Ինֆարկտների նախազգուշացում, անհավեսություն, կանխատեսում` ԱԺ-ում
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻՆ ՎԱՏ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Այսօր հայրենի խորհրդարանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատգամավորներին ներկայացրեց կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, որը նա որակեց որպես «Կյանքի որակ փոփոխող ծրագիր»:
- Մե՛նք պետք է կառուցենք մեր երկիրը,- վերստին հավաստեց վարչապետը, ապա հավելեց, որ գիտեն, թե ինչը փոխել և ինչպես սկսել իրագործել ծրագիրը:
Գործադիր մարմնի ղեկավարը հիշեցրեց՝ Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում է, որի 83%-ը շրջափակված է և միայն 17%-ն է բաց.
- Այստեղ կան հակասող շահերով բազմաթիվ խաղացողներ: Մենք կախվածություն ունենք համաշխարհային ցնցումներից: Ունենք նաև ներքին խնդիրներ, որոնց քաջատեղյակ ենք:
Սակայն պետք չէ հուսահատվել: Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ աշխարհում կան երկրներ, որոնք ավելի վատ «ստարտային» պայմաններում են եղել, բայց կարողացել են օրուգիշեր աշխատելով, բռնած գործին հավատով՝ հասնել լավ վիճակի:
- Ուզում եմ ռեալիստ լինել՝ հեշտ ճանապարհ չի լինելու: Պետք է աշխատել, կրթվել, անմնացորդ նվիրվել: ՀՀ-ն կլինի ստեղծագործելու և արարելու հենարան այն դեպքում, երբ առկա լինի մրցակցային վիճակ,-ասաց վարչապետը:
Կառավարության պատասխանատուն անդրադարձավ նաև մեր մշակույթին, որը պետք է օգտագործել՝ աշխարհին ներկայանալու համար.
- Մշակույթը հզոր զենք է. այն կարող է մարդկանց միավորել: Մենք ունենք շատ հարուստ մշակույթ, որը դարերով բերել ենք մեզ հետ: Մենք հաճախ զարմանում ենք, որ որևէ մեկը տեղյակ չի լինում մեր մշակույթից: Իսկ մենք ինքներս ի՞նչ ենք անում, որ աշխարհին ծանոթ դարձնենք մեր մշակույթը:
Ինչո՞ւ է վարչապետը ծրագիրն անհավես ներկայացնում: Գուցե 2018-ից վարչապետն այլևս ի՞նքը չի լինելու:
Այսպիսի հարց հնչեցրեց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:
- Անհավես չեմ,- հավաստիացրեց Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն՝ բավական ուշագրավ էր կառավարության ղեկավարի պատասխանը.
- Ես այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ: Գուցե 2018-ին դո՞ւք լինեք վարչապետ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ:
«Ելք»-ի մեկ այլ անդամ, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել իր այն տպավորությունը, թե խորհրդարանական մեծամասնությունը կարծես Սերժ Սարգսյանին համոզում է, որ նա այնուամենայնիվ, փոխի իր մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում:
- Ես ուզում եմ հասկանալ՝ դուք այդ համոզողների թվո՞ւմ եք, թե՞ ոչ: ԵՎ, ընդհանրապես, կհամաձայնե՞ք արդյոք 2018 թվականին կառավարությունում լինել փոխվարչապետ, կամ տարածքային կառավարման, կամ որևէ այլ նախարար,- հարցն այսպես ձևակերպեց պատգամավորը:
Դա փոքր-ինչ զարմացրեց կառավարության ղեկավարին: Մի՞թե համոզողներ էլ կան.
- Ես պատրաստ եմ լինել վարչապետ. այս պատասխանը ձեզ բավարա՞ր է: Երրորդ՝ ինչպես դուք եք ձևակերպել՝ համոզողների մեջ ես կա՞մ. ես չգիտեմ՝ համոզողներ կան, թե՝ չկան, բայց համոզողների մեջ ես չկամ:
Հարց հնչեց նաև ընտրակաշառքի մասին: Պատասխանը հստակ էր՝ ընտրակաշառքին վատ է վերաբերվում: Եթե փաստեր ունեն՝ թող դիմեն իրավապահներին:
ՀՀԿ-ական պատգամավոր Սեդրակ Սարոյանն էլ Կարեն Կարապետյանին հորդորեց Էջմիածնի կարկտահարված գյուղերին ուշադրություն դարձնել: Ապա կատակեց՝ եթե ինֆարկտներ լինեն, մեղավորը գյուղնախարարն է: