Ադրբեջանը նվաստացրեց Տաջիկստանին

ՎՆԱՍԻ ՍԿԶԲԻՑ ԵՏ ԿԱՆԳՆԵԼՆ Է ՕԳՈՒՏ

Մարդկանց մի տեսակ կա, որն անղեկ նավի տպավորություն է թողնում՝ քամիների հոսանքներով տարուբերվող: Այդ տեսակին կամ չեն հարգում կամ էլ հումորով են վերաբերվում:
 
Պարզվում է՝ Տաջիկստանի իշխանությունն էլ  այդ շարքին դասվում: Իրենից ավելի նսեմ ու անարգված երկրի ճնշումներին տեղիք տալով՝ Դուշանբեն այսուհետ Արցախի արտադրանքի ներմուծումը կարգելի և իր երկրի ներդրողներին թույլ չի տա Արցախում գործունեություն ծավալել: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Բաքվում տեղի ունեցած առևտրի և տնտեսական հարցերով ադրբեջանա-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նստաշրջանի ժամանակ:
 
Տեղի ունեցածին չէինք անդրադառնա, եթե անցած ամիս Տաջիկստանի նախագահը Հայաստանի ղեկավարի հրավերով Հայաստան եկած չլիներ: Երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո Հայաստանն ու Տաջիկստանը համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Հետաքրքիրն այն է, որ ծավալուն հայտարարության մեջ խոսվում էր տարբեր ոլորտներում երկու երկրների  հարաբերությունների խորացման ու զարգացման մասին:
 
- Կողմերն առանցքային նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը և այդ նպատակով պատրաստ են նպաստել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրագործմանը։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական, թեթև և վերամշակող արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:
 
Կողմերը կնպաստեն երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության մեխանիզմների կատարելագործմանը և անմիջական կապերի խթանմանը,-  ասվում է հայտարարության մեջ: 
 
Ու ահա մեկ ամիս անց ՀԱՊԿ-ի անդամ պետությունը   «անակնկալ» է մատուցում՝ անհարմար դրության մեջ դնելով իր երկրի ղեկավարին: Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը Երևան այցելությունից հետո Հայաստանի  ղեկավար Սերժ Սարգսյանի հետ համատեղ հայտարարության մեջ խոսում էր ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում կառուցողական փոխգործակցության մասին՝ ի շահ խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբով։
 
Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, Տաջիկստանը վերահաստատել է Արցախի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով լուծելու  մասին՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա: Ու հանկարծ՝ տարածաշրջանում անկայունություն սերմանող, միջազգային իրավունքների նորմերը խախտող պետության ճնշումներին տեղիք տալով, Տաջիկստանն, ըստ էության, հակառակն է անում:
 
Դուշանբեի ներկայացուցիչները կարող են արդարանալ, թե իբր չեն ցանկանում  ավելի սրել իրավիճակը, ցանկանում են չեզոք մնալ, չխառնվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:  Բայց Էմոմալի Ռահմոնի՝ երևանյան այցի ժամանակ էլ նույն հանգամանքներն առկա էին ու Ռահմոնին չխանգարեցին՝ միջազգային իրավունքի նորմերից ու վեհ արժենքերից խոսել: Ավելին, եթե Տաջիկստանը չլիներ ՀԱՊԿ անդամ՝ կարելի էր նման դիրքորոշումը մի կերպ հասկանալ ու անտեսել: Սակայն, այս ամենով հանդերձ՝ կուլ տալ հեյդարօղլու սադրալի խայծը… Ամենամեղմ ձևակերպմամբ՝ տաջիկական այս քայլը մանկամտություն կարելի է կոչել, կամ՝ քաղաքական անհասություն:
 
Այս ամենից հետևություն պետք է անի ոչ այնքան ու ոչ միայն Հայաստանը, այլ՝ ՀԱՊԿ գլխավոր խաղացող Ռուսաստանը: Պատահական չէ, որ այս կառույցի քարտուղար Յուրի Խաչատուրովը երեկ խոսել է ՀԱՊԿ-ի՝ միջազգային ասպարեզում դրական իմիջ ձևավորելու անհրաժեշտության մասին: 
 
Իսկ Հայաստանը, առարկայորեն համոզվելով, թե ինչպիսի կամազուրկ պետության ու ըստ էության գործընկերոջ հետ գործ ունի, երևի պիտի նույնիսկ գոհանա, որ այդ երկրից հնարավոր վնասները կանխվել են ի սկզբանե: Բավական է պատկերացնել, որ Հայաստանի և Տաջիկստանի համատեղ պայմանավորվածությունը կյանքի կոչվեր. ցանկացած պահի Դուշանբեն կարող էր տապալել համատեղ ներդրումային ծրագրերը՝ եթե Ադրբեջանից նման հրահանգ ստանար: Այդժամ վնասը, կարծում ենք, ավելի մեծ կլիներ:
 
Իսկ ՀԱՊԿ-ը, իր հեղինակության մասին, իսկապես, մտածելու առիթ ունի. ու՝ ոչ միայն մեծ առումով միջազգային ասպարեզում, այլ նախևառաջ իրեն անդամակցող երկրներում: