Հակակշիռ՝ կառավարությանը
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների առավելություններից մեկը կարծես նկատում ենք: Ջատագովները կարևորում էին օրենսդիր և գործադիր կառույցների հակակշիռը: Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին տալով կադրերի նշանակման ազատություն, ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բնականաբար, չէր կարող կառավարության ձևավորմանն անմասն մնալ:
Ըստ լուրերի՝ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև հիմնական տարակարծությունները եղել է ՊԵԿ նախագահի նշանակման ժամանակ: Ի վերջո՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը բաժին ընկավ Կարեն Կարապետյանի վստահելի անձանցից Վարդան Հարությունյանին:
Ու ահա Սերժ Սարգսյանը ՊԵԿ-ի նախկին նախագահ և նախկինում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին կրկին նշանակել է վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում: Հիշեցնենք՝ Հ. Հովսեփյանն այդ նույն պաշտոնը զբաղեցրել էր՝ 2008-2016 թթ-ին,իսկ անցած գարնանը Ս. Սարգսյանը նրան ազատեց այլ պաշտոնի՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու համար: Բայց ՊԵԿ նախագահի պաշտոնը Հովհաննես Հովսեփյանը զբաղեցրեց ընդամենը կես տարի:
Մինչ այս նշանակումը Հովհաննես Հովսեփյանն «անգործ»էր: ՀՀԿ ղեկավարը նրան էր վստահել ԱԺ-ի նախընտրական գործընթացները: Մասնավորապես, նա վերահսկել է վարկանիշային թեկնածուներին, որպեսզի որևէ մեկը մյուսից չփորձի ձայն հափշտակել:
Այս նշանակումը հետաքրքիր է այնքանով, որ կառավարությունը, նոր Սահմանադրությամբ ունենալով մեծ լիազորություններ, «միայնակ»չի մնում. նախագահական ապարատը հսկելու է կառավարության գործունեությունը: Առավելևս, Հովհաննես Հովսեփյանը ղեկավարել է ՊԵԿ-ը. ասել է թե՝ քաջատեղակ է համակարգի բոլոր նրբություններին՝ ներառյալ ներքին «խոհանոցը»: Դե, իսկ ՊԵԿ-ից դեռևս կան դժգոհություններ:
Հուսանք՝ Հովհաննես Հովսեփյան-Վարդան Հարությունյան տանդեմը, համակարգի համար շահեկան հակակշիռ կդառնան՝ վերահսկողության միջոցով փոխլրացնելով միմյանց. ոչ թե քաղաքական «պատժիչ» նպատակներով , այլ պատկան կառույցները կատարելագործելու համար: