Արցախի ԱՆ-ն թարմացնում է ՄԱԿ «հիշողությունը»

Մինչ աշխարհը բացահայտում է եվրոպացի տարբեր գործիչների կաշառելու ադրբեջանական հսկայածավալ համակարգի գաղտնիքները, ՄԱԿ-ում տարածվել է Ադրբեջանի արցախյան քաղաքականությունը մերկացնող հայկական փաստաթուղթը: Արցախի Հանրապետության արտգործնախարարության կազմած այդ փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և արծարծում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության՝ միջազգային իրավունքները ոտնահարող բնույթը:  
 
Փորձելով մեկուսացնել Արցախը՝ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է զարգացման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների, Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին դաշնագրերով։ Փաստաթուղթը հիշեցնում է, որ զարգացման իրավունքը անկապտելի է յուրաքանչյուր անհատի և ժողովրդի համար: 
 
Հղում անելով միջազգային իրավունքի մի շարք չափորոշիչների՝ այն ընդգծում է, որ անհատական և կոլեկտիվ իրավունքների ու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ սոցիալական և տնտեսական իրավունքների իրացումը չի կարող կախված լինել մարդկանց բնակության երկրի կարգավիճակից: Հետևաբար միջազգային ճանաչվածության բացակայությունը չի կարող ազդել միջազգային հարաբերություններում ներգրավվելու և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու՝ Արցախի Հանրապետության հնարավորության վրա։ 
 
ԱՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՄԱԿ անդամ երկրների հետ, որպեսզի հնարավոր լինի Արցախում կայուն և թափանցիկ տնտեսական գործունեություն ապահովել։
 
- Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց հերթին անում են հնարավորը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա լիարժեք կերպով իրացնել միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները, ազատորեն զարգացնել և իրացնել սեփական ներուժը։ Այս կերպ Արցախի իշխանությունները նպաստում են խաղաղ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայացմանը,-հաստատում է պաշտոնական փաստաթուղթը:
 
Թե այս փաստաթուղթը որքանով կհետաքրքրի Միավորված ազգերի կազմակերպության մեծուփոքր պաշտոնյաներին՝ առայժմ անորոշ է. օգոստոսի 23-ին ուղարկված փաստաթուղթը ՄԱԿ պաշտոնական կայքում հրապարակվել է սեպտեմբերի 1-ին, իսկ միջազգային կառույցների առօրյան, ինչպես երևում է, աշնանն է սկսում աշխուժանալ: Ադրբեջանը առայժմ չթուլացող եռանդով փորձում է տնտեսական ու մշակութային ամեն տեսակի միջազգային ստուգատեսների ժամանակ բողոքել Արցախի տաղավարների ու ելույթների դեմ՝ հաճախ ստանալով ՄԱԿ անդամ հյուրընկալ երկրների աջակցությունը: Շարունակում է կազմել «սև» ցուցակներ՝ այնտեղ ընդգրկելով նույն այդ պետությունների քաղաքացիների, ովքեր «համարձակվել են» օգտվել ազատ տեղաշարժվելու իրավունքից և այցելել Արցախ:
 
Ամեն դեպքում, նման փաստաթղթերի տարածումը միայն դրական երևույթ է, որովհետև կարող է լուսավորել աշխարհի բախտը վճռելու գործն ստանձնած ու հաճախ ձախողող որոշ պաշտոնյաների միտքը ու ելք հուշել միջազգային իրավունքի խճճված բավիղներում դեպի լույսը տանող ճնապարհը գտնելու համար: Ու նաև մտածելու տեղիք տալ՝ ՄԱԿ անդամ պետություննե՞րն են ավելի լավ հետևում միջազգային իրավունքներին, թե՞ միջազգային կառույցներից Արցախի նման մեկուսացվածները: