«Մի հատ եկեք, նստեք կամերը»

ՍԱՐՔՈՎԻ, ՇԻՆՈՑԻ ԳՈՐԾ

- Մի հատ եկեք նստեք էդ կամերը,-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  հայտարարեց  Սանասար Գաբրիելյանը, ով մեղադրվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար  Սամվել Բաբայանի  հանցակիցը լինելու համար:

Նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը: Սակայն Արմեն Պողոսյանն ասաց, որ դեմ չէ, եթե առանց  իր պաշտպանի նիստը շարունակեն: Նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը ամբաստանյալներից ճշտեց նրանց ինքնությունը` քաղաքացիություն, բնակության վայր, ազգություն: Դատավորը Սամվել Բաբայանից ճշտեց, որ նա նախկինում դատված է եղել:

Հիշեցնենք` ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը մեղադրվել ու կալանավորվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով: 
Դատավորը նաև ճշտեց` նախորդ անգամ համաներմա՞մբ  է ազատվել Սամվել Բաբայանը: Վերջինիս պատասխանը  բացասական էր` իրեն ոչ ոք չի ներել, առողջական խնդիրների պատճառով է ազատվել.

- Կարաք ոնց ուզեք ձևակերպեք, էսօր որ ստեղ նստած եմ` իրենց արածն է (նկատի ունի իշխանության):

Քանի որ  ամբաստանյալներից մեկի պաշտպանը չէր ներկայացել դատարան, դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել նիստը: Մինչ այդ դատավոր Արշակ Վարդանյանը կողմերի հետ դատական հաջորդ նիստի օրն էր ճշտում` դա դուր չեկավ Սամվել Բաբայանին ու Սանասար Գաբրիելյանին

- Մեզ չեք հարցնում՝ ձե՞ռք  է տալիս է, թե՞ ոչ։  Ես ասում եմ իրականությունը. անմեղ մարդուն բռնել- գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին  նշանակել,- ասաց Բաբայանը:

-Մի հատ եկեք նստեք էդ կամերը,- ավելացրեց Սանասար Գաբրիելյանը:

- Ես Ձեզ հասկանում եմ: Բայց պաշտպանական կողմն առաջարկեց...,- բացատրեց դատավորը:

- Պաշտպանը հով տեղ է նստած, դրա համար էլ էդպես է խոսում,- ասաց Սանասար Գաբրիելյանը:

Դատավորն առաջարկեց հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 7-ին ու հարցական նայեց Սանասար Գաբրիելյանին: Վերջինս ասաց, որ համաձայն կլինի անգամ օգոստոսի 1-ին:
Դատավորը բացատրեց, որ հետաձգելու պատճառն այն է, որ ևս երկու պաշտպան արձակուրդում են լինելու: Բայց օգոստոսի 28-ից ամեն երկուշբաթի դատական նիստ կլինի:

Դատական նիստի ավարտից հետո լրագրողները Սանասար Գաբրիելյանին հարցրին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր դեմ ներկայացված մեղադրանքին:

- Շատ վատ եմ վերաբերվում, սարքովի, շինոցի գործ,- ասաց ամբաստանյալը, ում վրդովված տարան  դահլիճից:

- Իրեն քաղբանտարկյալ համարո՞ւմ է Սամվել Բաբայանը:

Վերջինս անպատասխան թողեց րագրողների այս հարցը:

Ի դեպ` դահլիճում էր «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: