Աբխազիայի սառը ցնցուղը ՀՀ կառավարությանը

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ՀՀ-Ն ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՉԷ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար: Նախարարը նույնիսկ հավաստիացրեց, թե վրացական ու ռուսական կողմերն աշխատում են, որ դա արագ լինի։
 
Որքանո՞վ է հայկական կողմը ներգրավված այս գործընթացում: Գործադիր մարմնի անդամի խոսքով՝ հայկական կողմը չի կարող ներգրավված լինել այս գործընթացում, քանի որ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա: 
 
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ վրացական և ռուսական կողմի գործընկերների հետ ինքը միշտ անդրադառնում է այդ հարցին: Ավելին, ըստ նրավ՝ վրացական ու ռուսական կողմը ցանկանում են Հայաստանն այդ գործընթացում տեսնել, բայց... նախարարը դժվարանում է համոզմունք հայտնել, որ  վերջնական արդյունքն անպայման դրական դրական կլինի:
 
Առնվազն տարօրինակ է. եթե նշյալ գործընթացին Հայաստանի մասնակցությանը Վրաստանն ու Ռուսաստանը դեմ չեն,ուրեմն ո՞վ կամ ի՞նչն է խանգարում: Այս հարցի պատասխանն ակամա տվեց Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, ով այսօր հերքել է ՏԿ նախարարի հայտարարությունը.
 
- Այժմ մենք Ռուսաստանի հետ խոսում ենք այն մասին, որ ուժի մեջ մտնի 2011 թվականի համաձայնագիրը: Համաձայնագրի  կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որ ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմը պայմանագրեր կնքեն շվեյցարական SGS ընկերության հետ: Չկա որևէ խոսակցություն լրացուցիչ նախապայմանների մասին,որոնք թույլ կտային Հայաստանին Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս ունենալ: 
 
Արդ, տեսնես ո՞ր «օդից» նախարարը որսացել հավատը, որ Հայաստանի համար, այՆ էլ՝ շուտով, կբացվեն Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները: