Փաստորեն քննադատությունը շառ է՝ ըստ Վազգեն Մանուկյանի

ՁԵՎՆ ԱՌԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՈՉԻՆՉ Է

Հանրային խորհրդի մասին նախագծի երեկվա խորհրդարանական քննարկումն ակամա շատերի հայացքն ուղղեց դրա գործունեությանը:
 
- Հանրային Խորհրդի հիմնական նպատակն է հնարավորություն տալ հասարակությանը ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը՝ իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց,- խոշորատառ ծանուցում է ՀԽ-ի պաշտոնական կայքը, որտեղ դրա նախագահ Վազգեն Մանուկյանը հավելում է.
 
- Ավելին, ունենալով պետական և տեղական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավասություն, այն կարող է էապես նպաստել մեզանում կոռուպցիայի և անօրինականությունների նվազեցմանը, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությանը և երկրում բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացմանը:
 
Հրաշալի է ասված՝ եթե չփորձենք հիշել այս խոսքերից գեթ մեկի իրականացումը:
 
Նոր սահմանադրությամբ, հիշեցնենք, հանրային խորհրդի կազմն ընդլայնվում է՝ 36-ից դառնալով 45 և դառնում խորհրդատվական մարմին: ԱԺ-ում քննադատություններ, «պորտաբույծների, պարապների միություն» որակումներ հնչեցին խորհրդի գործունեության մասին: Ի դեպ՝ միակ քննադատները «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ էին: 
 
Ոմանք դա մտահոգ պատգամավորների պատահական քննադատություն չեն համարում: Բավական է փորփրել համացանցը և ընթերցել Հանրային  խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի քննադատությունը ԲՀԿ-ի, հեգնանքը ԲՀԿ-ի  ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին:  
 
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի ղեկավարը 2015-ին ընտրակեղծիքների մասին էր խոսել: Ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասել էր.
 
- Երբեմն մարդու ծիծաղը գալիս է, որ ընտրությունների ընտրակեղծիքներից խոսում են այն մարդիկ, ովքեր ժամանակին իրականացրել են ընտրակեղծիքներ:
 
Ասում են՝ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն երբեք չի մոռանում իրենց հասցեին ասված ոչ մի թթու խոսք՝ եթե անգամ ժամանակի ընթացքում շատ ջրեր են հոսում, ու ամեն ինչ հարթվում է:
 
Քննադատելու երկրորդ  առիթն էլ կա: Ըստ լուրերի՝ հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի: Հետևաբար, գուցե դաշինքը հո՞ւյս ունի այս «պոստը» սեփականաշնորհել: 
 
Մյուս կողմից, եթե մի կողմ թողնենք Վազգեն Մանուկյան-Ծառուկյան հին հակասությունները, ապա քննադատություններում ճշմարտության հատիկ կա: Ինչո՞ւ Հանրային խորհուրդը, ինչպես հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը, կամուրջ չէ հանրության-իշխանության միջև, ինչո՞ւ քչերը գիտեն այդ կառույցի մասին:
 
Անկեղծ էր Վազգեն Մանուկյանի խոստովանությունը, թե սխալ պատկերացումների պատճառն այն է, որ լրատվամիջոցների հետ ակտիվ չեն աշխատում: Բայց նրա նման փորձառու գործիչն արդյո՞ք 10 տարի պաշտոնավարելուց հետո միայն պետք է նկատեր լրատվամիջոցների հետ ՀԽ-ի թույլ կապի մասին: Եթե այդպես է, ո՞րն է պատճառը: Գուցե ֆինանսնե՞րը: Կարծես թե ոչ, քանի ՀԽ ղեկավարը վստահեցրեց՝ ֆինանսների ավելացման համար չի դիմելու: Ապա ո՞րն է:
 
Հստակ պատասխան չենք լսում: Միայն՝ փոխադարձ մեղադրանքներ ծառուկյանականների հասցեին, թե պատգամավորներն ունեն մեծ լիազորություններ,  կարող են ավելին անել, քան պետք է, բայց չեն անում: Իսկ եթե չեն անում, «շառը» թող իրենց վրա չգցեն: 
 
Իրականում՝ յուրաքանչյուրն իր անելիքների համար է պատասխանատու:
Եթե անկեղծ՝ ապա ԱԺ-ականների հասցեին քննադատությունների պակաս չկա, իսկ եթե ՀԽ-ի մասին ոչինչ չի ասվում՝ դա բնավ չի նշանակում, թե այս կառույցն անթերի է աշխատում: Պարզապես մոռացված, ավելի ճիշտ՝ չճանացված օղակ է, որի գոյության, առավել ևս՝ անելիքների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: 
 
Հատկապես ՀՀԿ-ական պատգամավորները պաշտպանեցին խորհրդի գործունեությունը, բայց նուրբ երանգով  ակնարկեցին, թե միշտ չէ, որ իշխանությունն ընդունում է ՀԽ-ի առաջարկները: Ձեռնպահ մնաց միայն կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ մատնանշելով միայն օրենսդրական պահանջը:
 
Կանխատեսումներ անելն անշնորհակալ  գործ է, բայց ինչ է տալու Հանրային խորհրդի կազմի մեծացումը հանրությանը, արդյո՞ք այդուհետ այն կաշխատի իր անվանը համահունչ՝ եթե իր գոյության տասը տարիների ընթացքում այդպես չի եղել: Այդ դեպքում փոփոխությունը կլինի «կոսմետիկ»՝ փոխվում է ընդամենը ձևը՝ ֆինանսավորման աղբյուրընախագահականից  կառավարություն տեղափոխվելով: Արդյո՞ք հստակեցվելու է Հանրային խորհրդի և պետական մյուս մարմինների փոխհարաբերությունների մեխանիզմը՝ գործուն դարձնելով այս օղակը: