Ավագանիական գզվռտոց՝ Երևանի քաղաքապետարանում

ՄԵՐՕՐՅԱ ԲԱՐՔԵՐ

Արտառոց միջադեպ է այսօր տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանում, որի մասին մանրամասներ է հաղորդել armtimes.com-ը:
 
Երևանի ավագանու անդրանիկ նիստի օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն ապակյա տարաներով կոյուղաջրեր են դրել իրենց աշխատանքային սեղանների վրա, որից գարշահոտ է տարածվել նիստերի դահլիճում:
 
Կոյուղաջուրը բերվել էր Նուբարաշեն ՔԿՀ-ին հարող տարածքից, որտեղ վթարված է կոյուղատարը: Այնուհետև «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից երկուսն ապակյա տարաներով մոտեցել են Տարոն Մարգարյանին՝ այդ ընթացքում կոյուղաջուրը լցնելով դահլիճի հատակին: 
 
ԵԼՔ խմբակցության ավագանիները փորձել են կանխել ծեծկտտուքը, սակայն ավագանու անդամ Գոռ Վարդանյանն ու մյուսները կանանց քաշելով, ապտակելով՝ հեռացրել են դահլիճից:
 
Ծեծկռտուքից հետո ոստիկաններ են ժամանել, և Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ բռնություն է կիրառվել իրենց նկատմամբ: Լրագրողներին դահլիճից դուրս են հրավրել՝ պատճառաբանելով, թե ընդմիջում է հայտարարվել:
 
Քիչ անց  շտապօգնության երկու անձնակազմ է հրավիրվել: Եվ, ինչպես «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն է պարզաբանել՝ պատասխանելով armtimes.com-ի լրագրողի հարցին՝ անձնակազմերից մեկը հոգեբուժական է, մյուսը հրավիրվել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի համար: Վերջինիս մոտ առաջացել են սրտի հետ կապված խնդիրներ, և ավագանու անդամը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն:
 
Մոտ մեկ ժամ ընդմիջվելուց հետո Երևանի ավագանու նիստը վերսկսվել է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել, որ եթե «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները հաջորդ անգամ էլ փորձեն խաթարել նիստի բնականոն ընթացքը, ապա կհեռացվեն դահլիճից: 
 
ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ձայն խնդրելով՝ Տարոն Մարգարյանի փոխարեն կատարվածի համար ներողություն է հայցել մայրաքաղաքի բնակիչներից, սակայն ակնարկել է, որ «Երկիր ծիրանի» խմբակցությունն է միջադեպի պատճառը դարձել: