Հայաստան-ՆԱՏՕ-ն՝ ընդդեմ ռուս-թուրքական տանդեմի
«Ե՛Վ-Ե՛Վ»-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Ռուսահպատակ, այլոց ապավինող քաղաքական ու հանրային շրջանակները, չգիտակցված, թե Կրեմլից ինչ-ինչ ակնկալիքներով՝ փորձում են պարբերաբար համոզել, թե ռուսն ու Ռուսաստանը մեզ համար այլընտրանք չունեն: Եվ՝ «օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտը Հայոց լիս աշխարհը մտավ»:
Եթե մինչև ապրիլյան պատերազմը քիչ թե շատ վստահություն կար, որ գոնե ծայրահեղ վտանգի պահին մեր դաշնակիցն իրեն կդրսևորի որպես հավատարիմ գործընկեր, ապա քառօրյա պատերազմից հետո երկրի ապագայի պատասխանատուները հասկացան՝ ժամանակն է այլընտրանք որոնել անգամ ռազմական ոլորտում: Աշնանը ԵՄ հետ ստորագրվելիք շրջանակային համաձայնագիրը կարծես թե դառնալու է այլընտրանքի սկիզբը (եթե, իհարկե, ռուսական կողմը չփորձի խանգարել):
Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ Noble Partner 2017 զորավարժություններին, բացի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, Ուկրաինայից, Վրաստանից, մասնակցում է նաև Հայաստանը:
Զորավարժություններում ներգրավված են լինելու այս երկրների զինված ուժերի 2800 ներկայացուցիչներ:
Թեև հայկական կողմը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, թե ինչ ձևաչափով է մասնակցում զորավարժություններին՝ չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, բայց, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունն այս զորավարժություններին մասնակցում է՝ արդեն իսկ ուշագրավ է:
Եթե նույնիսկ այս զորավարժությունները ձևական բնույթ ունենան, ինչը քիչ հավանական ենք համարում, ապա Հայաստանը սրանով ցույց է տալիս, որ լինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ «և՛-և՛»--ի քաղաքականությունը կարելի է նաև պաշտպանական ոլորտում դրսևորել՝ սկսելով այսպիսի քայլերից:
ՆԱՏՕ-ի հետ հետաքրքրությունն ու Հայաստանի հետ համագործակցությունը նոր չէ: Հայտնի է, որ ՀՀ-ն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում ՆԱՏՕ-ի կողմից իրագործվող խաղաղապահ առաքելություններին՝ դեռ 2000-ականներից: Մեկ ամիս առաջ էլ Հայաստան էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրան: ԱԺ-ի նախագահը նրա հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը:
Հայաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործընթացներով:
ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան աստիճանաբար հեռանում է Արևմուտքից՝ մերձենալով Ռուսաստանի հետ: Ռուս-թուրքական տանդեմն ու օրեցօր խորացող հարաբերություններն այս տարածաշրջանում թուլացնում են ՆԱՏՕ-ի դիրքերը: Չի բացառվում, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Թուրքիայի փոխարեն սկսել է այլընտրանքներ որոնել այս տարածաշրջանում: Եվ միայն Վրաստանով չի կարող բավարարվել՝ այնտեղ ռազմաբազաներ ունենալով հանդերձ: Ու ահա այս զորավարժություններին Հայաստանի ներկայությունը այլընտրանքի որոնման կամ նախանշման սկիզբն է:
Բացի ռուս-թուրքական տանդեմից, որը վերջերս դրսևորվեց նաև C-400 զինատեսակի գնամբ, ռուս-ադրբեջանական հարաբերություններն էլ, ինչպես տեսնում ենք, բավական ջերմ են: Սա ևս չի կարող վրիպել Հյուսիսատլանտյան դաշինքի ու նաև Հայաստանի ուշադրությունից:
Ի վերջո, քանի՜ անգամ ենք համոզվել, որ ռուս-թուրքական (հիմա նաև՝ ռուս-ադրբեջանական) մերձեցման պտուղները կողմերը միշտ մեր երկրի տարածքային կորուստների հաշվին են են ճաշակել: Այդ ախորժակն այս անգամ զսպելու համար այլընտրանքային օղակ հաստա՛տ անհրաժեշտ է:
Բացի այդ՝ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը ընտրության հնարավորություն կընձեռի արցախյան գործընթացում և կարող է զսպիչ դերակատարում ունենալ՝ և դիվիդենտներ բերել մեր երկրին: