Փնտրվում է հուսալի դաշնակից

ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՄԻՇՏ ԷԼ ՄԵԶ ՎՐԱ Է

Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել, իսկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հանրությանը հորդորում է մեր անվտանգության պահպանման համար հույսը Ռուսաստանի վրա չդնել.
 
- Արձանագրենք, որ անվտանգության հարցերում մեր հույսը պետք է դնենք առաջին հերթին մեր ուժերի վրա: Պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ այլ գործընկերների հետ: 
 
Շավարշ Քոչարյանին հակադարձենք՝ Հայաստանն ու հայ ժողովուրդն իր հույսն միշտ էլ իր վրա է դնել ու այսօր էլ իր նվիրյալ զավակների արյան գնով է սահմաններըպաշտպանում ռուսական զենքից: Քանի որ պատմության դառը փորձը մեզ բազմիցս է ապացուցել՝ ռուսի  «օրհնված սապոգը» միշտ ուշ է օգնության հասնում հայ եղբայրներին (վկան՝ Սումգայիթյան, Բաքվի ջարդերը, 2016-ի ապրիլյան քառօրյան...):  
 
Սրանից զատ, Շավարշ Քոչարյանի հայտարարությունը մի այլ հարց էլ է առաջացնում: 2013 թ., երբ Հայաստանն անդամակցեց Մաքսայինին՝ Եվրասիական միությանը, աշխարհին ու անակնկալի եկած մեր ժողովրդին մատուցված  հիմնական արդարացումը Հայաստանի անվտանգության ապահովումն էր: Այսինքն՝ Ռուսաստանը կարծես պարտավորվում էր դառնալ մեր անվտանգության երաշխավորը:
 
Ժամանակն այլ իրողություն հրամցրեց մեզ: Ու հիմա, երբ ՀՀ ԱԳ փոխնախարարը  նման հայտարարություն է անում, ակամա հարց է առաջանում՝ այդ դեպքում հանուն ինչի՞ Հայաստանը անդամակցեց Մաքսային ու ԵՏ միություններին, եթե անգամ անվտանգության պահպանումը երաշխավորված չէ մեր դաշնակցի կողմից: Եթե այդպես է, ապա Հայաստանից պարտքի դիմաց բազմաթիվ գույքեր յուրացրած Ռուսաստան ինչո՞ւ գոնե Հայաստանին վարձակալության վճար չի կատարում մեր տարածքներում տեղակայած ռազմաբազաի համար: Մանավանդ՝ տխրահռչակ այդ ռազմաբազայում անկարգությունների պակաս չկա. էլ  չհիշատակենք Պերմյակովի ոճրագործության  մասին: 
 
Իրականում, Ռուսաստանից գուցե սպասելիքներ ուներ իշխանությունը՝ մինչև ապրիլյան պատերազմը, երբ հարձակման առաջին 2 օրը առաջնագծում մի շարք խնդիրներ, ոչ անհրաժեշտ պատրաստվածություն էր նկատելի: 
 
Իսկ  Բաքվի բլից կրիգի տապալումը հայ զինվորի հայրենասիրության, նվիրվածության արդյունք էր: Ավելին՝ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու ցինիկ հայտարարությունը «это только бизнес»  արտահայտությունը, Հայաստանի հետ ցուցամատով խոսելն արդեն հոգնեցրել է մեր հանրությանը: 
 
Ու չիցե, թե ճիշտ լինի այն տեսակետը, որ Ռուսաստանի սրտով չէ Եվրամիության հետ նոյեմբերին ստորագրվեիք պայմանագիրը, ու այդ պատճառով այն հարցականի տակ է հայտնվել:
 
Ի՞նչ է պետք է անել: Շտկել մեր տնտեսության մեջքը, դուրս գալ վասալի կարգավիճակից և փնտրել Հայաստանի լեռները հաղթահարող  մեկ այլ հուսալի դաշնակից ու Ռուսաստանին  ասել՝  «ց՛տեսություն» կամ «գնաս բարով»: