Ընդդեմ խոսքի ազատությա՞ն, թե՞ հանուն հայեցիության

ՎԵՐԱՀՍԿԵ՛Լ, ԲԱՅՑ՝ ՄԵՐ ԼԵԶՎԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ

Համացանցը վերահսկելու փորձերը եղել են գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներում, բայց դեռ ոչ մի երկիր չի կարողացել այնպիսի տարբերակ գտնել, որը  չի սահմանափակի խոսքի ազատությունը: Հայաստանում համացանցը վերահսկելու առաջարկ ևս հնչել է. ԿԳ նախկին նախարար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկել է ՀՌԱՀ-ին նոր գործիքակազմ տալ, որ կարողանա վերահսկել նաև համացանցը: 
 
Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ միայն հեռուստատեսային էկրանում պոռնոգրաֆիայի պարունակությունը ստուգելը ոչինչ չի տալու, համացանցային բովանդակությունն էլ պետք է ստուգվի:
 
Եթե իշխող կուսակցության ներկայացուցչի մտահոգությունը մեր մայրենին չաղավաղելու, հրապարակումները, հաղորդումներ հայեցի դարձնելու համար է՝ ողջունելի է և ազգաշահ: Ցավոք սրտի՝ մեր լրատվամիջոցներով, մանավանդ՝ հեռուստաեթերներից հնչող խոսքն ու սյուժեները ոչ միայն զարմանք, այլև զայրույթ են առաջացնում: Որոշ հաղորդավար-լրագրողների, գովազդային տեքստերի ուղղագրական և ուղղախոսական սխալներն ամենամեղմ ձևակերպմամբ անգրագիտություն են: 
 
Բայց ինչպե՞ս վերահսկել համացանցը, որը ոչ միայն միմյանց հետ անկաշկանդ հարաբերվելու, տպավորություններ ու կարծիքներ կիսելու, նոր նախաձեռնությունների, այլև խոսքի ազատության հարթակ է: Հազիվ թե Արմեն Աշոտյանի խոսքը քննադատությանը վերաբերի, և եթե նա ու մտահոգ մյուս պաշտոնյաները տարբերակ գտնեն՝ հայհոյերենը, գռեհիկ արտահայտություններն ու մեկնաբանությունները լրատվամիջոցներից վերացնելու, հեռուստաեթերներից նաև դաժանություն ու ամբարտավանություն քարոզող սերիալներն արգելելու կամ գոնե նվազեցնելու համար՝ հիրավի շնորհակալ գործ արած կլինեն:
 
Բայց ինչո՞ւ միայն լրատվամիջոցներից: Լուրջ վերահսկողության կարիք ունի մեր շատ պաշտոնյաների խոսքը: Ճիշտ կլինի սկսել  ԱԺ-ի պատգամավորներից, ովքեր կիսագրագետ հայերենով, երբեմն «քուչի» (նույնիսկ փողոց բառն է ափսոս՝ նմանների խոսքն ու ոճը նկարագրելու համար) ոճով են հաղորդակցվում միմյանց ու բոլորի հետ: Նախարարներն ու պետական շատ այլ պաշտոնյաներ ևս առանձնապես հայերենի իմացությամբ չեն փայլում (մեղմ ասած): 
 
Թվում էր՝ պատգամավորների հայերենի իմացության քննությունը կարող էր ոսկեղենիկ մեր լեզվի հանդեպ հարգանք արթնացնելու առիթ լինել: Բայց այստեղ էլ, ոչ թե սողանցք, այլ լայնահուն պողոտա թողեցին՝ անփույթ ու անգրագետ խոսքի համար: Չգիտես ինչու՝ հայերենի քննություն պետք է հանձնեն օտար լեզվով կրթություն ստացածները: Մինչդեռ վերջիններս հաճախ հայերեն ավելի լավ գիտեն, քան հայկական կրթություն ստացած, փողով դիպլոմ գնած հայրենի օրենսդիրներից ոմանք: 
 
Որպես լուծում՝  հեռուստաընկերությունները, էլեկտրոնային կայքերը կարող են գրագետ խմբագրի հաստիք բացել, ով ի վիճակի կլինի հաղորդումը կամ հոդվածը հայեցի դարձնել: Այսինքն՝ լեզվի մաքրությանը հետևող ոստիկանություն է պետք: 
 
Թե ՀՌԱՀ-ն ի՞նչ հետևություններ կանի օրենսդիր մարմնի անդամի առաջարկից՝ կտեսնենք հետագայում: Բայց  չիցե թե ՀՌԱՀ-ն այնպիսի լիազորությունով օժտվի, որի նպատակը կլինի արգելել մեր իրականությունը ապականողների, դիցուք՝ պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության, մութ անցյալի մասին հրապարակումները:
 
Չիցե թե տեքստային անգրագիությունները, մարդու անձն ու արժանապատվության գռեհիկ վիրավորանքները վերացնելու պահանջը նույնացվի քննադատության հետ: Կամ, որ նույնն է՝ չսահմանափակվի ազատ խոսքը: