Րաֆֆի Հովհաննիսյանն ապաշխարում է
ՀԱՄԱԽՄԲՎԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա ասուլիսն իրեն մեղավոր զգացող մարդու ապաշխարանք էր հիշեցնում: Իսկ ապաշխարող մարդն ավելի հավատընծա է դառնում շրջապատի համար ու ինքն էլ ավելի թեթևացած է զգում իրեն:
-Շատ մեղքեր ունեմ, այնքա՜ն շատ, որ մի ասուլիսի չի բավականացնի այդ ամենը պատմելու համար: Շատ եմ ուտում, շատ եմ խմում, շատ եմ ժպտում, շատ եմ սիրում: Չգիտեմ՝ վերջինը մեղք է, թե ոչ:
Քաղաքական իր անցած ճանապարհի մասին խոսելիս էլ անդրադարձավ այնքան չարչրկված՝ 2013 թ. ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ծիծեռնակաբերդում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելուն:
- Նախընտրում եմ աղոթել եկեղեցում, իմ տանը, տաճարում, Ծիծեռանակաբերդում, քան տասը զոհ տալ, հետո տուն գնալ,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ նորից կաղոթի առ Աստված:
«Ելք» դաշինքի պատգամավոր, Գևորգ Գորգիսյանի կողմից իրեն հասցեագրված «քաղաքական դիակ» արտահայտությանն էլ այսպես պատասխանեց.
- 27 տարի ես դիակ եմ: Մի օր ես կդառնամ դիակ՝ ինչպես բոլորը: Ապրած կենա այն մարդը, որը անթերի է և դիակ չէ:
Անդրադառնալով քաղաքական ուժերի համախմբվելուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ համախմբումն իր անձի շուրջը չպետք է լինի:
- Ես ասում եմ միանան, համախմբվեն՝ հանուն քաղաքացու, իշխանության և իրավունքի ապահովման, հանուն պետության ինքնիշխանության, որ կախված չլինի ո՛չ Ռուսատանից, ո՛չ էլ Ամերիկայից:
Հետո խոսեց տխրահռչակ մարտի 1-ի դեպքերի մասին և հիշեցրեց, որ ՀՀ երեք նախագահներից ոչ մեկը չի հարցաքննվել այդ առնչությամբ:
Չշրջանցեց նաև ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ին` իր պապերի կուսակցությանը:
- ՀՅԴ-ն պետք է հասունանա, առողջանա, դառնա իմ պապերի դաշնակցութունը: Այդ քաղաքական ուժը դարձել է պրագմատիկ: Ընտրություններով չեն կարող փոխել ինչ-որ բան, գնում են կոալիցիա կազմելու: Բայց պատրանք չեմ ստեղծում, որ ՀՅԴ-ն դուրս կգա կոալիցիայից:
Ի դեպ. պարզվում է, որ 2013-ի նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին գումար են առաջարկել՝ ընտրությունների արդյունքներն ընդունելու համար.
- Եկել են մեր տուն, գումար են առաջարկել, բայց մենք չենք ընդունել: Թե ո՞վ է եղել, և ինչքա՞ն են առաջարկել՝ չեմ ասի: