Իսկապես, հարցը գին ունի

Ու ԱՅԴ ԳԻՆԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԱՐՅԱՄԲ ՉՊԵՏՔ Է ՎՃԱՐՎԻ

Արցախի ու Հայաստանի սահմաները գնդակոծելը Ադրբեջանը սովորական առօրյա է դարձրել, իսկ միջազգային հանրությունն իր լռությամբ շարունակում է գոտևորել ազգովի ելուզակ դարձած ադրբեջանցիներն: Լռում են նաև նրանք, ովքեր կոչվա՛ծ են տագնապ հնչեցնել: Ու ոչ միայն անբարո լռությամբ են գոտևորում, այլ նաև զենքով են ապահովում տարածաշրջանը մշտապես լարման մեջ պահող ստահակներին:
 
Մինչ մեր ռազմավարական դաշնակից պուտինյան Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զինելու իր քայլն անհեթեթ բացատրություններով արդարացնել, նրա զինպահեստների «հաճախորդ» ալիևխանան որոշել է Կրեմլի ղեկավարին նույնպես դիմավորել Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի գնդակոծման համազարկերով:  
 
Սոչիում տեղի ունեցող Պուտին-Ալիև հանդիպման օրը ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան և Չինարի գյուղերը: Ադրբեջանական դիրքերից հուլիսի 21-ին կրկին կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի դաշտերի ուղղությամբ ու խաթարել գյուղատնտեսական աշխատանքները՝ կրակելով դաշտում աշխատող տեխնիկայի վրա: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը՝ դարձյալ նյութական մեծ վնասներ հասցնելով խաղաղ բնակչությանը:
 
Պուտին-Ալիև անդիպման արդյունքները դեռ հայտնի չեն, բայց եթե Պուտինն այս անգամ էլ շարունակի անտեսել փաստը, ակամա հակվում ես մտածել, որ ճիշտ են ու ճիշտ ժամանակին են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու կոչերը: 
 
Ադրբեջանցիներին զենք վաճառելու փաստին այսօր անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ ռազմավարական դաշնակցի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը խնդրահարույց և կնճռոտ հարցերից է հայ-ռուսական հարաբերություններում:
 
- Փակ քննարկումներ ենք ունեցել վերջին այցի ընթացքում, և մեր ռուս գործընկերներից շատերը կիսում են մեր մտահոգությունները: Իրականում հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ և կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք,- ասել է Ա. Աշոտյանը և հավելել.
 
- Բացատրությունները, որոնք մենք լսում ենք, օրինակ, որ դա բացառապես տնտեսական գործարք է, իհարկե մեր կարծիքով քննադատության չեն դիմանում։ Մենք հնարավորություն ունեցել ենք այդ խնդիրը քննարկել ռուս քաղաքական գործիչների հետ, նրանց մի մասը կիսում է մեր մտահոգությունը։ Հարցն ունի գին ու պետք է արդյոք այդ գինը վճարել հայ- ռուսական հարաբերությունների հաշվին: