Սվիտալսկի-իշխանություն «փոխհրաձգությունը» շարունակվում է

ՆՈՐՄԱԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵՆՔ ՏՎԵԼ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ   իր՝ ՀՀ-ում ԿԸՀ-ն ավելի արժանահավատ դարձնելու հայտարարությանը հետևել են Հայաստանի սովորական քաղաքացիների դրական արձագանքները:
 
Պյոտր Սվիտալսկու խոսքով` Հայաստանում ԿԸՀ-ի կազմը փոխելու մասին իր հայտարարությունն արել էր շատ սիրալիր և կառուցողական տրամադրությամբ ու ոգով:
 
ԵՄ դեսպանը կարծիքով՝ կան հարցեր և խնդիրներ կան, որոնց մասին  ԵՄ-ն իրավունք և պարտավորվածություն ունի  խոսելու, բարձրաձայնելու: Ավելին, ըստ դեսպանի՝ իր  հայ գործընկերներն ընդունել են որոշակի գործընթացներում ԵՄ  ներգրավվածության  որոշակի պայմանավորվածություններ և պարտավորվածություններ: 
 
Հարցերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, որի իրականացման համար Հայաստանի և Եվրամիության միջև կնքվել են ֆինանսական համաձայնագրեր: 
 
- Ի՞նչ է սա նշանակում. երբ դուք ունեք պայմանագրային պայմանավորվածություն երկու կողմերի միջև, օրինակ, հիմնելու հակակոռուպցիոն և անկախ գործակալություն, միայն մեր իրավունքը չէ՝ որպես պայմանագրի կողմ, խոսել այդ մասին, դա իմ պարտականությունն է:
 
Բանախոսն ասաց, որ ինքը կարծում է, թե որոշ  հայաստանյան քաղաքական գործիչներ կամ անտեղյակությունից, կամ էլ չարակամությունից կարող ասել, որ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ներքին քաղաքականությանը: 
 
Ինչ վերաբերում է ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և ՀՀԿ մամլո խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին հայտարարություններին, Սվիտալկսին ասել է.  
 
- Ես կցանկանայի պարզապես հաստատել, որ Եվրամիությունը տրամադրել է զգալի ֆինանսական աջակցություն՝ ավելի քան 7 միլիոն եվրո. ֆինանսնավորման 90%-ը ԵՄ-ից էր: Եկեք հստակ լինենք՝ առանց ԵՄ-ի, ինչպես նաև առանց որոշ պետությունների մասնակցության, և ջանքերի, նոր տեխնոլոգիաների, ընտրական գործընթացը  չէր իրականանա: Բայց գաղտնիք չէ, որ ընտրական գործընթացին մեր աջակցությունը շատ ավելին էր, քան ֆինանսավորումը, տեխնիկական միջոցների տրամադրումը: Կցանկանայի շեշտել, որ մենք դա արեցինք հայաստանյան իշխանությունների բացահայտ խնդրանքի հիման վրա: Մենք երբեք չենք փորձել ստիպել, և եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ՝ մենք չենք ստիպի, չենք պարտադրի:
 
Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեսպանին խորհուրդ է տվել լուրջ քաղաքական գործունեությամբ զբաղվել. 
 
- ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ և՛ Դավիթ Հարությունյանը, և՛ ես, հստակ և նորմալ գնահատական ենք տվել, առանց որևէ մեկին վիրավորելու, բայց եթե պարոն Սվիտալսկիի մոտ նման տպավորություն է՝ դա իր խնդիրն է: Քաղաքական գործընթացներն ու քաղաքական հարաբերությունները հարսանիք չեն, որ ով փող վճարի, նա էլ պատվիրի երաժշտությունը. նման տրամաբանությամբ առաջ չեն շարժվում:
 
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ն պետք է դարձնել ավելի արժանահավատ, վստահություն վայելող կառույց՝ փոխելով կազմը: Հայտարարությանն արձագանքել էր  ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով. 
 
- Դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը Ազգային ժողովն է որոշում, Պյոտր Սվիտալսկին փորձ է անում միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը: