«Միանշանակ սա քաղաքական հետապնդում է». ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆԸ ՍԿՍԵՑ ՔՆՆԵԼ ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանն այսօր սկսեց քննել ընդդիմադիր գործիչ, մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի բողոքը քննիչի և դատախազի գործողությունների դեմ:
 
Սա Անդրիաս Ղուկասյանի մասնակցությամբ առաջին բաց դատավարությունն է: Ընդդիմադիր գործչի դեմ բուն մեղադրանքով դատավարությունը դեռ չի մեկնարկել․ մինչ այս դատարանը միայն խափանման միջոցի վերաբերյալ է նիստեր անցկացրել, որոնք բոլորն անցել են դռնփակ:
 
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը մտադիր է եղել կազմակերպել զանգվածային անկարգություններ՝ նպատակ ունենալով խոչընդոտել իրավապահներին՝ խափանելու«Սասնա ծռերի»-ի գրաված ՊՊԾ գնդի տարածքն ու ազատելու պատանդներին:
 
Ինչպես տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը՝ ըստ բողոքի, նախ քննիչն իր որոշումներով թույլ չի տվել, որ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանությունը իրեն արդարացնող ապացույցներ ձեռք բերի, ապա դատախազը մերժել է քննիչի որոշումների դեմ բոլոր բողոքները:
 
- Գտնում եմ, որ քննիչի գործողությունների արդյունքում զրկվել եմ մեղադրանքից պաշտպանվելու փաստացի հնարավորությունից: Իսկ դատախազը անտեսել է այդ ճչացող փաստերը, - դատարանում հայտարարեց Ղուկասյանը:
 
Նա, մասնավորապես, մեջբերումներ արեց երկու ոստիկանների՝ իր դեմ տված ցուցմունքներից՝ նշելով, որ դրանք պարզապես մեկը մյուսի պատճենն են և հակասում են առերեսման ժամանակ ոստիկանների ասածներին:
 
Սակայն քննիչը մերժել է այդ ցուցմունքները փորձաքննության ենթարկել․ 
 
- Սուտ ցուցմունքներից պաշտանվելու համար միջնորդել եմ դատահամակարգչատեխնիկական և լեզվահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որպեսզի ստուգեն, թե հնարավոր է արդյոք, որ հարցաքննության արձանագրությունները ստացվել են մեկը մյուսի տեքստի պատճենահանման, խմբագրման արդյունքում․․․ Միջնորդությունը մերժվել է:
 
Ըստ Ղուկասյանի բողոքի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ իր դեմ ցուցմունք տված այլ վկաներից մեկն ունի հոգեկան առողջության հետ խնդիրներ և հաշվառված է Ավանի բժշկական կենտրոնում: Մյուսը ալկոհոլից կախվածության համար հաշվառված է Գորիսի բժշկական կենտրոնում: Բացի այդ, վկաներից մեկը թաքցրել է իր նախկին դատվածությունն ու ազգակցական կապերը ոստիկանությունում:
 
Վկաների դատահոգեբանական փորձաքննությունը, ըստ Ղուկասյանի, տարօրինակ եզրակացությամբ է ավարտվում, չի հասկացվում՝ վկան առո՞ղջ է, թե՞ հիվանդ․ 
 
Ուշագրավ է, որ հենց այս վկաներից մեկն է նշել, որ Անդրիաս Ղուկասյանից քարեր հավաքելու կոչեր է լսել: Պաշտպանի միջնորդությունը՝ վկաների ցուցմունքը եղած տեսանյութերի հետ համադրելու և իսկություն պարզելու համար, մերժվել է:
 
- Սա ինչ-որ գաղտնի, ոչ-թափանցիկ իրադարձություններ չեն, ամբողջ ազգը տեսել է այդ իրադարձությունները: Եվ ինչպես է ստացվել, որ Պապիկյանը լսել է իմ կոչերը, իսկ լրագրողները չեն արձանագրել, կարելի էր հասկանալ, եթե Պապիկյանը ցույց տար՝ ինքը որտեղ է կանգնած եղել, որ կարողացել է դա լսել՝ ի տարբերություն գործով անցնող մյուս վկաների:
 
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն ավելի կտրուկ է արտահայտվել՝ ասելով, թե ընդդիմադիր գործչի «գլխին պարզապես սարքում են»․
 
- Պետք է նստացնել: Իսկ ավելի հստակ՝ որովհետև օբյեկտիվ քննություն չի գնում: Որոշված է, որ Անդրիաս Ղուկասյանին պետք է վերագրեն այս անհեթեթ մեղադրանքը և դրանով տանեն դատարան և, հավանաբար, դատեն:
 
Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն էլ համոզված է, որ ամուսնուն քաղաքական դրդապատճառներով են հետապնդում․ 
 
- Այնքան ցնցված եմ, այնքան ազդված եմ․․․ Ասում եմ, Աստված իմ, էս մի տարի մեր տառապանքները՝ իմ, իմ երեխայի, Անդրիասի ծնողների, իր հայրիկի, որ վերջերս մահացավ և այդպես էլ չտեսավ իր երեխային․․․ այս բանի համար է՞ր, այս ցուցմունքների, այս կեղծարարության հիման վրա է՞ր էդ ամեն ինչը արված․․․ Ակնհայտորեն սուտ, սուտ, սուտ․․․ և ո՞վ է պատասխան տալու դրա համար: Միանշանակ սա քաղաքական հետապնդում է: