Երկիրս «մասնավորեցվում» է

ԴԱՌԸ ՓՈՐՁԸ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌԵԼ

Պետությունն ինչո՞ւ  պետք է  լինի վատ կառավարիչ, որ  պետական շենք-շինությունները մասնավորեցվեն: Մեր հայրենակիցները «խոպան»են գնում՝ մի կտոր հաց վաստակելու, իսկ մեր երկիրը դառնում է խոպան՝ նաև օտարների համար: Ընդորում՝ ոչ թե մի կտոր հացի չափով աշխատանք տալով ապրուստի միջոց  չգտնողներին, այլ կարևոր նշանակության կառույցներ սեփականաշնորհելով:
Անհանգստությունն անտեղի չէ, քանի որ կառավարությունը հավանության է արժանացրել   մոտ 3 տասնյակ  շինությունների մասնավորեցման մասին օրինագիծը:  
 
Հետաքրքիր է, որ համատարած այս մասնավորեցման գործընթացում անտեսվում է Արշակունյաց 2ա հասցեում գտնվող Մամուլի տունը: Այն կոմունիստները կառուցել էին լրատվամիջոցների աշխատակիցների կուսանդամավճարներով: Այսօր այդ շենքի վիճակը մխիթարական համարել չի կարելի. պետական միջոցները սուղ են: Այդ դեպքում ինչո՞ւ այն ևս չի մասնավորեցում՝ այնտեղ վարձակալությամբ տարածք ունեցողներին:
 
Ուսումնասիրելով  մասնավորեցվող շինությունների ցանկը՝ տեղեկանում ենք, որ  մասնավորեցման ենթակա շինությունների շարքում կան թչ միայն առողջապահության, հյուրանոցային համալիրներ, այլև պետական ու ռազմավարական նշանակության օբյեկտներ: Օրինակ, Կառավարության ընդունելությունների տունը, Հայփոստը:   
 
Եթե մասնավոր բիզնես կառույցների սեփականաշնորհումը տարիների ընթացքում ինչ-որ կերպ արդարացել է, բերել է եկամուտներ,  նպաստել զբոսաշրջության զարգացմանը, ապա ինչպե՞ս հասկանալ  Հայփոստի  մասնավորեցումը: Պատմության փորձը ցույց  է տալիս, որ երկրում մայդանային, հեղափոխական իրավիճակ ստեղծելու համար  հարձակվում են հեռահաղորդակցության օբյեկտների վրա: Հիշենք  ԱԱԾ-ի վնասազերծած  հանցավոր խումբը, որի մեջ  ներգրավված էր եղել հանրային հեռուստատեսության աշխատակից: Արդյո՞ք այս գործոնն ու նախադեպը հաշվի է առել գործադիր մարմինը: 
 
Պետական կառույցների մասնավորեցման անհաջող փորձ  եղել է մշակութային արժեք համարվող Հայֆիլմի շենքի մասնավորեցումը: Որոշ ժամանակ անց այն  ավերակների վերածվեց: Իրավիճակն այնքան  մտահոգիչ էր, որ պետությունը մասնավորից հետ վերցրեց շենքն ու վերապետականացրեց:  
Սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում են նաև առողջապահական կենտրոններ, որոնցից մեկից անվճար օգտվում է չունևոր խավը: Մասնավորեցումից հետո հազիվ թե ներդրողը  համաձայնի անվճար ծառայություն մատուցել:
 
Մի խոսքով՝ վաճառում ենք պետական գույքը: Հետո, երևի հերթը կհասնի ամբողջական տարածքների. դիցուք՝ կմասնավորեցվեն գյուղական ու քաղաքային համայնքներ: Իսկ լավ վճարող գնորդները կարող են լինել նաև օտարներ, ովքեր ներդրումների անվան տակ մի լա˜վ կթալանեն արդեն կիսով չափ ավերակ դարձածը…
 
Հետաքրքիրն այն է, որ  սեփականաշնորհումից բացի՝ կառավարության ղեկավարը  չի խոսել այդ օբյեկտների հետագա ճակատագրի, մտահոգությունների ու սպասվելիք ներդրումների մասին: Հուսանք՝ գործադիրի ղեկավարը կանդրադառնա այս հարցերին: