Տուն ինտերնատից մինչև մայրության նպաստներ

ԻՆՉՈ՞Ւ ՄԻՇՏ ՆՈՒՅՆ ՀԿ-ՆԵՐԸ

ԱԺ-ում 2016 թ. բյուջեի կատարողականի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին օրենսդիր մարմնի անդամները մի քանի հարց ուղղեցին: Ոլորտին առնչվող վերջին աղմկահարույց դեպքը  թիվ 1 տուն-ինտերնատի աղմկահարույց բացահայտումներն էին: «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանին մասնավորապես հետաքրքրում էր այն հարցը, թե ինչու տուն-ինտերնատի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը որևէ տեղ հրապարակված չէր:
 
- Կայքերում տեղեկատվություն պետք է լինի, որ տեղեկացված լինեն մարդիկ, որ կան թափուր տեղեր, դիմեն. չկա: 3 հոգի է դիմել, երեքն էլ հենց աշխատող անձնակազմից են, որոնք ամենամեծ կոռուպցիոն ռիսկն են այնտեղ ներկայացնում՝ տնօրենի պաշտոնակատարը, նրա տեղակալը և պահեստապետը:
 
Նախարարը  չհամաձայնեց պատգամավորի հետ և փորձեց հավաստիացնել. որ մրցույթն անցկացրել են օրենսդրության տառին համապատասխան.
 
- Ճիշտ եք նշում, որ 3 անձ է դիմել այդ հաստատության թափուր տեղի համար, բայց երեքն էլ աշխատակից չեն եղել: Մեկը համակարգի հետ որևէ առնչություն չունեցող անձ է դիմել: 
 
Գորգիսյանն արձագանքեց՝ թափուր հաստիքների բաժնում տեղեկատվություն չի եղել, թափանցիկ մրցույթ չեն անցկացրել: Նախարարը միջատեց՝ մրցույթների բաժնում է դրված եղել: Գորգիսյանն էլ պնդեց, որ այդ բաժնում էլ է նայել, ու այնտեղ նույնպես չի եղել: 
 
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանին հետաքրքրում էր պետական դրամաշնորհների հարցը: Մասնավորապես, 2016 թվականին որքա՞ն պետական միջոցներ են ՀԿ-ներին հատկացվել դրամաշնորհներով, ո՞ր ՀԿ-ներն են դրանք շահել, ի՞նչ նպատակով են իրացրել: 
 
Նախարարն ասաց, որ երեխաների և տարեցների ոլորտում գործող կազմակերպությունների ծրագրերն են ֆինանսավորվել. 
 
- «Հույսի կամուրջ» կազմակերպությունը Տավուշի մարզում իրականացրել է 250 երեխաների ցերեկային պայմաններում խնամք: Մոտ 70 մլն դրամի կարգի հատկացում է եղել տվյալ կազմակերպությանը: 
 
Էնֆիաջյանը հակադարձեց՝ ինչո՞ւ են միշտ նույն ՀԿ-ները նույն տարածքում որոշակի ծրագրեր իրականացնելու համար  պետական դրամաշնորհներ ստանում: Ի պատասխան՝ գործադիր մարմնի անդամն ասաց, որ տվյալ ծրագիրը պետբյուջեով է հաստատվում. 
 
- Թե ինչու են հենց տվյալ կազմակերպությունները անում՝ պատմականորեն եթե նայենք, տվյալ մարզում տվյալ կազմակերպությունները, որպես կանոն, միջազգային կազմակերպությունների հետ են արել, հետո պետությունն է վերցրել այդ ծրագրերը: ՀԿ-ները ինստիտուցիոնալ կարողություններ ունեն այդ մարզերում: 
 
«Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն էլ մայրության  նպաստների մասին հարց ուղղեց գործադիրի ներկայացուցչին՝ հնարավո՞ր է, որ կան մայրեր, ովքեր չեն ստացել գումարները՝ չիմանալով այդ նպաստի մասին:
 
Պարզվեց, նախարարությունը չի կարող դա ստուգել, հետևաբար պատկան կառույցը չի էլ  բացառում, որ հնարավոր է: