Գողն է գոռում` «բռնեք գողին». Շավարշ ՔՈՉԱՐՅԱՆ

ԿԱՆ ԿՆՃՌՈՏ ԾԱԼՔԵՐ

Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել. այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Քոչարյանի խոսքով՝ ԱԳ նախարարներն աշխատում են այդ առաջարկի ուղղությամբ:
Խոսելով Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից Ադրբեջանի հրաժարվելու մասին՝ Շավարշ Քոչարյանն ասաց.

- Ո՞վ է ավելի բարձր գոռում՝ «Բռնի՛ր գողին»: Հենց գողը: Եվ միայն «գողին» է շահեկան, որպեսզի որևէ հետաքննություն չլինի:

Հարց հնչեց նաև Հայաստան-Իսրայել հարաբերությունների մասին: Գործադիր մարմնի անդամն ասաց, որ  Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների միջև կան ընդհանրություններ ու կնճռոտ ծալքեր: Երկու պետությունների միջև պետք է երկխոսություն ծավալվի` միմյանց ավելի հասկանալի դառնալու և առկա կամ հետագա հնարավոր թյուրըմբռնումները հարթելու, դրանցից խուսափելու համար:

Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին. այդ հարցը Հայաստանը բարձրաձայնե՞լ է Իսրայելի նախարարի հետ  հանդիպմանը:

- Իսրայելը զենք կվաճառի բոլորին, այդ թվում` նաև մեզ,- ասաց  փոխարտգործնախարարը:

«Իսկ մեր կողմից կա՞ նման ցանկություն» հարցին Շավարշ Քոչարյանի պատասխանը հստակ չէր` նայած թե ինչ պայմաններ ու գին կառաջարկի Թել Ավիվը:
 

Հետաքրիր է` եթե հարմար գին առաջարկվի, Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի Իսրայելի այդ առաջարկին ու մեր ցանկությանը: