Անվստահության «քվե»

ՄԵՐԺՈՒՄԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 2-ը՝ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների օրը, արդեն հեռու չէ: Թվում է՝ ժամանակն է, որ մինչև օրս վերջնականապես չկողմնորոշված ընտրողները հստակ կերպով որոշած լինեն՝ ընտրատեղամասում իրենց ձեռքին հայտնված ինը քվեաթերթիկներից ո՞ր մեկի վրա են նշում անելու, քաղաքական ուժերից որի՞ն են ՀՀ ազգային ժողով ձևավորելու հնարավորություն տալու: Այդ ինը  կուսակցությունների ու դաշինքների ընտրացուցակներում ընդգրկվածների թվում, անշուշտ, կան նաև այնպիսիները, որոնց շատերը ոչ մի դեպքում չէին ընտրի, որովհետև չեն վստահում:
 
 Ստորև ներկայացնում ենք մեր հարցախույզը՝ «ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժին ձեր քվեն չէիք տա և ինչո՞ւ»  հարցով:
 
Վաղարտի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. սոցիալական աշխատող, Մարտունի 
 
- Երբեք և ոչ մի դեպքում չեմ ընտրի «Վերածնունդ» դաշինքին: Այս կեղծ ընդդիմադիր դաշինքը քաղաքական ծախվածության դասական օրինակ է: Այն երբեք չի ներկայացրել ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ երկրի շահերը: 2008թ., երբ ժողովուրդն իր կեսմիլիոնանոց քվեն մատուցարանի վրա հրամցրեց կեղեքող իշխանություններին, առհավետ կորցրեց նույն ժողովրդի վստահությունը: Հիմա ի՞նչ երեսով է շահարկում հասարակ քաղաքացու անունը: 
 
Սաթենիկ ՍԱՀԱԿՅԱՆ. տնային տնտեսուհի
 
- Չեմ ընտրի նրանց, ովքեր տարիներ շարունակ երկիրը կործանել են, բայց հիմա փորձում են սրբի դիմակով մարդկանց խաբել, ներկայանալ հայրենասիրության դիրքերից։ Խոսքս առաջին նախագահի ու նրա կողմնակիցների մասին է։ Նրանք այնքան հանգիստ են խոսում տարածքային զիջումների մասին, թվում է` դեմդ հենց թշնամին է հոխորտում։ Նրանց լկտիությունն այնտեղ է հասել, որ Տիգրան Մեծին են օրինակ բերում` իբր այսքան տարածք է զիջել։ Դա ստոր սուտ է, նրանք իրավունք չունեն հայոց մեծերի, մեր ազգի հերոսների անուններն իսկ արտաբերել։ Երկրի բախտը պետք է վստահել այն ուժին, որի օրոք Հայաստանում դրական փոփոխություններ են եղել, մեր սահմաններն ամրացել են և հույսի շառավիղ է բացվել։
 
Սուրեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ֆիզմաթի մասնագետ 
 
- Քաղաքականության համար ամենավտանգավորը ճամարտակներն են, այս քարոզարշավում նույնպես դրանցից շատ կան։ Օդային տեսիլքների այդ սիրահարները թող գնան դատարկ գլուխներ գտնեն, որպեսզի իրենց քարոզած հիմարություններով լցնեն։ Ես հույս ունեմ, որ իմ հայրենիքում դատող գլուխներն անհամեմատ շատ են, և այդպիսի ճամարտակներին Ազգային ժողովի մանդատի հնարավորություն չեն տա։ Իսկ ինձ համար ամենամերժելին անվանափոխված ՕԵԿ-ն է, որը եվրոպական արժեքների անվան տակ սկսել է այլասերության քարոզը։ 
 
Ապշում ես, թե մարդիկ ինչպես են նման խայծերը կուլ տալիս։ Հիմա կասկածում եմ` արդյո՞ք այդպիսիները սթափ են դատում։ Մնացածների մասին ի՞նչ ասեմ: Մարտի 1-ը եկավ-անցավ, իսկ իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչներ այնպիսի խանդավառությամբ են ընտրարշավ վարում` զարմանում ես, թե մարդիկ ի˜նչ կարճ հիշողություն ունեն։ Տասը հայ մարդու կյանք խլած խժդժությունների համար պատասխան չտալը և ծղրտոցով ձայներ հավաքելը, մեղմ ասած, ստորություն է։ 
 
ԼՏՊ-ն ևս չքմեղության բարձր կատարին է։ Չեմ հարգի այն մարդկանց, ովքեր նրանց կընտրեն։ Եվ ընդհանրապես, որ կուսակցության կամ դաշինքի քարոզարշավին հետևում եմ, դրանց շարքերում այնպիսի մարդիկ եմ նկատում, ովքեր լրիվ արժեզրկում են ներկայացվող նպատակներն էլ, ծրագրերն ու ամեն տեսակի խոստումներն էլ: Շատերը կան, ասում են՝ ով ուզում է լինի, միայն թե այսօրվա իշխանությունները չլինեն: Զարմանալի մտածողություն է: Իսկ ի՞նչ է՝ երեկվա իշխանություններն ավելի՞ լավն էին, հիմա նորից նրա՞նց իշխանության բերենք: Հայաստանի տնտեսությունը մեծագույն հաջողությամբ ավերած Հրանտ Բագրատյանի՞ն նորից վարչապետ դարձնենք…
 
Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ.  ուսուցիչ
- 1991-92թթ. Լևոնն իրականացրեց հավասարակշռման կամ բալանսավորման արտաքին քաղաքականություն: Միշտ համեստի մեջ էր, գլուխ չէր բարձրացնում, կոնֆլիկտներից խուսափում էր, վախենում: 1998-2008թթ. Քոչարյանն իրականացրեց կոմպլեմենտար քաղաքականություն, այսինքն փորձեց անդամակցել ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին: Հայաստանն արդեն երկար լեզու և ուժեղ դիրք ուներ այնքանով, որ ի դեմս Վարդան Օսկանյանի՝ մենք ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ, ԿԱՐԾԻՔ ու ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ էինք հայտնում, օրինակ, արաբա-իսրայելական կոնֆլիկտի վերաբերյալ, և մեզ լսում ու մեզ հետ հաշվի էին նստում: 2008թ. մինչև օրս Սերժ Սարգսյանը փորձում է պրոակտիվ կամ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն իրականացնել, սփյուռքահայությանը միավորելու քայլ արեց, հայտարարեց, որ բոլորն են ՀԱՅ՝ անկախ կրոնից և բնակության վայրից: Իսկ հետո ֆուտբոլային համարձակ դիվանագիտություն արեց, ինչը հասկանալի չէր կարող լինել թուրքին… 
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ տրվելիք իմ քվեին, ասեմ, որ նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկին չէի ընտրի: