Հանուն բարեկա՞րգ, թե՞ հանուն ծառազուրկ Երևանի

2800 ՇԱՏՐՎԱ՞Ն. ԻՆՉՈ՞Ւ

Գոտիները ձգելու ռեժիմը կարծես քաղաքապետարանին չի վերաբերում: Համայնքի բյուջեն տնօրինում են այնպես, ինչպես ուզում են:
 
Նախորդ տարվա վերջում ավագանին միաձայն կողմ  է քվեարկել մի նախագծի, որով Մյասնիկյանի արձանի ետնամասի այգին տրվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին՝ բարեկարգման համար, որից հետո՝ Երևանի 2800 ամյակին այն դառնալու է Երևան համայնքի սեփականությունը: Ըստ նախագծի՝ այգում պետք է լինի 2800 շատրվան, այն դեպքում, երբ Վազգեն Սարգսյան փողոցում արդեն կա 2750 շատրվան: Եթե քաղաքապետարանը շատ էր ցանկանում Երևանին «ջրի նման երկար կյանք» մաղթել 50 տարի առաջ իրագործվածի կրկնությամբ՝ կարող էր այդ 50 շատրվանները 2800 դարձնել կամ մտածել այնպիսի մի բան, որը չլիներ բնության հաշվին. առանց այդ էլ՝ մայրաքաղաքում կանաչ տարածքները չափից ավելի քիչ են:
 
Սակայն քաղաքապետարանը նախընտրել է իրեն նեղություն չտալ: Այգին հանձնել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին ու քաշվել մի կողմ: Զարմանալի է, բայց մինչ օրս այգին մասնավոր սեփականություն էր, իսկ թե ումն էր՝ առայժմ պարզ չէ: 
 
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին այգու բարեկարգումը հանձնելուց հետո ականատես ենք լինում ծառերի հերթական սպանդի: «Ելք» խմբակցության անդամներն ամրագրել են կտրված ծառեր, անմիջապես տեղեկատվությունը հրապակայնացվել է, որից հետո քաղաքապետարանից պարզաբանում են պահանջել: Ո՞վ և ի՞նչ իրավունքով է հատել ծառերը, եթե դրանց մեծ մասն ամեն տարի կանաչում էր:  Պատկերացնում ենք՝ քաղաքապետարանը մի քանի ժամ լռում էր: 
 
Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքապետարանի աշխատակիցների մի մասն անակնկալի է եկել, երբ լսել է հատված ծառերի մասին: Մի մասն էլ Վարդանյաններին արտոնել է՝ եթե ուզում եք՝ կարող եք մնացածն էլ կտրել: Ու ահա հասարակության բերանը փակելու համար քաղաքապետարանը տարածում է հերթապահ մի հայտարարություն՝ կտրվել են չորացած և ծերացած ծառեր, որոնց փոխարեն քառապատիկ ավելին ու ավելի որակյալները կտնկվեն: Մինչդեռ դառը փորձն արդեն սովորեցրել է՝ քաղաքի թոքերը հանդիսացող ծառերը մատաղվում են շինություններին: Տարրական նախապայման կա՝ մինչ այգին Վարդանյաններին հանձնելը մասնագետները պետք է ուսումնասիրեին, թե քանի ծառ պետք է կտրվի, որից հետո տրվեր մասնագիտական եզրակացություն: Բացի այդ, նոր տնկված ծառերը քանի՞ տարում պետք է աճեն (եթե, իհարկե, տնկվեն ու հասցնեն աճել), որ կարողանան նախորդ ծառերի գործառույթը կատարել: 
 
Իսկ այդպիսի եզրակացություն այդպես էլ չհրապարակվեց: Արդյո՞ք սա չի նշանակում, որ նորից պատկան կառույցն անմեղ ու աշխատասեր այն կենդանու ականջում քնած է: Կամ ինչո՞ւ միայն ա՛յս այգին որոշեցին 99 տարով դարձնել համայնքի սեփականությունը: Ինչո՞ւ այլ այգիներ, պուրակներ (օրինակ Սարյանի արձանի պուրակը, որի մասին գրել ենք) ևս համայնքային պամ պետական սեփականություն չեն հռչակվում՝ չար դիտավորություններից հեռու մնալու ազնիվ մղումով: 
 
Երկրորդ՝ եթե Մյասնիկյանի արձանի այգին համայնքի սեփականություն է, ապա ի՞նչ կարիք կա կտրել մի քանի տասնյակ ծառ: Կամ, արդյո՞ք Երևանի տոնը ջրային շատրվաններով պետք է տոնել: Մի՞թե մեր պատկան մարմինները  չեն գիտակցում, որ 2800-ամյա Երևանին լավագույն նվերը կլիներ դրա քաղաքաշինական տեսքը չաղճատելը և նրա հնության գոնե մի քանի պատառիկ պահելը: Այլապես անծանոթ այցելուներին թվում է, թե Երևանը 21-րդ դարասզբի ծնունդ է: Բացի այդ՝ քաղաքի տոնի գլխավոր հերոսները պիտի որ քաղաքաբնակները լինեն, որոնց նաև մաքուր օդ է անհրաժեշտ և որոնց խնդիրների լուծումն ու հարմարավետ կյանքը լավագույն նվերը կլիներ՝ եթե ինչ-որ մեկը բարեհաճեր այդպիսի թանկ նվեր մատուցել: