Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինյան կոռուպցիոն սկանդալի ու այլնի մասին

«ԻՆՁ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»

Վարչապետի խորհրդական Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննա Կաոլինին, վերջերս նշանակվեց վարչապետի օգնական՝ տնտեսական և ֆինանսական գծով:
 
Այն օրերին հարցեր առաջացան՝ օտարազգին հայրենի կառավարության ղեկավարին ի՞նչ խորհուրդներ պետք է տա: Այս և այլ հարցերի պատասխանն այսօր հնչեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ:
 
Վարչապետի խորհրդականը հիմնականում հնչեցնում էր զգույշ և հավասարակշռված պատասխաններ, որպեսզի դրանք որքան հնարավոր է՝ ինտրիգ չպարունակեն: Տպավորությունն այն է, որ վարչապետի օգնականը լավ պատրաստվել էր ասուլիսին՝ հավանաբար, կանխատեսելով  ինտրիգային հարցերը:
 
Արիաննա Կաոլինին հավաստիացրեց, որ իրեն հետաքրքրում է Հայաստանի տնտեսական զարգացումը, ոչ թե քաղաքականությունն ու կառավարությունը: Հետևաբար, փորձելու է հասկանալ, թե ինչ կարելի է անել այդ ուղղությամբ: 
 
- Եթե ես որևէ չնչին ձևով իմ հմտությամբ, փորձով, մասնագիտացվածությամբ կարող եմ նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ դա կանեմ,- հավաստել է Արիաննան: 
 
Նրա կարծիքով՝ մեկ-երկու տարի ժամանակահատվածը իրատեսական չէ՝ տնտեսական փոփոխություն տեսնելու համար: Ըստ նրա՝ եթե Հայաստանը համեմատենք նմանատիպ այլ երկրների հետ, ապա այս փուլում Հայաստանը լավ առաջադիմել է: 
 
- Ես Հայաստան առաջին անգամ եկել եմ 2007 թ., և տարբերություններն ակնհայտ են: Որպես քաղաքացի՝ կարող ես փողոցով քայլել և նկատել: Մարդկանց մտածելակերպն է փոխվել՝ ավելի բաց են, տնտեսությունն ավելի զարգացել է:  Յուրաքանչյուր տնտեսական զարգացման ծրագիր պետք է նախատեսի նաև հետ մնալու հնարավորություն՝ կրկին զարգանալու ակնկալիքով,-ասել  է վարչապետի օգնականը:
 
Նրա խոսքով՝ եթե ՀՀ կառավարությունը ճիշտ տնտեսական քաղաքականություն վարի և երկարաժամկետ ռազմավարություն որդեգրի, ապա արդյունք կլինի: 
Հարցեր հնչեցին նաև Արիաննայի ընտանիքի ու նրա քավոր Սերժ Սարգսյանի մասին: Լուրեր կան, թե Սերժ Սարգսյանն է միջնորդել Արիաննայի՝ վարչապետի օգնական դառնալու համար: Լևոն Արոնյանի կինը հերքեց այդ լուրերը: Իսկ արդյո՞ք հավաստի են այն խոսակցությունները, որ Արիանա Կաոիլիի հայրը բարձրաստիճան պաշտոնյա է եղել Ֆիլիպիններում և կոռուպցիոն սկանդալից հետո նրան հեռացրել են թալանի հետ կապ ունենալու համար: Վարչապետի խորհրդականն ասաց, որ իր հայրը  Ֆիլիպինների նախագահ Մարկոսի աջ ձեռքն է եղել, բայց երբեք կոռուպցիոն սկանդալի հետ կապ չի ունեցել.
 
- Իմ հայրը կոռուպցիոն սկանդալի հետ կապ չի ունեցել: Նա անգամ մականուն ուներ՝ Պարոն Մաքուրը: