ՆԱՏՕ-ն պե՛տք է անդրադառնա Ադրբեջանի՝ ահաբեկիչներին զենք մատակարարելու հարցին

ՀԱՊԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ

- Ես ուրախ եմ, որ ապրիլի 7-ին մենք հերթական անհատական գործողությունների ծրագիրը կարողացանք կնքել ՆԱՏՕ-ի հետ և շարունակությունն ապահովել։ Բայց դրա հետ միասին՝ պետք է դիտարկենք մարտահրավերները, և դա միայն ՆԱՏՕ-ին չի վերաբերում,- այսօր կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ բերելով նաև ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի օրինակները:
 
Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը.
 
- Օգտագործվեց միջազգային կազմակերպությունների կանոնակարգ-օրենքի հնարավորությունը, և երևանյան գրասենյակը փակվեց։ Վերցնենք ԵԽ ԽՎ-ն, որտեղ կարող են լինել մարդիկ, որոնք գուցե չկարողանան դիմակայել կոռուպցիոն գայթակղություններին, և պարզվի, որ այդ կազմակերպության ղեկավարը կարող է ամբողջ կազմակերպության արժեհամակարգի վրա մեծ բիծ գցել։ Իսկ այդ կազմակերպությունը ստիպված է լինելու ներքին կանոնակարգ փոխել, որ կարողանա իր ընտրած նախագահին հեռացնել։ Մենք ունենք այս մարտահրավերը։ Այո, շատ ենք ուզում միասին աշխատել, զարգանալ, առաջ գնալ, բայց արդյո՞ք կարողանում ենք դիմակայել այս տեսակի մարտահրավերներին:
 
Այս օրերին անկարելի էր շրջանցել բուլղարական թերթի այն հետաքննությանը, ինչի արդյունքում պարզ էր դարձել, որ Ադրբեջանի դիվանագիտական ինքնաթիռներով զենք է մատակարարվում ահաբեկչական կառույցներին: Եվ այս առնչությամբ Թ. Պողոսյանը հույս հայտնեց, որ ՆԱՏՕ-ն իսկապես շատ լուրջ անդրադարձ կկատարի Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք մատակարարելու հարցի: 
 
Գիտաժողովին մասնակցում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նրա խոսքով` Հայաստանի հասարակությունը   լավ տեղեկացված չէ ՆԱՏՕ-ի հետ գործակցությունից.
 
- Ես համոզված եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայկական զինուժի արդիականացման հարցում: Սա հուսալի գործընկեր է, որն իր գործընկերներին ոչինչ չի պարտադրում: ՆԱՏՕ-ն միայն համագործակցություն է առաջարկում: 
 
Դեսպանը կարևորեց նախորդ տարի Վարշավայում կայացած գագաթնաժողովը, երբ հստակեցվել են իրենց դիրքորոշումներն ու մոտեցումները՝ մասնավորապես  Ռուսաստանի հանդեպ: 
 
- Մենք ցանկանում ենք համագործակցել Ռուսաստանի հետ։ Գնահատելի կլիներ, եթե այս քննարկմանը մասնակցեր նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, որպեսզի հնարավոր լիներ հասկանալ ՌԴ վերաբերմունքը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը,-  ասաց դեսպանը:
 
Ինչ վերաբերում է  Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությանը, ապա այն, ըստ Քիսլերի, չի կարող հակասել ՆԱՏՕ-ի  հետ համագործակցությանը:
 
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ևս ընդգծեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը հակառուսական ջանքեր չեն, ապա մանրամասնեց՝
 
- Հայաստանը, Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ անդամ հանդիսանալով՝ եզակի օրինակ է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությունը չի կարող Հայաստանը մեկուսացված դարձնել: Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից. մենք երկուսի կարիքն էլ ունենք: