛չ արտաքին քաղաքական հետք և ո՛չ էլ տեղի փոքրամասնություններն իրենց առանձնապես «սխալ» են պահել, բայց, միևնույն է, թուրքի յաթաղանից չեն խուսափել: Այսպես՝ 1937-38թթ, Դերսիմ: Ուծացման կամ տեղահանության պատրվակով թուրքերը հարձակվում են մի քանի գյուղերի վրա, որտեղ քուրդ-զազաներ և կրոնափոխ հայեր էին բնակվում: Սպանվածների թիվը՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 14 հազար, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մոտ 70 հազար: Հաջորդը՝ 1955թ., հույների ջարդ Ստամբուլում, որտեղ շուրջ 100 հազար հույն կար: Բարեբախտաբար՝ մեծամասնությունը հասցնում է լքել քաղաքը: Ստամբուլում այժմ 2 հազար հույն է ապրում:
 
Օրինակների ցանկը մեծ է: 1978-ին ալեւիների ջարդեր եղան Մարաշում, որտեղ 8-10 հազար ալևի ընտանիք կար, կրոնով շատ մոտ՝ Սիրիայի ալեւիներին: Այդ օրերին, ըստ տարբեր գնահատականների՝ 150-500 զոհ են տալիս: Էլ չասած՝ Սիրիայի ալեւիների ցեղասպանության մասին, որ վերջերս տեղի ունեցավ Սիրիայի արևմուտքում՝ այն այժմ թուրքական ազդեցության գոտի է: Փաստերը վկայում են, որ թուրքերի կողմից այլազգի ժողովուրդների ջարդերը ո՛չ Առաջին համաշխարհային պատերազմի պատեհությամբ են պայմանավորված, ո՛չ վերջիններիս՝ արտաքին ուժերին ծառայելու հանգամանքով: Այդ պատճառները շատ ավելի խորքային են և հասնում են Թուրքիայի պետության ակունքներին:
 
Բայց Թուրքիայի ակունքներին հասնելուց առաջ անդրադառնանք որոշ շրջանակներում տիրապետող այն կարծիքին, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև մյուս ազգերի՝ հույների, քրդերի, եզդիների, ասորիների ջարդերը անխուսափելի էին, որովհետև խնդիրը սերտորեն առնչվում էր թուրքերի ինքնությանը: Ավելի ստույգ՝ սպառնում էր Թուրքիայի ինքնությանն ընդհանրապես: Հիմա հակիրճ դիտարկենք Թուրքիայի ավելի վաղ անցյալի պատմության մի քանի ուշագրավ էջեր՝ փորձելով «փնտրել» պետության ինքնությունը խարխլող ինչ-ինչ նախադրյալներ: Մասնավորապես՝ սկսենք Մեհմեդ 2-րդ սուլթանի կողմից Ստամբուլը (Կոստանդնուպոլիս) գրավելու ժամանակաշրջանից՝ 1450-ականներից:
 
Մեհմեդ 2-րդը, ըստ նրա որդու՝ Թուրքիայի հաջորդ սուլթան Բայազիդ 2-րդի գրառումների, իսլամի մարգարեներին չէր հավատում, այսինքն՝ հավատացյալ չէր, և իսլամը նրա համար պետականաշինության նշանակություն ուներ: Ստամբուլը գրավելուց հետո Մեհմեդ 2-րդը նույնիսկ եկեղեցի է կառուցել մոր պատվին, քանզի տեղեկություններ կային, որ նրա մայրը քրիստոնյա էր: Առհասարակ՝ այդ շրջանի աղբյուրներին թուրք պատմաբանները դժկամությամբ էին անդրադառնում, նրանց համար ծանր էր խոստովանել, որ օսմանների այդ տոհմի հիմքում ոչ թե թուրքեր էին, այլ կրոնափոխ քրիտոնյաներ: Բայց այս փաստը լիովին հաստատված չէ:
 
Ամեն դեպքում Մեհմեդ 2-րդից հետո Թուրքիան դառնում է կրոնական համայնքներից բաղկացած պետություն: Այսինքն՝ կրոնական համայնքները՝ «միլլեթները», ունեին հստակ իրավունքներ՝ ինքնակառավարման, կրթության ու ներքին դատական համակարգերի, կրոնական ծեսերի արտոնություններով: Հայերն, ի մասնավորի, ունեին հայերեն լեզվով դպրոցներ, եկեղեցի և այլն: Մոտավորապես սա կարելի էր նմանեցնել Խորհրդային միության մոդելի, ուղղակի ԽՍՀՄ-ը հանրապետություններից էր բաղկացած, իսկ սա վերտարածքային միավորում էր՝ ըստ համայնքների:
 
Արդյո՞ք քրիստոնեական տարրը կարող էր սպառնալիք լինել 16-17-րդ դարերում իր հզորության գագաթնակետին հասած օսմանյան կայսրության ինքնությանը՝ հազիվ թե: Դա արդեն Սուլեյման առաջինի գահակալման ժամանակն էր, երբ կայսրությունը տիրում էր Հարավարեւելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի հատվածին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն: Միայն հաջորդ տասնամյակներում և, հատկապես 18-րդ դարից սկսած, նույնիսկ 19-րդ դարում Թուրքիան կանգնեց լուրջ խնդիրների առջև, որովհետև Եվրոպայում արդիականացման նոր շրջան էր սկսել. կրոնը դուրս էր մղվել հանրային կյանքից՝ տեղը զիջելով նոր արժեհամակարգին:
 
Ողջ Եվրոպայում, ինչպես նաև Արևելքում, թափ էին ստանում ազգայնականության տրամադրությունները, որոնցով սկսել էին «վարակվել» թուրքերից տուժած բազմաթիվ ժողովուրդներ՝ արաբները, ալբանացիները, բնականաբար, նաև քրիստոնյա ազգերը: Թուրքիան դժվար էր հարմարվում նոր տեխնոլոգիաներին ու նոր հարաբերություններին, ինչի արդյունքում սկսեց ոչ միայն տնտեսական կախվածության մեջ մնալ եվրոպական երկրներից՝ առաջին հերթին Ֆրանսիայից և Բրիտանիայից, այլ նաև ռազմական պարտություններ կրել: 20-րդ դարասկզբին կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ՝ հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որն առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո:
 
Այդ վիճակում օսմանյան Թուրքիային ոչինչ չէր մնում, քան Կենտրոնական ուժերի կողմից միանալ Առաջին համաշխարհային պատերազմին, որի ծխածածկույթի հետևում կարող է անտեսանելիորեն իրականացնել իր հանցավոր ծրագրերը: Դա ամեն ինչից զատ՝ իր ազգի ինքնությունն անառիկ պահելու հրաշալի պատեհություն էր:
 
Դանիել ՓԱՆՅԱՆ
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ