Լռելով՝ ոչ մի սայլ չես տեղաշարժի
Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԿԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Աշոտ Մարգարյանը պետական ապարատ մուտք գործեց այն ժամանակ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց համակարգային փոփոխությունների մասին: Մինչ նախարարություն տեղափոխվելը նա կառավարությունում, որպես վարչապետի օգնական, զբաղվում էր սոցիալական ոլորտի համակարգմամբ:
Լավ կրթություն ստացած, ոլորտը բարեփոխելու վճռականությամբ երիտասարդ կադրը, հավանաբար, չէր էլ կարող պատկերացնել, որ կարճ ժամանակ անց, ծրագրերը կիսատ թողած՝ կհեռանա ոլորտից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության հնաբնակներից է: Նախարարի տեղն այնքան ամուր է, որ անգամ նոր կառավարությունում կարողացավ իր դիրքերն ու աթոռն ամրապնդել: Եվ ահա կարևոր այդ ոլորտի ղեկավարի հաստատած կարծրատիպերին է բախվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին օգնական Աշոտ Մարգարյանը, ով հինգ ամիս առաջ, վարչապետի առաջարկով նշանակվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի երիտասարդ փոխնախարար:
- Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին: Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով՝ կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները: Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար,- գրել է նախկին պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում:
Ուշադրություն դարձնենք՝ ոչ մի խոսք Արտեմ Ասատրյանի մասին, այլ անուղղակի տրտունջ ու հիասթափություն: Եվ այնքան մեծ հիասթափություն, որ երիտասարդ պաշտոնյան մնաս բարով է ասում պետական աշխատանքին ու լսել չի ուզում քաղաքական դաշտի մասին: Համենայնդեպս՝ առաջիկա տարիներին: Ու սա այն դեպքում, որ դեռևս ինքն էլ չգիտի, թե ինչով է զբաղվելու:
Ասում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին չհպատակվողները համակարգում մնալ չեն կարող: Առավելևս՝ երիտասարդ տեղակալը կարող էր տագնապեցնել Արտեմ Ասատրյանին. նախ՝ անհրապարակելի գաղտնիքների մեջ խորամուխ չլինելու առումով, ապա՝ նախարարական աթոռի հավակնորդ լինելու: Երկու հիմնավոր պատճառ, որոնք նախարարին ու նրա մերձավորներին կարող էին մղել՝ վանելու Աշոտ Մարգարյանին:
Մյուս կողմից, սակայն, բարեփոխումների ջատագով ու սկզբունքային երիտասարդը պետք է բացեր փակագծերը՝ եթե բախվել էր «պալատական բանսարկությունների» պատին կամ կոռուպցիոն երևույթներ, սխալ կառավարման փաստեր էր նկատել: Ի վերջո, առաջընթացի ու զարգացման ճանապարհը ոչ թե խնդիրները պարտակելն է կամ դրանցից փախչելը, այլ բարձրաձայնելը՝ դատապարտելով ու լուծման ուղիներ առաջարկելով: Թե չէ միայն ձեռքերն ու հոգին մաքուր պահելով՝ ոչ մի դարդի դարման չես անի:
Չի բացառվում, որ երիտասարդ փոխնախարարը իր տեսածն ու տպավորությունները, նաև՝ առաջարկությունները մանրամասն ներկայացնի վարչապետին, ով էլ համապատասխան ընթացք կտա իրավիճակին:
Սպասենք զարգացումներին: