Նախընտրական քարոզարշավի բերքն ու խոտանը

ՀԱՐՑԱԽՈՒՅԶ

Խորհրդարանական Հայաստանի ապագա պատգամավորների քարոզարշավը թևակոխեց երրորդ շաբաթը: Կուսակցություններն ու դաշինքները բուռն թափով հանդիպումներ են կազմակերպում Հայաստանով մեկ, մտնում գյուղ ու քաղաք, շրջում Երևանի թաղամասերում ու բակերում: Ամենուր քարոզում են իրենց ծրագրերն ու սկզբունքները, փորձում համոզել, որ հենց իրենք են այն ուժը, որը Հայաստանը դուրս է բերելու կործանման ճահճից և ամենակարճ ժամանակում դարձնելու է աշխարհի ամենալավ երկիրը:
Վերջին քսանհինգ տարիների քարոզարշավներին ամենատարբեր գունավոր խոստումների ակնջալուր եղած ու դրանց կատարմանը մինչև օրս կարոտ մնացած հայ քաղաքացիներից ամեն մեկը յուրովի է ընկալում ու մասնակցում ամեն օր ընթացող ամենատարբեր իջոցառումներին, դիտում կամ անտեսում մասնկից ուժերի հեռուստահոլորվակներն ու հանդիպումների ռեպորտաժները… Այնուամենայնիվ, մարզային հանդիպումները, թվում է, նաև դրական լիցքեր են հաղորդում, քաղաքական ուժերի ներկայացուցիչների և «շարքայինների»հանդիպումներից հաճախ պարզապես հայ մարդկանց ջերմ վերաբերմունք է առկայծում, ինչին ևս կարոտ են մնում անպաշտոն մեր հայրենակիները:

Ցավոք՝ քարոզարշավը նաև խիստ բացասական իրադարձություններ է արձանագրում: Համարյա ամեն օր տեղեկություններ են հաղորդվում տեղի ունեցած գզվռտոցների, ծեծուջարդի, անգամ դանակահարության ու կրակոցների մասին, երբ խոսքի փոխարեն գործի են դրվում ձեռքերն ու զենքերը: Մյուս բացասական երևույթն էլ ընտրակաշառքների վերաբերյալ չլռող շշուկներն են. երևույթ, որը փաստով ապացուցելը գուցեև դժվար է, բայց նաև` առանց կրակի ծուխ չի լինում: Իսկ եթե հետևելու լինենք այդ շշուկների բարձրացրած աղմուկի դեցիբալերին, պետք է ենթադրել, որ եղածը ոչ թե կրակ է, այլ մի ամենակուլ հրդեհ…

-Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վերաբերյալ ՀՀ հասարակ քաղաքացու վերաբերմունքի վրա ի՞նչ ազդեցություն է ունենում այս քարոզարշավը կամ նրան կողմնորոշո՞ւմ է արդյոք, թե ապագա խորհրդարանը ձևավորելու համար որ ուժին տա իր ձայնը:

Մեր քաղաքացիներից մի քանիսը այս հարցին հետևյալ կերպ պատասխանեցին:

Արև ՄԵԼԻՔՅԱՆ. Մանկավարժական քոլեջի շրջանավարտ

- Քարոզարշավին հետևում եմ, ազդեցություն ընդհանրապես չի թողնում: Արդեն անգիր գիտենք՝ ով ով է: Քաղաքական ուժերի մասին լավ կամ վատ կարծիքը կախված է ոչ թե քարոզարշավից, այլ դրանից հետո կատարած աշխատանքից: Ես վաղուց արդեն որոշել եմ՝ ում եմ ընտրելու, բայց դա հրապարակելու ցանկություն չունեմ:

Արփինե ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Մարտունի, Վաղաշեն

- Հեռուստատեսությամբ հետևելով տարբեր դաշինքների քարոզարշավին՝ եկել եմ մի եզրակացության: Համոզվել եմ, որ ամեն ինչ կեղծ է, թե՛ դիմությունը, թե՛ ընդդիմությունը բոլորն էլ հասարակ քաղաքացուն միայն այս շրջանում են հիշում, իսկ ընտրվելուց կամ չընտրվելուց հետո ամեն ինչ դառնում է առաջվանը: Այս անգամը նույնպես բացառություն չէ: Անձամբ ես ոչ մեկին չեմ հավատում:

Վալերի ՀՈՎՍԵՓՅԱՆ. բարձրագույն կրթությամբ վարորդ

- Քարոզարշավը հենց նրա համար է, որպեսզի քաղաքական ուժերն իրենց ծրագրերն ավելի մոտիկից ներկայացնեն և պատասխանեն ընտրողների հարցերին։ Իհարկե, դա մարդկանց դիրքորոշման վրա ազդեցություն թողնում է։ Ես, օրինակ, շատ հիասթափված եմ այն դաշինքից, որին թվում էր, թե ձայն եմ տալու։ Իմ համակրանքը հիմա այլ ուժ է վայելում, և դա կարտահայտվի միայն մեկ ձևով` ընտրախցիկում։
 

Վարդուհի ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. նկարչության ուսուցչուհի

- Նախընտրական քարոզարշավը միայն պարապ մարդկանց վրա կարող է ազդեցություն թողնել, քանի որ շատ նման է հարևան գյուղում տեղի ունեցող հարսանիքի` սիրուն է, բայց քեզ հետ կապ չունի։ Իրենց քաղաքական ուժ ներկայացնողներին թվում է, թե կարելի է մի քանի տարի անցնել ընդհատակ, մատը մատին չխփել, լավագույն դեպքում աջ ու ձախ քննադատել, բայց ընտրությունների շեմին արթնանալ ու թևերը եռանդով թափահարել։ Իմ կարծիքով դա միայն ինձ համար չէ, որ տհաճ է, բոլորն էլ հասկանում են, որ նմանները երկրի քաղաքական դաշտում անելիք չունեն, նրանք միայն մեծամեծ նպատակներ ունեն։ Այսինքն իշխանամոլությամբ են տառապում։
 

Արտակ ԵՍԱՅԱՆ. կենաթոշակառու բժիշկ

- Բոլորն էլ հասկանում են, որ այս անգամ այլ Հայաստանի համար ենք քվեարկելու։ Մենք առաջին անգամ ենք խորհրդարանական հանրապետություն ունենալու և ցավոք` չգիտենք, թե դա ինչ բան է` բարի՞ք է բերելու, թե՞ ձախողում։ Գիտենք հետևյալը՝ այս նոր խորհրդարանում պետք է լինեն խելացի, հայրենասեր ու գործունյա մարդիկ, ոչ թե պետության վզին ծանրացած սրիկաներ։ Այդ իմաստով քարոզարշավը հնարավորություն է տալիս թեկնածուներին ավելի լավ ճանաչել և իմանալ նրանց հետագա քայլերը։