Նոր օրինագիծ՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության և Քուրդիստանի

ԻՍԿ Ի՞ՆՉ ԿՏԱ ԸՆԴՎԶՈՒՄԸ

Թուրքիայի միլի մեջլիսում քննարկվում է «Քուրդիստան» և «Հայոց ցեղասպանություն» եզրույթների օգտագործումն արգելող օրինագիծ:
 
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօրվա մամլո ասուլիսում մանրամասնեց, որ նման օրինագծի առաջացման պատճառն այն է, որ վերջին ամիսներին ավելացել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող երկրների քանակը: Այդ փաստը չէր կարող վրիպել Թուրքիայի աչքից և չանհանգստացնել իր նախնիների ոճրագործությունը հերքող պետությանը:  
 
Թուրքագետի  խոսքով՝  Եվրամիությունն արդեն արձագանքել է օրինագծին և նշել, որ ժողովրդավարական տեսանկյունից այն մի քանի քայլ հետ է և կվնասի ԵՄ-ի հետ բանակցություններին:
 
Բանախոսը նաև հիշեցրեց, որ վերջին ամիսներին Թուրքիան արտաքին և ներքին ճգնաժամերի առաջ է կանգնած․ սրվել են թուրք-քրդական բախումները, ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի են լարվել:   
 
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն  էլ հիշեց Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Լապշինի գործը:  
 
- Մեծ եղբայրը՝ Թուրքիան, հետևում է փոքր եղբորը՝ Բաքվին: Այս նոր օրենքին կհակազդեն միջազգային կառույցները, Եվրոպական դատարանը: Վերջին մեկ տարվա քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է վերածվում ավտորիտար երկրի,- ասաց Արա Ղազարյանը: 
 
Նրա խոսքով՝ Եվրամիության համար շատ կարևոր է մարդու իրավունքների բլոկը, խոսքի ազատ արտահայտումը, հետևաբար ԵՄ-ն դեմ կլինի այս նախագծին: Վերջին հաշվով՝ ազատ արտահայտվելու իրավունքն ու ազատ խոսքը ճնշելու համար ամենաշատ վճիռները հենց Թուրքիայի դեմ են կայացվում: 
 
- Հուսանք՝ հարյուր հազարավոր մարդիկ բանտ չեն նետվի այս օրինագծի պատճառով,- եզրափակեց միջազգային իրավունքի մասնագետը:
 
Ի դեպ. նախագահ Էրդողանը երեկ դարձյալ հայտարարել է, որ Թուրքիայի բնակչության մեծ մասը չի ցանկանում ԵՄ անդամ դառնալ: Այնպես որ՝ դեռ հարց է, թե միջազգային կառույցների դեմ արտահայտվելը գործնականում ինչպես կանդրադառնա վերոնշյալ օրինագծի վրա:
 
Սակայն մեկ այլ իրողություն էլ կա՝ սուլթանացող Թուրքիան հաշվի առնո՞ւմ է որևէ կարծիք կամ ճանաչում-ընդունո՞ւմ է համամարդկային որևէ արժեք ։