Պատերազմի խուճապ տարածելը՝ եկամտի աղբյուր

ԹԵՐԹԵ՛Ք ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ

 
Պարզվում է՝ մարդկանց մեջ խուճապ տարածելը միջազգային որոշ  կենտրոնների համար փող վաստակելու և աշխարհաքաղաքական ինչ-որ բևեռին ծառայելու լավ առիթ է:  Խոսքը «Միջազգային ճգնաժամային խումբ» կառույցի  զեկույցի մասին է: 
- 2016 թ-ի ապրիլյան պատերազմը հրահրող քաղաքական և անվտանգության գործոններն առավել սրված են,- գրել են զեկույցում, ապա որպես ապացույց հիշեցրել սույն թվականի հունվար ամսից շփման գծի երկայնքով կիրառված ռազմատեխնիկայի տեսակներն ու հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունը։
 
Մյուս փաստարկը, որը  հիշել են զեկույցի հեղինակները, Հայաստանի և Ադրբեջանի բալիստիկ հրթիռներ ունենալն է.
 
- Երկու կողմերն էլ ունեն բալիստիկ հրթիռներ, որոնք ի զորու են թիրախավորել քաղաքացիական, տնտեսական և ռազմական ենթակառուցվածքներ երկու պետությունների տարածքում։ Երկու կողմերն էլ գիտակցում են նման զարգացմումների կործանիչ հետևանքները. այդ թվում՝ խոշոր տարածաշրջանային տերությունների` Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավումը հակամարտութունում, որոնք ունեն ռազմական պայմանագրեր համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Այնուհանդերձ, փոխադարձ զսպման այս գործոնն ամբողջապես չի չեզոքացնում սահմանափակ ռազմական օպերացիայի հնարավորությունը, որը նպատակ կհետապնդի գրավել որոշակի տարածքներ, ինչն էլ իր հերթին կարող է վերահսկողությունից դուրս գալ և վերածվել առավել խոշոր տարածաշրջանային պատերազմի:
 
Հայկական կողմն անարձագանք  չի թողել  այս զեկույցը: Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, նախ ասել է, որ   պատերազմի վտանգ միշտ էլ կա, ապա արդարացիորեն զարմացել, թե ինչո՞ւ են զեկույցի հեղինակները շրջանցել Ադրբեջանի նախահարձակ գործողությունները դատապարտող ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հասցեական հայտարարությունը, քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական կողմի բռնությունները, վարձկաններին պատերազմին մասնակից դարձնելու հակառակորդի պրակտիկան։ 
 
Քանի որ հազիվ թե փաստաթղթի հեղինակներն արձագանքեն այս հարցերին, որոնց պատասխանները պարզ են՝ դա մենք կանենք նրանց փոխարեն: 
 
Հիշենք, որ այսպիսի խուճապային հայտարարություն հնչեցրել է նաև ԱՄՆ-ի հետախուզության ծառայության ղեկավարը:
 
Եթե այսպիսի հայտարարությունները լինեին Ապրիլյան պատերազմից առաջ կամ գոնե դրանից հետո հստակ գնահատականներ տրվեր Բաքվի ռազմատենչ սադրանքներին՝ հավատընծա կլինեին ու շնորհակալության կարժանանային: Բայց հիմա, երբ հայկական կողմը  վերազինվել է, ամրացրել է դիրքերը, մի քանի անգամ առանց զոհերի կանխել է Ադրբեջանի սադրանքները, նման միակողմանի խոսքերը կամ զավեշտ են հիշեցնում, կամ խուճապ առաջացնելու նկրտում:
 
Վերջին տարբերակն ավելի հավանական է, որովհետև պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանից զիջումներ կորզել «չկարողանալու» պատճառով  փորձում են Հայաստանին «նեղը» գցել: 
 
Եթե Ռուսաստանում այս զեկույցներին հավատացողներ կան, հորդորում ենք իրենց իսկ երկրի պատմությունը թերթել և վերհիշել, թե ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս և ո՞ւմ հողերը նվիրեց խաշնարած քոչվորներին՝ նրանց պետության տեր դարձնելով: Հողեր նվիրեց ու արհեստածին պետություն ստեղծեց, որն այսօր պատուհաս է դարձել  աշխարհի գլխին: