Ադրբեջանին սիրաշահելու որոնումներում

«ԱՅՆ Ո՞Ր ԵՐԿԻՐՆ ԷՐ, ՈՐ...»

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է երկշաբաթյա միջազգային զորավարժության մասնակից պետությունների ցանկը՝ տեղեկացնելով, որ այդ նպատակով 22 երկրից արդեն ավելի քան 1200 զինվորականներ մուտք են գործել Ռուսաստան: 
 
Ուշադրություն դարձնենք՝ զորավարժության կազմակերպիչների շարքում Հայաստանի անունը նշված չէ, փոխարենը Ադրբեջանն ու Բելառուսն են ընդգրկված: Արդյո՞ք ՀՀ կարծիքը կամ ցանկությունը հաշվի է առնվել՝ նրա մասնակցության առումով: Այս զորավարժություններից հետո Մոսկվան կտարփողի, թե դա ևս մի քայլ էր՝ ղարաբաղյան հակամարտության կողմերին հանդիպեցնելու ճանապարհին: Բայց Հայաստանի համար որքանո՞վ է նպատակահարմար՝ իր սահմաններն անընդմեջ հրետակոծող, քաղաքացիական բնակավայրերը նշանառության տակ պահող պետության հետ համատեղ զորավարժությունների մասնակցելը:
 
Սոչիում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպման վերաբերյալ մանրամասները շարունակում են անհասանելի մնալ: Պաշտոնական հաղորդագրությունները միայն տարածաշրջանի ու անվտանգության վերաբերյալ ընդհանուր ձևակերպումներ են ներկայացնում: Հետաքրքիր է, որ տեղեկատվություններում խոսք չկա ղարաբաղյան խնդրի մասին:
 
Իհարկե, սա չի նշանակում, որ այդ թեման չի արծարծվել, և դրա շուրջ խորհրդավոր այս լռությունը, մեղմ ասած՝ խոստումնալից չէ մեզ համար: 
Հայաստանին ժպտալով՝ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մոսկովյան ճարպկախաղն այլևս չի ստացվում, և բավական ինքնուրույն արտաքին և ռազմական քաղաքականություն վարելով՝ Բաքուն, իսկապես, գլխացավանք է դառնում ՌԴ համար:
 
2016-ի ապրիլյան քառօրյայից հետո Մոսկվան այլևս չի կաողանում օգտագործել ղարաբաղյան հաղթաթուղթը, որը կենսունակ էր պահում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: 
 
Մի խոսքով, փակուղային այս իրավիճակն անվտահության պատ է կանգնեցրել Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում, ինչը, սակայն, կարծես ավելի  շատ մտատանջում է ռուսական կողմին: Վերջինս հայտնվել է անորոշության մեջ, որից ելքը դարձյալ Հայաստանի հաշվին ինչ-որ ռևերանս գտնելը կլինի:
 
Այսպես մտածելը բնավ հակառուսական կողմնորոշում չէ: Եվ ոչ էլ՝ արևմտասիրություն կամ եվրոպամիտություն: Պատմության արձանագրած իրողություննեի դեմ ի՞նչ զենքով կռվես:
 
Արխիվային գզրոցներ քրքրել պետք չէ. լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը նաև այդ փաստերի մի փունջ է ժառանգել մեր այսօրվա ռազմավարական գործընկերոջ հարյուրից ավելի տարիներ ի վեր որդեգրած կեցվածքից: Ահավասիկ նրա՝ «Դեպի կործանում տանող հին ճանապարհը» հոդածի հարցադրումներից մի քանիսը.
 
● Այն ո՞ր երկրի թագավորն է գրել, թե հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով:
 
● Ո՞վ է Անդրկովկասի նահանգների սահմաններն այնպես որոշել, որ պատմական Հայաստանի հողերը հայկական հոծ բնակչությամբ (Ուտիք, Արցախ, Սյունիք, Լոռի, Ջավախք) մնան Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգներում, որպեսզի հետո՝ դրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս մնան կամ Հայաստանի ու իր հարևանների միջև պատերազմի պատճառ դառնան:
 
● Ո՞վ էր 20-րդ դարի սկզբին Անդրկովկասում զինում հայերի հարևան մահմեդականներին հայկական ջարդեր կազմակերպելու համար: 
 
● Ո՞ր երկիրը պաշտոնապես հայտարարեց և իր սկզբունքը դարձրեց «Հայաստանն առանց հայերի» քաղաքականությունը:
 
● Ո՞ր պետության զորաբանակների աչքի առաջ ոչնչացվեց ու տեղահանվեց Արևմտահայաստանի ամբողջ հայությունը, և այդ զորաբանակները որևէ օգնություն ցույց չտվին հայերին: (Ծանոթ ձեռագիր է, չէ՞- խմբ.)
 
● Այն ո՞ր երկիրն էր, որ մահացող Թուրքիային կենդանացրեց՝ մեծ քանակությամբ զենք, հանդերձանք, ոսկի տրամադրելով նրան (այսօր էլ Ադրբեջանին է զինում- խմբ):
 
● Այն ո՞ր երկիրն էր, որ քեմալական Թուրքիայի հետ պայման կապեց Հայաստանի Հանրապետությունը իրար մեջ բաժանելու մասին:
 
● Այդ ո՞ր բանակն էր, որ կռվում էր Զանգեզուրը գրավելու և Ադրբեջանին միացնելու համար: 
 
● Այդ ո՞ր երկիրն էր, որ Կարսն ու Սուրմալուն Հայաստանից անջատեց ու 1921թ. հատուկ պայմանագրով համարեց Թուրքիայի մասը:
 
● Այդ ո՞ր երկիրն էր, որ 1921թ. Նախիջևանը նվիրեց Ադրբեջանին և դեռ Շարուրն էլ միացրեց Նախիջևանի մարզին ու նույնպես անջատեց Հայաստանից:
 
● Այն ո՞ր պետությունն էր, որ 1921թ. Արցախը նվիրեց Ադրբեջանին:
 
● Այն ո՞ր պետությունն էր, որ պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանը Թուրքիայից որևէ հողային պահանջ չունի:
 
● Այդ ո՞ր երկրի ղեկավարությունն էր, որ 1988թ. փետրվարի 20-ին հայտարարեց Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության և Արցախը Ադրբեջանի կազմում մշտապես մնալու մասին: