«Միտքն ավելի կարևոր է, քան փողը»

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎՈՍ` ԱՐՑԱԽՈՒՄ

Հայկական գիտական մտքի  ճկունությունը շարունակում  է  զարմացնել  և՛ մեզ, և՛ օտարներին: Բայց արի ու տես, որ այն Հայաստանում չի գնահատվում: Թեմային անդրադառնալու առիթը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ հանդիպումն էր:
Հունիսի16-18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երրորդ անգամ համատեղ կանցկացեն «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում» համաժողովը, որին Հայաստանից 15, իսկ Արցախից՝ 6 քաղաքական ուժեր են մասնակցելու: 
 
- Համաժողովի  նպատակն է Արցախի հողի վրա միավորել այն քաղաքական թիմերին, որոնք մնացյալ հարցերում կարող են ունենալ տարաձայնություններ: Համաժողովում քննարկվելու է Արցախի հակամարտության խնդիրը: Աշոտյանը ցանկանում է  այս հարթակը դարձնել հայկական Դավոս, որտեղ մի կողմ կդրվեն բոլոր քաղաքական տարաձայնությունները:
 
Համաժողովին հրավիրված չէ ԵԾ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: 
 
Երևի զգուշացել են, որ տիկին Փոստանջյանը համաժողովը ևս դժոխքի կվերածի: Ինչպես Արմեն Աշոտյանը ձևակերպեց՝
 
- Բոլոր նորմալ մարդիկ դժոխքից կա՛մ վախենում են, կա՛մ չեն ուզում այնտեղ հայտնվել: Մի խոսքով՝ դժոխքը չեն վայելում: Եթե մարդը կամ քաղաքական ուժը ասում է, որ դժոխք է ստեղծելու և եթե նա պատրաստ է այդ դժոխքը վայելել, ուրեմն մի բան այն չէ, պրոբլեմ է: Չես կարող այլոց համար ստեղծել դժոխք, իսկ դու մնաս դրախտում, որովհետև գոնե պետք է լինես այդտեղ՝ խարույկը թեժ պահելու համար: Հետևաբար, եթե դժոխքից հաճույք պետք է ստանալ, ուրեմն դա, մեղմ ասած, քաղաքական նման դիրքորոշում է, կամ՝ չար ուժեր պետք է ներկայացնես, որպեսզի դժոխքից հաճույք ստանաս: 
 
Բնականաբար, լրագրողները չէին կարող շրջանցել ԱԺ-ի արտաքին հարաբերությունների  մշտական հարցերի հանձնաժողովին կից  հասարակական խորհրդի մասին հնչած դժգոհությունները, որին «Ավանգարդն» անդրադարձել է: Բանն այն է, որ խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկանում անվճար աշխատել: Արմեն Աշոտյանն էլ  խորհուրդ է տալիս երկու հոգու դժգոհությունը  բոլորի վրա չտարածել.
 
- Այս ամբողջ կարևոր նախաձեռնության մեջ մի թեմա եք բռնում` փողը:  Ես կաշխատեմ ու  կաշխատեցնեմ այդ խորհուրդը: Միտքն ավելի կարևոր է, քան փողը: Եթե ուզում են՝ թող աշխատեն, եթե չէ՝ չէ: Հետո չասեն, թե վասն հայրենյանց…,- վստահեցրեց Աշոտյանը:
 
Իսկ որքանո՞վ է արդար, որ  օրենսդիր մարմնում  պատգամավորները 600.000 աշխատավարձ ստանան, իսկ գիտական  մտքի համար ոչինչ չվճարեն: Կամ Աշոտյանը պատրա՞ստ է անվճար աշխատել: ՀՀԿ փոխնախագահը խնդիրն այս տեսանկյունից չի դիտարկում: Եվ որոշակի առումով կարելի է համաձայնել նրա հետ, որովհետև ասելիք ու անելիք ունեցող մտավորականը միշտ էլ ինքնաարտահայտման ամբիոն է որոնում՝ հաճախ չմտածելով անգամ վարձատրության մասին: