«Պոռնիկների» լյուստրացիա Վանաձորում

ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Մինչ Արտաշատի քաղաքապետի ընտրությունը, Հայաստանի ներքաղաքական  օրակարգի հիմնական  հարցերը կլինեն կառավարության ծրագրի և   քաղաքապետի հարցը: Բանն այն է, որ «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները միասին դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու  Վանաձորի ավագանու նիստերը: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ  ՍԴ են դիմում՝ ավագանու նիստերը բոյկոտելու պատճառով: 
 
Այս  պատմությունը խոր արմատներ ունի: Հիշեցնենք՝ նախորդ տարի Վանաձորի քաղաքապետի ընտրությունների 2-րդ փուլում  ձայների առավելությամբ քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ական նոտար Մամիկոն Ասլանյանը: Մինչդեռ քաղաքապետի պաշտոնը պետք է բաժին հասներ ԼՀ կուսակցության անդամ, Մամիկոն Ասլանյանի մրցակից Քրիստ Մարուքյանին, քանի որ ռեբրեդինգի ենթարկված ՀՎԿ-ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն սատարում էին Մարուքյանին: Անգամ համագործակցության հուշագիր էին ստորագրել: Ավելին, ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նույնիսկ հայտարարեց, թե ՀՀԿ-ականի օգտին քվեարկածները պոռնիկներ են: 
 
Որպես ընդվզում՝ ընդդիմադիրները բոյկոտում էին ավագանու նիստերը, բայց դա Մամիկոն Ասլանյանին  չէր խանգարում նիստեր գումարել: Ու ահա ԱԺ-ի ընտրություններից հետո  «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները դիմեցին վճռական քայլի: ՍԴ-ում ընդդիմադիրները պահանջում են հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով՝ ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները, փոքրամասնություն լինելով և քվորում չունենալով հանդերձ՝ սույն թվականի մարտ ամսից սկսած նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում։
 
Հետաքրքիրն այն է, որ ոմանց պոռնիկներ որակող և ԱԺ չանցած քաղաքական ուժն օրեր առաջ ասել է, թե ՀՎԿ Վանաձորի կառույցը սեպտեմբերին կորոշի՝ շարունակե՞լ Վանաձորի ավագանու նիստերի  բոյկոտը, թե՞ ոչ: Սա այն դեպքում, երբ  խորհրդարանի ընտրություններից հետո ՀՎԿ-ՕԵԿ-ը խոստանում էր հանրային խնդիրները պահել ուշադրության կենտրոնում, ակտիվ լինել: Թե ի՞նչ հաշվարկներ է արել  «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, կամ նրան ի՞նչ են խոստացել՝ հավանաբար կբացահայտվի  առաջիկայում: Բայց  ձեռքերը ծալել ու հրաժարվել պայքարից, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ էշն ուտել ու պոչին խռով անելն արդյո՞ք անսկզբունքայնություն չէ: 
 
Պակաս հետաքրքիր չէ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը: Որքան էլ այն իրեն հռչակի ընդդիմություն, միևնույն է, դաշինքը բազմաթիվ թելերով կապված է  իշխանության հետ, ամբողջությամբ ինքնուրույն չի կարող որոշումներ կայացնել: «Ելք»-ին սատարելն էլ, թերևս, ժողովրդավարության պատրանք ստեղծելու ու ներկուլիսային պայմանավորվածությո՞ւն է: 
 
Մյուս ենթադրությունն այն է, որ իշխանությունը կա՛մ որոշել է չմիջամտել այս խնդրին, կա՛մ վստահ է, որ Սահմանադրական դատարանը չի բավարարի ընդդիմադիրնեիրի պահանջը, հետևաբար խոչընդոտելու առիթ չկա:
 
Ամեն դեպքում, եթե ընդդիմադիրները հաջողության հասնեն, ու թեկուզ պայմանավորված սցենարը կյանքի կոչվի, ապա սա  դրական ազդակ կլինի վանաձորյան հանրության համար: Վանաձորցին կհասկանա, որ սկզբունքային ընտրությամբ կարող է իրավիճակ ու իշխանություն փոխել: