Արցախյան ընտրությունը` օտարի աչքով

Արցախի խորհրդարանում երեկ տեղի ունեցած իրադարձությանն է անդրադարձել ռուսալեզու infox.ru կայքը: Միշտ էլ հետաքրիր է, թե օտար լրատվամիջոցն ինչ տեսանկյունից է դիտարկում չճանաչված հայկական հանրապետությանն առնչվող կարևոր իրադարձությունները և հատկապես ինչն է կարևորում: Ուստի լուրերի բաժնում թողարկված «Սահակյանը վերընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ» հաղորդագրությունը ստորեև մեջբերում ենք թարգմանաբար.

- Բակո Սահակյանը վերընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահի պաշտոնում` եռամյա անցումային շրջանի համար:

Կովկասյան չճանաչված պետության ընտրություններն անցել են կառավարման նախագահական համակարգին անցնելու շրջանակում:

Սահակյանի մրցակիցն է եղել խորհրդարանական «Շարժում-88» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանել է 4 պատգամավոր 32-ից, մնացած 28-ը Սահակյանի օգտին են ձայն տվել:
Ինչ վերաբերում է խորհրդարանի խմբակցություններին, ապա առկա հինգից երեքը պաշտպանել են Սահակյանի թեկնածությունը: Նրա դեմ է քվեարկել «Վերածնունդ» ընդդիմադիր խմբակցությունը:

Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ինտերֆաքսին» հաղորդել էր, որ նոր սահմանադրության համաձայն` 2017-2020թթ. անցումային փուլ է, որի ավարտից հետո` 2020թ., նախագահական և խորհրդարանական ընտրություններ  են անցկացվելու:
ԼՂՀ-ի ընտրությունները դժգոհություն են առաջացրել Բաքվում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները  Լեռնային Ղարաբաղն իրենց տարածքն են համարում:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը ընդգծել է, որ ինքնահռչակ հանրապետության  անցած բոլոր ընտրությունները միջազգային հանրությունը չի ճանաչել:

Օտար լրատվամիջոցները դեռևս չեն յուրացրել ու հավանաբար ոչ էլ կարևոր են համարում, որ նոր սահմանադրությամբ ԼՂՀ-ն արդեն Արցախի Հանրապետություն է կոչվում: Լրատվամիջոցը Արցախը համարել է կովկասյան պետություն: Եթե խորհրդային ժամանակներում մեր տարածքները գոնե Անդրկովկաս էին անվանում, հիմա աշխարհագրական նման կարգի նրբություններին նշանակություն չեն տալիս: Ամենակարևորը, իհարկե, համարել են Բաքվի դժգոհությունը նշելը և միջազգային հանրության կողմից արցախյան հին ու նոր ընտրությունները չճանաչելու փաստն ընդգծելը:

Եվս մեկ առանձնահատկություն` հաղորդագրության մեջ ոչ մի տեղ բնակչության ազգային պատկանելության մասին ակնարկ չկա: Անտեղյակ ընթերցողի մտքով իսկ չի անցնի, որ չճանաչված ԼՂՀ-ն հայկական պետություն է:

Այսուհանդերձ, որքան էլ որոշ լրատվամիջոցներ ամենատարբեր առիթներով ջուր լցնեն ադրբեջանցոց նավթաղացներին, Արցախի քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելով` փաստում են, որ անկախ աշխարհի վերաբերմունքից` նա ապրում է աշխարհում ընդունված գործընթացների տրամաբանությամբ: