Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում թաղել Մինսկի խումբը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Կան թեմաներ, որոնք շատ արծարծվելուց որքան էլ մաշված ու ձանձրալի են թվում, այդուամենայնիվ, կարիք ունեն հավելյալ լուսաբանման: Դրանք հիմնականում անցյալի դիպվածների, իրադարձությունների մասին դատողություններ են, սակայն ուղղակիորեն վերաբերում են Հայաստանի Հանրապետության ապագային:
 
Ինչպես նկատել եմ, ոչ բոլորն են լավ հասկանում աշխարհում և մեր երկրում ստեղծված իրավիճակի շատ հանգամանքներ՝ կապված ապագայի հետ։ Այդ պատճառով ինքս ինձ նույնքան ձանձրալի հարց կտամ՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան համառորեն փորձում թաղել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ընդ որում՝ նա ոչ միայն ցանկանում է հուղարկավորել հատուկ ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային այդ կառույցը, այլև քանդել նրա ապագա գերեզմանոցը, ինչպես վարվում է Արցախի բազմաթիվ հայկական գերեզմանոցների հետ։ Թերևս՝ դեռ վախ կա այդ երկրի կառավարիչների սրտերում հենց Մինսկի խմբի գործունեության վերաշխուժացման առնչությամբ՝ վախ ապագայի համար։
 
Ինչո՞ւ է Ադրբեջանը համառորեն ստիպում միջազգային հանրությանը՝ ճանաչել, որ ինքնուրույն կերպով ինքը լուծել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքին լիովին համապատասխան։ Արցախցիները վտարվել են, իսկ ՀՀ ղեկավարությունը հոգնել է կրկնելուց, որ խնդիրն իր քաղաքական օրակարգում չկա և մտադիր չէ այն վերստին բարձրացնել։ Ավելին՝ Ադրբեջանը հայտարարում է, որ երբևէ խնդիր չի եղել ԼՂՀ-ի հետ, այլ եղել է Ադրբեջանի տարածքի 20%-ի երեսնամյա բռնազավթում։ Խնդիրը լուծվել է ուժի կիրառմամբ, և հակամարտությունը սպառված է։ 
Ահա սրան է Բաքվի միապետը հանգեցնում հակամարտության ողջ պատմությունը։ Ըստ նրա, մնում է, որ ՀՀ-ն ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները, և այդժամ հնարավոր կլինի կնքել խաղաղության պայմանագիր ու որոշել անկախ Հայաստանի գոյության պայմանները։ Ադրբեջանն, ընդ որում, չի շտապում ստորագրել արդեն համաձայնեցված՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին պայմանագրի տեքստը։ Իսկ ՀՀ իշխանություններն ու իշխանամետ փորձագետներն այս իրավիճակը համարում են «առաջընթաց քայլ»՝ վստահեցնելով, որ հակամարտության և նոր ագրեսիայի համար որևէ հիմք չկա։ Մի օր Ադրբեջանը կստորագրի պայմանագիրը: Այսինքն՝ ձևացնում են, թե ամեն ինչ անցյալում է՝ ինչ եղել է, եղել է։
 
Այդ ամենը, կարծես թե, տրամաբանական է։ Լիակատար համաձայնություն կար, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի հանրապետության հարաբերություններն ի սկզբանե հանգում էին բացառապես Արցախի պատկանելիության մասին վեճի։ Վեճի թեման այժմ վերացված է, խնդիրը՝ սպառված։ Նրանք, ովքեր համաձայն չեն, իրավիճակի վրա ազդեցության դաշտից դուրս են, և նրանց կարծիքները ոչինչ չեն փոխում:
 
Եվ, այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունեն։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձում են այլ փաստարկ գտնել՝ Ադրբեջանին ապացուցելու իրենց հավատարմությունը ԼՂ հիմնախնդրի վերջնական փակմանը, չեն կարողանում համոզել համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության հարցում։ Այստեղ մեզ մնում է միայն ընդունել, որ Ադրբեջանն ու Հայաստանը ի սկզբանե ունեցել են և ունեն տարբեր պատկերացումներ Խորհրդային Միության Սահմանադրության լուծարումից հետո ծագած ազգամիջյան հակամարտության պատճառների մասին։
 
Ադրբեջանական պետության և համանուն ժողովրդի առաջացման պատմությունը չէր կարող չստեղծել իրականության փոխբացառող գնահատականների նման իրավիճակ։ Եվ պետք է խոստովանել, որ այսօր Ադրբեջանն այլ ծրագրեր ունի ոչ միայն Երևանի, այլև հենց հայ ժողովրդի հետ կապված։ Այդ երկրի նախագահը վերջերս ևս մեկ անգամ կրկնեց, որ Ղարաբաղի չլուծված խնդիրը խոչընդոտում էր Հայաստանի հանդեպ իրական քաղաքականության ձևակերպմանն ու պլանավորմանը։ Եվ հիմա եկել է ժամանակը հայտարարելու, որ հայերը կարող են պետություն ունենալ միայն այն դեպքում, երբ ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները։ Այն, ինչ նա անում է այս ուղղությամբ, շատերն իրենք կարող են տեսնել:
 
Եթե այս ամենին մոտենանք ամենայն լրջությամբ (և դա պետք է արվի միջազգային կարգի շարունակվող փլուզման համատեքստում), ապա պարզ է դառնում, թե ինչու է Ալիևն առաջարկել Հայաստանին համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը, տվել իր համաձայնությունը տեքստին և ցույց տվել, որ կարող է ստորագրել միայն լրացուցիչ պայմաններով։ Պարզ ասած՝ այս տեքստը ոչ մի կապ չունի խաղաղության պայմանագրի հետ։ Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուղարովը լիովին պարզաբանեց «խաղաղության պայմանագրի» նշված տեքստի իմաստը։
 
Ավելին՝ նա դա արեց ոչ միայն հայ քաղաքական գործիչների, այլ նաև ադրբեջանցիների համար՝ մատնանշելով, որ նրանք նույնպես լավ չեն հասկանում, թե ինչու էր Ադրբեջանի նախագահի համար կարևոր՝ ստիպել Հայաստանին, որպեսզի վերջինս ընդունի այդ փաստաթղթում Ադրբեջանի բոլոր պայմանները։ Զուլֆուղարովը հայտարարել է, որ «հայերն ու նրանց հովանավորները» ցանկանում են համաձայնագրում տեսնել «խաղաղության պայմանագիր», որը կարող է ապահովել երկրների միջև խաղաղության հաստատման հետագա գործընթացը։
 
Դիվանագետն այս մոտեցումը համարեց ոչ այնքան միամտություն, որքան փաստաթղթի էությունը փոխարինելու փորձ։ Նա փաստաթուղթն անվանել է «շրջանակային համաձայնագիր», որում համաձայնեցված են բոլոր պայմանները, որոնց հիման վրա հնարավոր են Ադրբեջանի և Հայաստանի միջեւ հետագա հարաբերություններն ու բանակցությունները։ Փաստորեն՝ կատարված ագրեսիայի և Արցախի վերացման արդյունքում Ադրբեջանը պետք է նման փաստաթղթի տեսքով ստանա Հայաստանի համաձայնությունն այն ամենի օրինականության վերաբերյալ, ինչ արվել է 2020 թվականից մինչ այժմ։ Եվ դա պայման կդառնա Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու Հայաստանի համար։
 
Խաղաղության ծրագիրն ինքնին վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի բոլորովին այլ հարաբերություններին, որտեղ խնդիրներ կան բռնազավթման համար վերջինիս մեղքի ճանաչման, դրա համար փոխհատուցման պատրաստակամության, ինչպես նաև «ֆաշիզմը հայկական ազգային գաղափարախոսությունից արմատախիլ անելու» հանձնառության հետ։ Ասեմ, որ սա շատ նորաձև հայեցակարգ է ներկա պայմաններում ցանկացած ագրեսիա արդարացնելու համար։ Այսինքն՝ արդեն համաձայնեցված 17 սկզբունքների շրջանակներում պետք է քննարկվեն նշված խնդիրները և ապահովվի խաղաղ գոյակցություն ապագա Հայաստանի հետ։
 
Բոլորի համար պետք է պարզ լինի, որ Ադրբեջանը կատակ չի անում: Բայց միանգամայն թափանցիկ է նաև այն, որ Ադրբեջանը նման լայնածավալ նախագծի համար տեսնում է մեկ լուրջ սպառնալիք՝ այլ երկրների միջամտության սպառնալիքը։ Դրա համար միշտ կարող են լինել քաղաքական և իրավական հիմքեր՝ դրանք շատ են։ Եվ այս ոլորտում գլխավոր ականը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի երևակայությունների ու հանցագործությունների վկան։ Հասկանալի է, որ հայկական պետության գոյության բոլոր հակառակորդները նախևառաջ պետք է թաղեն միջազգային այս կառույցը։
 
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ