Հայկական կողմը «գրոհի» է անցել

ՇՇՆՋԱԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱԿԱՆՋԻՆ

 
Եվ այսպես՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի սպասված այցը Հայաստան  այսօր կայացավ: Այցի նպատակն Արցախի հարցն է: Արդեն երկար ժամանակ է, որ Մինսկի խմբի պետությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ջանում են գոնե կարճաժամկետ լուծում գտնել Արցախի համար: Թեև այս պետությունների միջև կան տարաձայնություններ Սիրիայի հարցում, բայց  Արցախի խնդրում միակարծիք են՝ ոչ մի պատերազմ այս լարված իրավիճակում: Կոպիտ ասած՝ не до Армении. Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը կարողանում է  ղեկն իր ձեռքում պահել: Նախ հասանք նրան, որ Մինսկի խումբը մոտ մեկ ամիս առաջ հասցեական հայտարարություն արեց՝ Բաքվին մեղադրելով հրադադարի ռեժիմն առաջինը խախտելու ու ռազմական սադրանք սկսելու համար, որին  հաջորդել է հայկական կողմի պատասխանը: Այսօր էլ  հայկական կողմը, այսպես ասած, զգույշ թելադրողի դիրքերից է խոսել: 
 
Էդվարդ Նալբադյանն ասել է, որ թեև համանախագահների մայիսի 18-ի հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլև անել լրիվ հակառակը: Նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, երբ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը:
 
Ասել է թե՝ ժամանակն է, որպեսզի Մինսկի խմբի պետությունները գործնական քայլեր անեն: Եթե, իհարկե, իսկապես չեն ցանկանում նոր պատերազմ մեր տարածաշրջանում: 
 
Իսկ այն փաստը, որ Հայաստանն արդեն քառորդ դար ադրբեջանցոց չհայտարարված պատերազմին է դիմակայում և միշտ պատրաստ է հետ շպրտել ելուզակներին՝ հայտնի է նաև միջազգային հանրությանը: Դա երևաց անգամ  Միջազգային ճգնաժամային խմբի միակողմանի զեկույցից: Հայկական կողմը  զիջումներ չի անի, որի մասին բաց հայտարարեց Արցախը: Կունենա՞ն  Մինսկի խմբի պետությունները կամք՝ Բաքվին ստիպելու զիջումներ անել Երևանի «օգնությամբ»: Այսինքն՝ հուշել եռանախագահներին, թե ինչ կարող են պոկել Ադրբեջանից: 
 
Կա մեկ այլ տարբերակ՝ պատերազմից խուսափելու համար. հայկական կողմը կարող է նոր օրակարգ առաջ քաշել՝ երկարաձգելով ստատուս քվոն:  
 
Ի դեպ` հունիսի 13-ին եռանախագահները կայցելեն Ստեփանակերտ: