Հրեշտակները, բոմժերը` ԱԺ-ում
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն ԱԺ-ում բուռն քննարկվեց` հրեշտակներից մինչև հայապահպանություն ու «գործ տվողներ»: Օրինագիծն ԱԺ-ում ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` հակակոռուպցիոն նոր մարմինն ունենալու է հետևյալ գործառույթները՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի ստուգում, արժանահավատության ստուգում, վերլուծություն և, դրա արդյունքում հայտնաբերված համապատասխան խախտումների դեպքում՝ պատասխանատվություն: Հակակոռուպցիոն մարմինը կիրառելու է վարչական պատասխանատվություն և պահանջելու է լրացուցիչ բացատրություններ:
- Եթե այս մարմինը կունենա կասկածներ կամ վերլուծության արդյունքում կհանգի եզրակացության, որ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա այդ մասին տեղեկությունը կտրամադրի Գլխավոր դատախազությանը,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Զավեշտալի ու ուշագրավ էր ԱԺ «նորաբնակ» պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի բնութագրումը.
-Մենք հայպահպանության խնդիր ունենք: Երբ կարդում եմ այս նախագիծը, տպավորությունն այն է, որ միմյանց վրա «գործ ենք տալու»: Հիմա ինչ, գործի գալուց իրար աչքերի մեջ չնայե՞նք:
«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով էլ հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է շատ լավ տիրապետեն շատ լավ բաների.
- Եթե մի քիչ գրոտեսկի վերածենք, ապա գերազանց պետք է ավարտած լինեն Օքսֆորդը, Քեմբրիջն ու լինեն հրեշտակային անձնավորություններ: Բայց կա հաջորդ հարցը. այդ հրեշտակը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք ունի՞, թե՝ ոչ, որովհետև այդ հրեշտակը կարող է հակակոռուպցիոն մարմնի աթոռին նստի ու հրեշտակի նման թևածի Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա:
Փաշինյանին նաև զայրացրել էր «գործ ենք տալու» արտահայտությունը: Նա իր գործընկերներին հորդորեց հիշել, որ դա գողական աշխարհի բառապաշար է:
«Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շահերի բախման կամ ունեցվածքի ոչ համապատասխանության դեպքում որևէ խնդիր չի բարձրաձայնել:
Պատգամավորը պնդում է` ՀՀ-ում շատերի համար պաշտոնը հարստացման հիմնական «ֆորմուլան է», և քանի դեռ այդպես է, լինելու են կեղծ հայտարարագրեր, որոնցում անձը որոշ դեպքերում ներկայացված է որպես «բոմժ», բայց իրականում ամենքին է տեսանելի նրա իրական ունեցվածքը: Նա առաջարկում է ընդդիմությանը հնարավորություն տալ՝ թեկնածու առաջադրելու ստեղծվելիք հակակոռուպցիոն նոր մարմնում: