Անգամ դավաճան հայերը չօգնեցին Բաքվին
ԱԼԻԵՎԸ ՀՈՒՅՍԸ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐՆ ԵՆ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ՞Ն ԻՆՉԸ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ
Մարդագլուխն ու մարդաքանակը չեն կարող Արցախի խնդրի կարգավորման համար որոշիչ դեր ունենալ: Եթե Մինսկի խմբի համանախագահներին թվում է, որ Բաքուն մեծ լավություն է անում Հայաստանին կամ Արցախին՝ դիտորդների թվի ավելացման համար իր համաձայնությունը տալով, չարաչար սխալվում է: Իր համաձայնությամբ հեյդարօղլին ամենաշատը Մինսկի խմբի գլուխն է շոյում՝ թե իբր ձեր ցանկությունը չեմ մերժում:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է՝ տասն օրից եռանախագահները կժամանեն Հայաստան: Նրանք Ստեփանակերտ այցելելու ցանկություն ևս հայտնել են:
Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու՝ չեն մանրամասնել, հետևաբար վերջին զարգացումներից կարող ենք ենթադրություններ անել:
Նախ կարող ենք արձանագրել, որ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը դեռ նախաձեռնողի ու այսպես ասած «թելադրողի» դերում է:
- Հայաստանը միշտ կողմ է եղել Ադրբեջանի հետ թե՛ արտգործնախարարների, թե՛ նախագահների մակարդակով հանդիպմանը, և եթե հասունանա վիճակը, տարվեն աշխատանքներ կազմակերպման համար, հնարավոր կլինի հանդիպում անցկացնել: Եթե անհրաժեշտություն ու առաջարկ լինի, գուցե նաև կքննարկվի հետագա հանդիպումների անցկացման հարցը: Կարծում եմ՝ այս պահին կարող է խոսք գնալ միայն նախարարների մակարդակով հանդիպման մասին, որպեսզի համապատասխան աշխատանք տարվի՝ հետագայում նաև նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար,- ասել է ԱԳ նախարարը:
Ըստ էության, արտաքին քաղաքականության պատասխանատուն հասկացրել է, որ հանդիպման անհրաժեշտությունը կորոշի Հայաստանը, իսկ ձևական հանդիպումներ Երևանին պետք չեն:
Նալբանդյանը նաև անդրադարձել է վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Արցախի հակամարտությունը պետք է լուծվի «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:
Ըստ Նալբանդյանի՝ այդ հայտարարությունն անհեթեթություն է այնպես, ինչպես Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, որը հարգում է բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները և հանդուժողական երկիր է:
Ադրբեջանի նախագահի այս անհեթեթությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Բաքուն չի ցանկանում խնդիրը խաղաղ ու անարյուն կարգավորել: Ու քանի որ տապալվեց անգամ խաղաղությամբ Արցախի հողերի հանձնելու ծրագիրը Ադրբեջան փախած մի քանի դավաճան հայերի «շնորհիվ», Ալիևը կարծես թե հույսը նորից դրել է նավթադոլարներով գնված զենքի վրա, որով գրեթե ամեն օր խախտում է հրադադարը: Հավանաբար, միջնորդ պետությունները գալով Հայաստան՝ գուցե ակնկալում են զիջումներ հայկական կողմից՝ 1994 թ-ի զինադադարի կնքման փորձը հաշվի առնելով. հույս ունեն՝ միակողմանի զիջումներ կորզել Ստեփանակերտից ու Երևանից:
Եռանախագահների այցելության արդյունքները կամ հետևանքները, դրանից բխող զարգացումները երկար չեն սպասեցնի, բայց ԵՄ-ի, Մինսկի խմբի պետությունների հայտարարությունը, թե Արցախի խնդիրը պետք է կարգավորվի միայն Մինսկի խմբի ձևաչափով, վերստին հուշում է, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ ստատուս քվոյի պահպանման ու Մինսկի խմբի կողմից Ադրբեջանին հասցեական քննադատելու գործընթացի շարունակականության պահպանման համար: