Իսկ կարևո՞ր է՝ մեկ տարի առաջ անուն հնչեցնել

«ՄԵՍԻՋՆԵՐ»՝ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՆ

Արցախի խնդրի,  սահմանային լարվածության, հայ-ռուսական հարաբերությունների,   2018 թ.վարչապետի մասին  է խոսել ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ մեր գործընկերուհու հետ հեռուստազրույցում:

Ըստ էության, ՀՀԿ ղեկավարը որևէ սենսացիոն հայտարարություն չի արել, բայց մի քանի ակնարկներ հղել է արտաքին աշխարհին: Ավելին՝ կարելի է նաև մտածել, որ նրա ամբողջ ելույթը գերազանցապես ուղղված էր արտաքին  խաղացողներին: Պատահական չէր, որ այդ զրույցում  «Իսկանդերի» օգտագործման մասին հարցին ի պատասխան ասում  է.

- Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Եվ արդ, որո՞նք էին այդ «մեսիջները»: Նախ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելին անել չի կարող և չպետք է անի.

- Նրանք ինչպե՞ս պետք է վարվեն: Ամեն անգամ մատնացույց անեն Ադրբեջանի՞ն: Դա կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ և ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել:

Սերժ Սարգսյանի այս խոսքն ինչ-որ չափով նաև ներքին լսարանին էր ուղղված: Ամեն անգամ, երբ Ադրբեջանի սադրանքի պատճառով հայկական կողմը կորուստ է ունենում, սպասում ենք Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը: Մինչդեռ, ինչպես բացեիբաց հայտարարեց ՀՀ նախագահը, Մինսկի խմբի պետությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, իրե՛նց շահերն ունեն: Հետևաբար, Նախագահը ևս մեկ անգամ փաստում է՝ Հայաստանը պետք է առաջին հերթին հույսն իր վրա դնի, առավելևս, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ակնկալիքները մեծ չեն:  Արցախի խնդրում, սակայն, մի բան հստակ է՝ Հայաստանը միակողմանի զիջումներ չի անի, եթե անգամ 20 տարի էլ շարունակվի  խնդիրը:

Հարցազրույցի երկրորդ «մեսիջը» ռուսական զենքի վաճառքի, հայ-ռուսական հարաբերությունների մասին է: Սերժ Սարգսյանն այստեղ հետաքրքիր մոտեցում ցուցաբերեց: Եթե ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ղեկավարը հստակ դժգոհեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքից, ապա այսօր նա ավելի դիվանագիտորեն՝ փոքր-ինչ մեղմ է արտահայտվում: Նախ, նա Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարությունը, թե Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը բիզնես է, չի համարում ՌԴ պաշտոնական տեսակետը: Միաժամանակ ՀՀ նախագահը կրկնում է, որ զենքի վաճառքի թեման հայ-ռուսական հարաբերությունների ցավոտ կողմն է:

- Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան: Բայց մյուս կողմից էլ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքներն ընդունելի չեն մեզ համար, բայց նրանց համար ընդունելի են: Դեռ լուրջ բան չի պատահել: Եթե ինչ-որ ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել: Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք Ռուսաստանի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու:

Լուրջ հետևանքներ ասելով՝ ՀՀ նախագահը, հավանաբար, նկատի ունի նոր պատերազմ՝ իր բոլոր հետևանքներով: Այսինքն, ժողովրդական խոսքով՝ դանակը ոսկորին հասնելիս միայն կարելի է մեղադրել: Երկրի թիվ մեկ պատասխանատուն վերջ է դնում նաև արևմտամետ շրջանակների այն պնդումներին, թե Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական ռազմաբազայից և թեքվի դեպի ՆԱՏՕ, դիվերսիֆիկացվի անվտանգության քաղաքականությանը: Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարում է՝ անվտանգության 2 ճյուղի վրա նստել հնարավոր չէ.

- Կարծում եք՝ ՆԱՏՕ-ն մեզ գրկաբաց սպասո՞ւմ է: Թե՞ամբողջ աշխարհի դեմ թշնամանում ենք, նրա դեմ ելնում, քանի որ Ադրբեջանին օգնում են: Կարծում եք՝ հնարավո՞ր է համաչափ հարաբերություն հնարավոր է ունենալ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ: Մենք այսօր վարում ենք հենց այդպիսի քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակցիներ և համագործակցելով գործընկերների հետ:

ՀՀ նախագահն անուղղակիորեն անդրադառնում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը: Հարցին՝ ի՞նչ գործոնների դեպքում և ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը, նախագահ Սարգսյանը պատասխանել է.

- Անհրաժեշտության պարագայում: Մի՛մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում: Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը:

Սերժ Սարգսյանի այս խոսքերը  ցույց են տալիս՝ վտանգի պահին Հայաստանը կօգտագործի «Իսկանդերն» ընդդեմ Բաքվի՝ գուցև առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու:

Հարցազրույցի ինտրիգային մասը վերաբերում էր 2018-ին վարչապետի հավանական թեկնածուին: Իրեն բնորոշ  ոճով՝ Սերժ Սարգսյանը չի բացում փակագծերը.

- Բազաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա:  Էական չէ, մեր երկրում տեղի է ունեցել քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Եվ կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է:

Նման  պատասխան  հնչեցրել էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելին՝ վերջինս կոռեկտ չի համարում ամեն անգամ հավաստիացնել, թե ինքն է լինելու գործադիր մարմնի ղեկավարը:

Եվ իրոք՝ ի՞նչ կարևոր է, թե ով կլինի կառավարության ղեկավարը, թե մեր անկայուն ու անհանգիստ տարածաշրջանում ամեն վայրկյան իրավիճակ կարող է փոխվել, որից կախված է ոչ միայն Հայաստանը: Ի դեպ, այդ մասին անգամ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում է նշված: Եթե հիմա Սերժ Սարգսյանը հայտարարի, թե ինքն է լինելու գործադիր մարմնի ղեկավարը, անհարմար իրավիճակում կհայտնվի Կարեն Կարապետյանը: Եթե ասվի հակառակը՝ երկրի ղեկավարին ոմանք կարող են ժամանակավոր համարել: Իսկ եթե 3-րդ անձի մասին խոսվի, ապա ՀՀԿ 2 լիդերներն ակամա հայտնվում են լուսանցքում:

Ի վերջո, մեր պետության համար կարևորը զարգացումն է ու ապագա մարտահրավերները դիմագրավելը, իսկ թե ով դա կանի, գոնե հանրության համար մեծ հաշվով միևնույնն է: Կարևորը գործն է, որով էլ կմեծարվի այն իրականացնող անձը: