Օր ծննդյան, օր՝ նախանշումների

ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

Մինչ մեր քաղաքական վերնախավը արձակուրդային հանգիստն է վայելում՝ նաև պատսպարվելով հայաստանյան հեղձուցիչ տապից, ՀՀ գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:
 
Այսօր նաև Կարեն Կարապետյանի ծննդյան օրն է, և «Ավանգարդ»-ը միանում է այդ առթիվ նրան ուղղված բարի մաղթանքներին: Գուցեև ճիշտ է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչ Դմիտրի Մեդվեդևը, ով կատակով թե լուրջ՝ իր շնորհավորանքին հավելել է.
 
- Իրականում ծննդյան օրը գործուղման ժամանակ նշելը լավ նախանշան է:
 
«Նախանշան» ասվածը մղում է ենթադրել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունվելիք որոշումները նպաստավոր կարող են լինել նաև Հայաստանի համար:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ հառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: 
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը: ԵԱՏՄ և Իրանի միջև համաձայնագրի բանակցությունների  ընթացքին, աշխատողների կենսաթոշակային ապահովմանը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները: 
 
Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում  Կ. Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի,
Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
 
Վերջինիս հետ քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում: