Տիեզերական խորազննման մեթոդն՝ արցախյան հակամարտությունում

ՄԻԱՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Ադրբեջանն այդպես էլ չի համաձայնում կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնցից մեկը հետաքննող մեխանիզմների կիրառումն է՝ արցախա-ադրբեջանական շփման գծում: Ու քանի որ ցանկացած իրավիճակից ելք կարելի է գտնել, Բաքվի այդ քմահաճույքն էլ կարելի է կոտրել: 
 
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ու արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն առաջարկում են օգտվել տիեզերքից ստացված տվյալներից և կանխարգելել հնարավոր խախտումները՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղություն հաստատելու համար:
 
Այս տարբերակն, ըստ Ալավերդյանի, արդյունավետ է, քանի որ եթե շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրումը կֆիքսեր նախահարձակ կողմին՝ արդեն խախտումն իրականացնելուց հետո, ապա տիեզերական խորազննման մեթոդը կօգնի կանխել ցանկացած փորձ:
 
- Չնայած բազմաթիվ հանդիպումներին, այսօր չկա որևէ համաձայնություն՝ Ադրբեջանի կողմից շփման գծում առաջարկված մեխանիզմների ներդրման հարցում, և այդ առումով՝ մտել ենք փակուղի: Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն արել է հստակ ձևակերպված մի առաջարկություն, որը նոր տեխնոլոգիա է՝ ոչ միայն ռազմական, այլ հենց քաղաքական-դիվանագիտական նշանակության,- փաստել է բանախոսը:
 
Այս առաջարկությունը հնչեցվել է դեռևս երկու ամիս առաջ, սակայն առանձնապես լուրջ ուշադրության չի արժանացել փորձագիտական հանրության կողմից: Հենց այդ պատճառով այժմ նորից հնչեցնում են այն՝ ի գիտություն ՀՀ իշխանությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների:
 
Արման Նավասարդյանն էլ  մանրամասնում է, որ դա որևէ ծախս չպահանջող միջոց է.
 
- Հիմնական նպատակն այն է, որ ինչ-որ կա, ինչ-որ կատարվում է՝ փոխանցվի այն երկրներին, որոնք հանդես են գալիս որպես խաղացողներ և որոնք վճռում են դեպքերի հետագա ճակատագիրը: Հիմնականում այն ուղղված է  համանախագահներին, ու եթե այն ազդեցություն ունենա և սկսի գործել, ապա  շահագրգռված կլինեն ավելի մեծ խաղացողները: 
 
Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ պետք է լարված աշխատանք տանել, սակայն պետք չէ բավարարվել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի օրենքերով: Այդ խնդրի լուծմանն այնպիսի ուժեր պետք է լծվեն, որոնք իսկապես կարող են նպաստել նման միջոցի իրագործմանը: