Կորցրե՞լ եք պատիվը՝ դիմեք տաքսիստներին

ԼՈՒՐՋ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՍՊԱՍՈՒՄՈՎ

Այսօր երկու անսովոր տեղեկատվություն հրապարակվեց: Մեկը՝ Ֆրանսիայից, մեկը՝ Հայաստանից: Ֆրանսիայում ի նշան բողոքի տաքսու վարորդները կիսաշրջազզեստով են աշխատանքի գնացել, քանի որ նրանց թույլ չեն տալիս կիսանդրավարտիքներ հագնել՝ նույնիսկ ամենաշոգ օրերին: Իսկ Հայաստանում  «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի և նրա համախոհների՝ տաքսու վարորդների ու ավտոմեքենա ներկրողների ջանքերով հիմնվել է «Ազգային պաշտպանության լիգա» անունով նոր կուսակցություն: Ինչպես տեղեկացնում են կուսակցականները, ԱՊԼԿ նպատակն այն է, որ կարողանան ոլորտում առկա խնդիրների դեմ ավելի հիմնավոր պայքարել և «փրկել տաքսու վարորդների պատիվը, որը կործանել են հայոց նախկին ու ներկա կառավարությունները»:
 
Նման մտահղացման պատճառը  նախորդ շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիմանանքն էր տաքսու վարորդներին՝ ուղևորներին «անթրաշ, չստիկով, սիգարետը՝ բերանին» սպասարկելու համար:   
 
- Ընտանիք կամ գերդաստան չկա, որտեղ տաքսիստներ չլինեն: Եվ եթե դիտարկեք, ապա ներկա տաքսիստների մեջ ուսանողներ էլ կան, թոշակառուներ էլ, գիտնականներ էլ՝ քանի որ ավելի հարմար է նման ձևով գումար աշխատելը: Եվ այն, ինչ այսօր ասում են կառավարության նիստերի ժամանակ, թե տաքսիստների մեջ թմրամոլներ, չստիկներով կամ անթրաշ մարդիկ են աշխատում, մենք ավելի վաղ էինք պահանջում, որ նրանց մեր շարքերից հեռացնեն: Բայց մեր պահանջները մշտապես անտեսվում են,– ասել է Տ. Հովհաննիսյանը:
 
Նրա պնդմամբ՝ կառավարությունն ինքն է հոգեկան հիվանդներին «ներդնում» ավտովարորդների շարքերում, որպեսզի ակցիաների ժամանակ խժդժություններ հրահրեն և հասարակության մեջ ատելություն սերմանեն այդ դժվարին մասնագիտության տեր մարդկանց հանդեպ:
 
Թե ինչպես են փրկելու տաքսու վարորդների պատիվը, կուսակցությունն ինչ դերակատարություն է ստանձնել՝ դեռ պարզ չէ: Ավելին՝ դեռ չենք հիշում նախադեպ, երբ կուսակցություն բացելով նամուս են վերականգնում: Տաքսիստները, սակայն, վճռական են՝ հիմնական պայքարը լինելու է վարորդների իրավունքների պաշտպանությունը և ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելը:
 
Բազմակուսակցության ու այլակարծության մթնոլորտում մի կուսակցություն ավելի, մեկը՝ պակաս, ինչ  կարևոր է: Բայց մեր տաքսիստները յուրօրինակ կոլորիտ ու շունչ են հաղորդում մեր  իրականությանը: Բոլոր քաղաքական խնդիրների, հարցերի դեղատոմսերն ունեն հայ տաքսու վարորդները: Էլ չենք  խոսում, որ մինչ այդ դեղատոմսերն ու լուծումները որպես վերին ատյանի ճշմարտություն իրենց ուղևորներին մատուցելը  զտման ինչ  փուլեր են  անցնում: Դե, նույնիսկ իշխանական վերին էշելոններում շրջանառվող լուրերը «տաք-տաք» կարելի է տաքսիստներից լսել: 
 
Ինչևէ, եթե կուսակցությունը կարողանա լուծել իր իսկ հետապնդած խնդիրները և կառավարության ու նախարարության ուշադրությունը բևեռի ոլորտի հիմնախնդիրների վրա՝ լուրջ ձեռքբերում կլինի: Դե նամուսի փրկության մասին էլ չենք խոսում, իսկ մեզանում ոնց որ թե՝ իսկապես, հիմնախնդիրները լուծելի են դառնում միայն քաղուժերի միջոցով: