Տառապանքը փորձ ունի

ՀՈՒՍԱՆՔ՝ ՄԻԱՆՁՆՅԱ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Արշալույսները խաղաղ չեն Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունում: Երեկվանից մամուլը  թնդում է   դավաճանների մասին կտրուկ հաղորդագրությամբ: Մասնավորապես, «երկաթյա տիկինը», ինչպես հաճախ նրան անվանում են, վստահ է, որ իր կուսակցության երկու անդամները՝ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը, դավաճաններն են:
 
- Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը,- ասված է հայտարարությունում: 
 
Հաղորդագրությունն ի հայտ եկավ քաղաքապետարանի ավագանու վերջին լարված նիստից հետո, որին «Ավանգարդն» անդրադարձել է: Զարուհի  Փոստանջյանի խոստացած՝ դեպի դժոխք տանող  քայլերը կարծես թե  ԵԾ-ի ոչ բոլոր անդամների, տվյալ դեպքում՝ կուսակցության արական սեռի ներկայացուցիչների քիմքին է հաճո:  
 
Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը կոչ են արել առաջնորդվել սառը դատողությամբ և ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդել գործընթացներին: Ինչպես նաև՝ բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում և անկախ ամեն ինչից՝ պահպանել պրոֆեսիոնալիզմ ու հարգալից վերաբերմունք: 
 
Նրանք  նաև հիշեցրել են, որ էմոցիոնալ երանգներ հաղորդելով՝ խնդիրը չի լուծվում, այլ խորացնում է  քաղաքացիների հիասթափությունը:  
 
Իհարկե, ասվածը ճիշտ է. այս երկու ԵԾ-ականների կառուցողական մոտեցումը «Ելք» դաշինքի կեցվածքն է հիշեցնում, որը ոչ միայն մերժում, այլև դատապարտում է Զարուհի Փոստանջյանը:
 
Մյուս կողմից, սակայն, Զարուհի Փոստաջյանի մտավախությունն էլ կարելի է  հասկանալ: Իր  նախկին՝ «Ժառանգություն» կուսակցությունում, որին անսահմանորեն նվիրված էր, այնքան խարդավանքների, ինտրիգների, դավաճանության է ականատես եղել, որ կորցրել է վստահության որոշակի չափաբաժին:
 
Ավագանու ընտրություններից անմիջապես առաջ ստեղծված, կայացման ճանապարհին նոր ոտնադրած կուսակցությունում կարող են լինել խմորումներ, իսկ ինքնամաքրումը նույնիսկ պարտադիր է՝ ցանկացած առողջ օրգանիզմի համար: Բայց այսքան վա՞ղ…
 
Չէ˜, կամ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևն են «դիմակները» վաղ հանել, կամ՝ կասկածամտության որդն անխնա ախտահարել է Փոստանջյանի նյարդերը: 
 
Կուսակցությունում՝ որպես քաղաքական միավորի, վստահությունը կարևոր  գործոն է, և հավատ չներշնչողներից պետք է հաշիվ պահանջել ու հրաժեշտ տալ: Բայց ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող գործիչը չպետք է թույլ տա, որ կուսակցության ինքնամաքրման գործընթացը վերածվի միանձնյա՝ բռնապետական կառավարման: