Գուցե Բաքո՞ւն կգոտեպնդվի Հոգլանդի խոսքերից

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞ՐՆ ԷՐ ՆՐԱ ԱՍԵԼԻՔԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի երեկվա հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց, թե որքան փխրուն է Ղարաբաղյան թեման, և անփութորեն արտաբերված ամեն խոսք կարող է փոթորկել հասարակական կարծիքն ու տրամադրությունները: 
 
Իսկապես՝ հրապարակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը, նա ոչ մի նոր բան չի ասել: Այլ խնդիր է, որ հեռացող համանախագահը կրկնում է 2007-ից ի վեր հնչող խրատաբանությունը.
 
- Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
 
Այդ դեպքում նրան հարց պիտի ուղղվեր՝
 
- Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդարացնո՞ւմ է իր գոյությունը, թե՞ նախահարձակ և պաշտպանվող կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկուսի համար նույն տոնայնությամբ խրատներ կարդալն է միայն այդ խմբի առաքելությունը:
 
Այնպես որ՝ իսկապես իրականությունից կտրված էր ոչ միայն Հոգլանդի ասուլիսային այս հայտարարությունը, այլև Մադրիդյան սկզբունքներ կոչվող 10-ամյա վաղեմության փաստաթուղթը, որի պարունակության որոշ դրույթներ վերաշարադրել է ամերիկացի համանախագահը:
 
Հակառակ պարագայում Սովետմիությունը փնովող ու դրա գերեզմանափոր երկրների ներկայացուցիչները չէին կարող բոլշևիկյան ինքնամոգոն հանրապետությանը նվիրաբերված հայկական տարածքներին վերաբերվել Լենինի ու Ստալինի չափանիշներով: Ասենք ավելին, բոլշևիկա-կոմունիստական ժամանկաշրջանում ապահովված էր այդ տարածքների խաղաղ բնակչության անվտանգությունը, ինչի հանդեպ գրեթե անտարբեր են միջազգային տարատեսակ կառույցները: Վկան՝ ադրբեջանցիների հանդուգն կրակահերթերն ու մահաբեր զենքերի կիրառումը՝ ոչ միայն Արցախի ու Հայաստանի սահմանները հսկող զինվորների, այլև խաղաղ բնակչության ուղղությամբ: 
 
Հուշենք Հոգլանդին և արցախյան հակամարտությամբ շահախնդիր բոլորին, որ Հոգլանդի նշած՝ «Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում» արտահայտությունը այնքան էլ ճիշտ չէ, զի այդ տարածքնեը երբևէ Բաքվի կողմից չեն վերահսկվել: Դրանք Մոսկվայի նվերն էին Բաքվին և Կրեմլի վերահսկողության ներքո էին: Իսկ անկախությունն արցախահայերը նվաճել են ոչ միայն միջազգային բոլոր պահանջների պահպանմամբ, այլ նաև՝ նույն Բաքվի սանձազերծած պատերազմում հաղթելով: