Լավագույն պայմանագիրն աշխատատեղեր ստեղծելը կլինի
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ-Ի ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ
Եվրոպան կարծես թե թերագնահատում է Հայաստանը կամ էլ հասկացնում՝ եթե մեզ հետ եք, կստանանք, ամեն ինչ, եթե ոչ՝ բավարարվեք փշրանքներով: Այսպիսի եզրահանգում կարող ենք անել՝ լսելով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերի խոսքը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին:
Ասվածը մասնավորապես վերաբերում է ԵՄ հետ ստորագրվելիք նոր համաձայնագրին, որի շուրջ Հայաստանը բանակցում է արդեն 2 տարուց ավելի:
Հիշեցնենք. 2013-ին մեկ գիշերում, ինչպես պնդում են արևմտամետները, Հայաստանը դարձավ Մաքսային, ապա Եվրասիական տնտեսական միությունների անդամ՝ չնայած 3 տարի բանակցում էր ասոցացման համաձայնագրի ստորագրման համար: ԵՏՄ անդամ դառնալուց հետո, հավանաբար, հայկական դիվանագիտական խողովակներով մերոնք եվրոպացիներին հասկացրին, որ նման որոշումը բխում էր Հայաստանի անվտանգությունից: Թերևս այդ պատճառով էլ աղմուկ-դժգոհությունից հետո եվրոդռները կիսաբաց թողեցին:
Սակայն նոր համաձայնագիրը, ըստ լավատեղյակների, ասոցացման համաձայնագրի նման արտոնյալ պայմաններ չի ընձեռելու մեր երկրին: ԵՄ հետ այդ փաստաթղթի ստորագրման հիմնական նպատակն այն ժաանակ ազատ, անմաքս առևտրի գաղափարն էր:
Այս դրույթը ԵՄ հետ նոր պայմանագրում չկա, ու զարմանալի է, թե ինչո՞ւ և ինչո՞վ է Դեյվիդ Մաքալիստերն այն կարևորում Հայաստանի բիզնես դաշտի համար:
ԵՄ ներկայացուցչի խոսքերը, թե հույս ունի, որ այս մանրակրկիտ և բարդ բանակցային գործընթացը կհասնի ավարտին՝ թերևս ուղղված է նաև Մոսկվային: Այսինքն, մտահոգություն կա, թե չլինի հանկարծ նախորդ անգամվա պես Ռուսաստանը խոչընդոտի այս պայմանագրի ստորագրմանը:
Մյուս կողմից, սակայն, Եվրոպայի կողմից տնտեսության, բիզնեսի դռները փակ թողնելը շահեկան է դառնում Մոսկվայի համար: Վերջինս գույք-պարտքի դիմաց գործարքով գնել է Հայաստանի մի շարք ձեռնարկությունները, աշխատեցնում դրանք իր ուզածի պես ու հետո երեսով տալիս, թե միայն ինքն է դաշնակից երկրի համար աշխատատեղեր ստեղծում:
Թե կոնկրետ քաղաքական ինչ պահանջներ է դնելու ԵՄ-ն այս համաձայնագրով՝ կհստակեցվի ստորագրումից հետո: Բայց հուսանք, որ քաղաքական պահանջների կատարումից հետո Եվրոպայի բիզնես դռներն էլ կբացվեն Հայաստանի համար: Ինչպես ասում էր Վասակ Մամիկոնյանը՝ մեր մի ոտքը մի լեռան վրա, մյուս ոտքը մյուս լեռան վրա կլինի: