Խաղաղություն՝ ալիևյան ձևով

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Աշխարհին ուղղված ծաղր է, երբ առավելագույնը 100-150 տարվա պատմություն ունեցող պետության ղեկավարը, որին չես ասի՝ անկիրթ է, փորձում է հավատացնել, որ առնվազն վեց հազարամյակների ճանապարհ անցած Հայաստանն է ադրբեջանական հողերի վրա հիմնավորվել, այլ ոչ թե հակառակը: Անպատկառությունն էլ, ի վերջո, պետք է չափ ու սահման ունենա:
 
Ավելի քան մեկ ամիս է անցել Վաշինգտոնում հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, սակայն պատերազմի սևեռուն գաղափարը դեռ շարունակում է հետապնդել հարևան երկրի ռազմատենչ առաջնորդին: Իլհամ Ալիևն անթաքույց պատերազմի պատրաստություններ է տեսնում՝ թեպետ ՀՀ-ում փորձագիտական և հանրային գերիշխող կարծիքը բացառում է լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը: Համենայն դեպս՝ մինչև 2026-ի ամառ, երբ կբյուրեղանան հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքով պայմանավորված քաղաքական ուժերի վերադասավորումները:
 
Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանի առումով նենգ ու հեռագնա նպատակներ փայփայող ապշերոնյան սուլթանը կհրաժարվի պատերազմ սադրելու մտքից՝ հատկապես իր համար նպաստավոր իրադրություն ստեղծվելու դեպքում: Այսօր ակնհայտ է, որ ԱՄՆ մայրաքաղաքում օգոստոսի 8-ին տեղի ունեցած եռակողմ պայմանավորվածություններից հետո Ալիևը դույզն-ինչ չի փոխել Երևանի նկատմամբ իր քաղաքականությունն ու նախահարձակ ճամարտակությունները: Նա ամենևին էլ իրեն խաղաղության հարգն իմացող գործչի պես չի պահում. Իլհամը էությամբ պատերազմի հրձիգ է՝ քինախնդիր, լկտի և պարծենկոտ: Նկատե՞լ եք՝ Հայաստանի մասին խոսելիս միշտ սպառնալիքներ է տեղում՝ օդում թափահարելով բռունցքը:
 
Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տալիս անընդհատ միջամտել Հայաստանի ներքին գործերին. արդեն քանի անգամ առաջ է բերել ՀՀ սահմանադրության ու Անկախության հռչակագրի փոփոխության պահանջը՝ իբրև «Խաղաղության համաձայնագրի» կնքմանը խոչընդոտող լրջագույն հանգամանք: Իր երկրի Սահմանադրության մասին, որտեղ հստակ տարածքային պահանջներ կան Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նա լռում է, բայց հայկական կողմին հազար ու մի պահանջ է ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուց մինչև բանակի համար գնած զենքերի հետվերադարձ, քանի որ դրանք, իր պնդմամբ, խանգարում են խաղաղության հաստատմանը:
 
Հիմա հարց Ալիևին՝ իսկ մի՞թե խաղաղության հաստատմանը չեն խանգարում տարիներ շարունակ Բաքվում ապօրինաբար հայ գերիների պահումը, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների պատանդառումն ու շինծու դատավարությունները, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի չդուրսբերումը, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որը բացահայտ ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բերված փաստերը բնավ բոլորը չեն, բայց բավարար են՝ համոզվելու համար, որ նման պայմաններում իրական խաղաղության մասին ավելորդ է խոսել: Խաղաղության փաստաթուղթ նախաստորագրած անձը Վաշինգտոնից վերադառնալուց օրեր անց չէր հայտարարի, թե՝ «մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի»:
 
Օգոստոսի 21-ի ելույթում Բաքվի բռնապետը կարևորել է երկրի ռազմական հզորության մեծացումն ու անվտանգության երաշխավորումը, որի ուղղությամբ, ըստ նրա, պատշաճ միջոցներ են ձեռնարկվում. «Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ներկայումս պայմանագրեր են կնքվել նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ գործող ինքնաթիռները լիովին արդիականացվել են»,- պարզաբանել է Ալիևը: Ճակատագրի հեգնանքով՝ նույն օգոստոսի 21-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը ևս անդրադարձել է անվտանգության համակարգին՝ հայտարարելով. «Հնարավոր է՝ 2026թ.-ին պետբյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չլինի կամ, ընդհանրապես, չլինի»:
 
Մինչ Փաշինյանը՝ ապավինելով խաղաղության «թղթին», նպատակահարմար չի գտնում 2026-ի բյուջեում ավելացնել պաշտպանական ծախսերը, Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ արդեն ավարտվել է Հայաստան բնակության մեկնելու համար 100 հազարից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը: Այսինքն՝ Բաքվի իշխանությունները զուգահեռաբար շարունակում են առաջ մղել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որը ներառում է ՀՀ-ի ողջ տարածքը։ Ծրագրի վերջնական նպատակն է ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությամբ հասնել Հայաստանի լիակատար բռնազավթմանը: