Համբուրվել, «երկու» ստանալ, Կիկոսի մահը սարքել

ԼԱՎԻՆ՝ ԼԱՎ, ՎԱՏԻՆ՝ ՎԱՏ

Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում քննարկում էր ՀՀ 2016-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
 
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում  թվարկեց այն քայլերը, որոնք պետք է աներ կառավարությունը՝ ապամոնոպոլացնել մոնոպոլացված տնտեսությունը, կրճատել ստվերի խայտառակ վիճակը, բիզնես միջավայրի հավասար խաղի պայմաններ ստեղծել, նվազեցնել աղքատության և գործազրկության մակարդակը:
 
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ ներդրումների մասին հարցերին կառավարության ներկայացուցիչները խուսափում են պատասխանել, որովհետև, ըստ նրա, ասելիք չկա.
 
- Դրա փոխարեն լսեցինք արտաքին տնտեսական շոկերի մասին, որ եթե տրանսֆերտները չլինեին, ՌԴ սանկցիաները չլինեին, պղնձի գները չիջեցնեին… Կիկոսի մահի նման մի պատմություն, մեր վիճակն ավելի լավ կլիներ: Իհարկե, արտաքին շոկերն ազդեցություն ունեն, բայց տնտեսությունն ունի իր անվտանգության բարձիկները:
 
Օրենսդիր մարմնի անդամը հիշեցրեց, որ պետք է բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծել  ներդրումների համար, որ ներդրողները ՀՀ անունը լսելիս չփախչեն:
 
Ըստ պատգամավորի՝ արտաքին պարտքը 57,7 տոկոս է, մինչդեռ կառավարության անդամներն ինչ-որ ցուցանիշներ են բերում, թե իբր ռիսկային չէ:
 
Գործադիր մարմնին պատգամավորը հորդորեց կյանքի կոչել Ծառուկյանի առաջադրած 15  քայլերը: 
 
Նույն դաշինքի մեկ այլ պատգամավորի՝  Գևորգ Պետրոսյանի դիտողությունը ևս դիպուկ էր՝ ԱԺ-ն սիրահարների այգին  չէ, որ գան համբուրվեն, սեր խոստովանեն, հետո սիրառատ հեռանան:  
 
- Բոլոր հիմքերը կան՝ դեմ քվեարկելու այս բյուջեին,- ասաց Գևորգ Պետրոսյանը: 
 
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ,  դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հարցրեց, թե ինչպես է, որ նման բացասական զարգացումների համար բոլորի մեղքը տեսնում են, բացի ՀՀ իշխանություններից:
 
- Դուք ասում եք՝ բացասական զարգացումներ են եղել՝ Ռուսաստան, ԵԱՏՄ, սանկցիաներ: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են այս վիճակի համար, բացի ՀՀ իշխանություններից: Մի բան ասեք, որ ասենք՝ կարողացել եք փոխել: Այս Կառավարությունը ստանձնել է նախորդի բյուջեն, մեզ համար տարբերություն չկա՝ իշխանությունը նույնն է. ինչ-որ բան փոխե՞լ եք: Եթե ոչ՝ էլ ինչո՞ւ եք դուք եկել,- ասաց պատգամավորը:
 
Ֆինանսների նախարարը հորդորեց իրատես լինել: Հիշեցրեց, որ տրանսֆերտների անկում է եղել, ինչն ազդել է Հայաստանի վրա: Արամյանի խոսքով՝ հիմա հարկաբյուջետային քաղաքականությունն այնպես են մշակում, որ կանոնակարգված լինի.
 
- Այնպես ենք նախաձեռնել, որ սեփական եկամուտներն ավելի բարձր լինեն, քան ընթացիկ ծախսերը: 
 
Վարդան Արամյանը պնդում էր, որ այլ երկրների վրա ազդող տնտեսական անցումները ՀՀ-ից չեն կախված. 
 
- Մենք չէինք կարող ազդել Ռուսաստանի տնտեսության վրա:
 
Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն իր ելույթում արդեն  Կառավարության աշխատանքը գնահատեց «2»՝ սովետական համակարգով, քանի որ կառավարությունն ու իշխանությունը մնացել է այդ համակարգում, իսկ դրսում 21-րդ դարն է:
 
Օբյեկտիվ լինելու կոչ անելով՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իշխանությունը լավին լավ է ասել,  վատին՝ վատ: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի արտաքին  մի շարք խնդիրներ են ազդել Հայաստանի տնտեսության վրա: Ապրիլյան պատերազմի  հետևանքների մասին էլ չենք խոսում: