Միմյանց վստահելու ժամանակը

ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ՈՒՂԵԿԻՑ ՉԷ

Լավ է, որ պտտվելով եկավ ու իր տեղ գտավ դիվանագիտական ասպարեզում: Իսկ պտույտները բավականին հետաքրքիր ընթացք ունեն: Սկզբում ՀՀՇ-ական էր, ԱԳ նախարար, ապա դարձավ ՀԱԿ դաշինքի անդամ, իշխանության թունդ ընդդիմադիր: Ապա «Ժառանգության» ցուցակով դարձավ  պատգամավոր ու լքեց «Ժառանգությունը»: Հեռացավ նաև ՀԱԿ-ից, քանի որ ՀԱԿ ղեկավարը ՀՀՇ-ն գեղի կլուբ էր անվանել: Մի խումբ երդվյալ ՀՀՇ-ականների հետ նա  վերակազմավորեց ՀՀՇ-ն, իսկ հետո այդտեղից էլ դուրս եկավ և նշանակվեց դեսպան Դանիայում…
 
Ուշադիր ընթերցողն, անշուշտ, հասկացավ՝ խոսքը Ալեքսանդր Արզումանյանի մասին է: Իսկ Դանիայում դեսպան նշանակվելու լուրը ցնցող չէր, քանի որ ամիսներ առաջ Ալեքսանդր Արզումանյանը դուրս էր եկել ՀՀՇ-ից և լրագրողների հետ զրույցում չէր հերքել դեսպան նշանակվելու մասին լուրերը: 
 
Աստվածաշնչյան ճշմարտություն է՝ կա քարեր նետելու ժամանակը և այդ քարերը հավաքելու ժամանակը: Ալ. Արզումանյանի համար՝ քարերը հավաքելու ժամանակն է. համարյա՝ աստեղային:
 
Որպես ԱԳ նախկին նախարար, որպես փորձառու կադր, Ալեքսանդր Արզումանյանը կարող է օգտակար լինել երկրին՝ արտաքին քաղաքական դաշտում: Հավանաբար հենց փորձառությունն ու պատրաստվածությունն էլ օգնել են նրան՝ դյուրությամբ անցում կատարել ընդդիմությունից: 
Բայց արտաքին քաղաքականությունն անուղղակիորեն ներքին քաղաքականության շարունակությունն է: Իսկ գործող իշխանության վարած ներքին քաղաքական պրոցեսների հետ ոչ միշտ էր Ալեքսանդր Արզումանյանը համամիտ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կարողանալու իր սկզբունքները կիրառել, որոնք հաճախ տարբերվում են իշխանությունից: Ավելին՝ եթե գաղափարական  տեսանկյունից   դիտարկենք,  Ալեքսանդր Արզումանյանը  լիբերալ, իսկ ՀՀԿ-ն՝ պահպանողական  գաղափարախոսության կողմնակից է: 
 
Սակայն շահերի համընկնումը և ժամանակը բուժում են «վերքերը»: Առավելևս, երբ երկուստեք առկա է անցյալի անհամաձայնությունները հարթելու ու մոռանալու, միմյանց վստահելու պատրաստակամություն: 
 
Սա առաջին ու վերջին անգամը չէ, երբ բարիկադների տարբեր կողմերում հայտնվածները շատ արագ հարազատանում են: Ու հետաքրքիր է՝ ընդհանրապես իշխանություն երևո՞ւյթն է այդքան ձգողական, թե՞ հատկապես իշխանության ղեկին գտնվող Հանրապետականը: