Քարոզարշավ

Մի քանի օր է մնացել Ազգային ժողովի ընտրություններին, և օրավուր ավելի ու ավելի են թեժանում նախընտրական կրքերը:  Պատգամավորի որոշ թեկնածուներ, իհարկե, «ժամանակ» չեն գտել՝ ամբողջությամբ վերծանելու «քարոզարշավ» ասածի ամբողջական իմաստը՝ ընկալելով միայն դրա վերջին մասը՝ «ԱՐՇԱՎ», և հրոսակային արշավներ են կազմակերպում իրենց «դոր չեկած» մրցակիցների դեմ: Իսկ բռունցքներով մտածողներին, հասկանալի է՝  դուր չեն գալիս իրենցից ավելի ուժեղ մրցակիցները...
 
 
●    Երևանի թիվ 2 ընտրատարածքում ևս (Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքներ) նախընտրական ակտիվություն է: Եվ, ի տարբերություն որոշ այլ թեկնածուների ոտնձգող շտաբականների, Կոմիտաս 23 հասցեում գործող Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբը շարունակում է իր աշխատանքները` լիովին վերահսկելով իրավիճակը, անցկացնելով օրինակելի քարոզարշավ, բնակիչներին ծանոթացնելով «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած ծրագրերին և թեկնածուի` ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, կենսագրությանն ու իրականացրած աշխատանքներին: 
 
Ի դեպ, հարկ է ընդգծել, որ Տիգրան Ուրիխանյանի շտաբը վերջին օրերին մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև միաջազգային կառույցների շրջանում, որոնք մեկը մյուսի հետևից կատարում են այցելություններ և իրենց oժանդակությունն առաջարկում գալիք ընտրությունների ժամանակ: 
 
Երեկ Տ. Ուրիխանյանի նախընտրական շտաբ էր այցելել նաև Եվրոպական միության «Արևմուտքի պահպանողականներ»-ի մեծ պատվիրակություն, որի անդամները ծանոթացան իրականացվող աշխատանքներին, շրջեցին տարածքում, զրուցեցին աշխատողների և պատասխանատուների հետ: Պատգամավորի թեկնածուն իր հերթին ընդունեց պատվիրակության անդամներին՝ ներկայացնելով իրականացվող աշխատանքները, ընտրատարածքի խնդիրները, ինչպես նաև պատասղանելով Եվրոպայի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: 
Ամփոփելով հանդիպումը` եվրոպացի պահպանողականների ներկայացուցիչ պատգամավորները գոհունակություն հայտնեցին հյուրընկալության համար, բարձր գնահատեցին կատարված աշխատանքները: 
 
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Երևան էին ժամանել արևմուտքի պահպանողականները` իրենց անվերապահ աջակցությունը «Ծառուկյան» դաշինքին հայտնելու համար:
 
 
●    - Մենք կարո՞ղ ենք արդեն 2017 թվականի վերջին մեզ վրա զգալ, որ մեր կյանքում փոփոխություն է կատարվել. կարծում եմ` այո: Ինչի՞ց է դա կախված` մեր աշխատանքից,- Տավուշի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ մանրամասնելով.
 
 - Մենք, իրականում, այս երկու ամսվա ընթացքում ունենք ցուցանիշների շատ մեծ աճ` 16 տոկոս արդյունաբերության աճ, 36 տոկոս արտահանման աճ, 10.9 տոկոս սեփական եկամուտների հավաքագրման աճ: Բայց որևիցե մեկը մեզանից իր մաշկի վրա չի զգում, ճի՞շտ է: Մենք դեռ այնքան պիտի անենք, որ գանք հասնենք մի կետի, որ հաջորդ օրը դա տա կյանքի որակի փոփոխություն: Ես դա համեմատում եմ հողի հետ, որը այնքան է չորացել, որ պիտի այնքան ջրես, որ ինքը կակղի և սերմը վրան գցես` բերք տա: Հիմա մենք դա ենք անում: Մի հուսահատվեք, լավ է լինելու:
 
Նա նաև խոստացել է  առաջիկա տարվա ընթացքում 1900 նոր աշխատատեղ ստեղծել, ինչպես նաև 27 միլիոն դոլարի ներդրում ապահովել: 
 
 
●    «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ: 
 
Դաշինքին սատարելու համար Հայաստան են ժամանել նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այսօր կայացած միջազգային համաժողովի ընթացքում նրանք հայտարարել են, որ եկել են իրենց օժանդակությունը հայտնելու «Ծառուկյան» դաշինքին և հաղթանակ մաղթելու առաջիկա ընտրությանը: Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն իր խոսքում նշել է, որ իրենց ընտանիքի համար մեծ պատիվ է Բարգավաճ Հայաստան կուսակցության նման անդամ ունենալը: 
 
- Շատ հպարտ ենք, որ այսպիսի ներկայացուցիչ ունենք Հայաստանում: Հարգելի պարոն Ծառուկյան, մենք այստեղ ենք ձեզ օգնելու, մեր օժանադակությունն ու բարեկամությունը ձեզ հայտնելու համար, այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ մենք միասնական քաղաքական ընտանիք ենք,-նշել է Յան Զահրադիլը: 
 
Համաժողովի մասնակիցները նշել են, որ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրն ու գտնում են, որ այնտեղ ներառված 15 առաջնահերթ քայլերը վերաբերում են ամբողջ ժողովրդին և իրագործվելու դեպքում լուրջ բարեփոխումների կհանգեցնեն: